Հայաստանի խնդիրն այսօր չեզոք մնալն է․ Հակոբ Բադալյան

Հայաստանի խնդիրն այսօր չեզոք մնալն է․ Հակոբ Բադալյան

Ռուս-ուկրաինական պատերազմի 7-րդ օրն է, և այն չի ավարտվում եւ չի հանդարտվում։ Հակառակը՝ ավելի վտանգավոր և ծավալուն է դարձել՝  իր վրա բևեռելով ողջ աշխարհի ուշադրությունը։

«Պարզ է, որ հակամարտությունը ոչ միայն Ռուսաստան-Ուկրաինա տիրույթում է, այլ ընդհանրապես Ռուսաստան-Արևմուտք, կամ ավելի շուտ Ռուսաստան-ԱՄՆ։ Եվ մենք, տեսանք, որ այդ ամեն ինչի ծավալումը սկսվեց անվտանգության երաշխիքների վերաբերյալ Միացյալ նահանգներին ներկայացված պայմաններից, որոնք մերժվեցին և այդ զարգացումներն, ի վերջո, հանգեցրին Ուկրաինայի շուրջ պատերազմին։ Այս պատերազմը մեծ հաշվով դարձել է այդ հարաբերությունների պարզաբանման գործիք։ Իրավիճակի գնահատականը սա է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը: Թե որքանով կազդի Հայաստանի վրա ռուս-ուկրաինական պատերազմը, և ինչու՞ Հայաստանն իր դիրքորոշումը չի հնչեցնում բարձր ամբիոններից, քաղաքագետն ասաց․

«Հայաստանը պետք է փորձի հնարավորինս չեզոք մնալ այս իրավիճակում, որովհետև  մի կողմից հասկանալի է, որ Ռուսաստանն է` մեզ համար կարևոր նշանակություն և  դերակատարում ունեցող երկիր, և մյուս կողմից նաև՝ Արևմտյան աշխարհն է, դարձյալ մեզ համար կարևոր հարցերում, այդ թվում նաև  անվտանգության հարցերում կարևոր նշանակություն ունեցող բևեռ։ Եվ Հայաստանը ոչ միայն այս դեպքում, այլ ընդհանրապես պետք է խուսափի հայտնվել երկու բևեռների դիմակայության միջև, առավելագույնս և որքան կարող է։ Հետևաբար ես կարծում եմ, որ Հայաստանի խնդիրը չեզոք մնալն է։ Վերջերս, Հայաստանը հայտարարեց, որ հետևում է ուկրաինական իրադարձություններին և ակնկալում, որ հանգուցալուծումը կլինի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Ես չեմ կարծում, որ Հայաստանին պետք է սրանից ավելի դիրքորոշում արտահայտել»։