Վերին Շորժայի ղեկավարը կթվորուհու ձեռքից վերցրել է «Կարմիր Խաչի» տված գումարը եւ չի վերադարձնում 

Վերին Շորժայի ղեկավարը կթվորուհու ձեռքից վերցրել է «Կարմիր Խաչի» տված գումարը եւ չի վերադարձնում 

Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեկ տարի առաջ իր ֆերմայի աշխատակից Ալվարդ Սիրականյանին Կարմիր Խաչի կողմից տրամադրած գումարը ձեռքից վերցրել է եւ ետ չի վերադարձնում։ Այս մասին «Հրապարակ»-ին ահազանգել է Երանոսյանի անասնագոմում որպես կթվորուհի աշխատող տիկին Ալվարդը։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Ինձ «Կարմիր Խաչը» օգնություն տրամադրեց, որ հիվանդանոց գնայի։ «Կարմիր Խաչը» ինձ 200 հազար դրամ գումար տրամադրեց, գնացի բանկից ստացա, խաբեց, ձեռքիցս վերցրեց, չի տալիս։ Արդեն 1 տարի ա ես ընկել եմ իր հետեւից, որ էդ գումարը տա, խաբում, չի տալիս։ Ասում ա՝ էսօր-էգուց, ձեռս փող չկա, կտամ»։

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ վարչական ղեկավարին պատկանող 14 կովը կթում է ամսական 40 հազար դրամով՝ օրը 2 անգամ։

Ադրբեջանցիների կրակոցից որոշ ժամանակ առաջ տիկին Ալվարդը ուսի շրջանում վնասվածք է ստացել, նշում է՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում բժշկական օգնություն է ստացել, հիմա վնասված տեղը ապաքինվել է․ «Տարան հիվանդանոց, ասկոլկեն հանել են, դզվել եմ արդեն»։

Մենք կապ հաստատեցինք Արտյոմ Երանոսյանի հետ, որը, սկզբում լսելով հարցը ագրեսիվ կերպով արձագանքեց․ «Էդ ո՞վ ա Ձեզ ասել, նման բան ո՞նց կարա լինի։ Ոչ, նման բան չկա, նա ինքը կզանգի Ձեզ հետ կխոսի»։
Վարչական ղեկավարը նաեւ հերքեց կնոջ խոսքերը, թե որոշ ժամանակ առաջ վնասվածք է ստացել։