Օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանի բացած Մարալիկի գործարանը դեռ արտադրանք չի տալիս 

Օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանի բացած Մարալիկի գործարանը դեռ արտադրանք չի տալիս 

Օգոստոսի 10-ին Շիրակի Մարալիկ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը։ Վարչապետը, ներդրող
Վարդան Սրմաքեշը իրենց ձեռքով ստուգեցին բամբակյա մանվածքը, իսկ վարչապետի հետ գործարան գնացած լրագրողները լավատեսական ռեպորտաժներ պատրաստեցին 13 մլն․ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին։ «30 տարի անց Մարալիկի գործարանը ժամանակակից տեխնիկայով համալրված ու կազմ պատրաստ՝ արտադրության ծավալները բազմապատկելուն»,-այս ոճով հավաստիացումներ էին հնչում Մարալիկից, իսկ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ Մարալիկի գործարանը համակարգաստեղծ նշանակության գործարան է, որի շուրջ կարող են առաջանալ փոքր արտադրություններ։ Որպես արտահանման  հիմնական շուկաներն էլ նշվում են Հայաստանը եւ Ռուսաստանը։ Ի դեպ, բացմանը ներկա էր նաև Սամվել Ալեքսանյանը, որը հարցին, թե ինչ կարգավիճակով է եկել, ասաց․«Դե, մենք էլ տեքստիլի արտադրություն ունենք, դրա համար որպես կոլեգաներ հրավիրված ենք»։

Ինչպես հայտնի է ՝ ծրագիրը պետք է ավարտին հասցվի առաջիկա մեկ տարում։ Առաջին փուլով նախատեսել էին ունենալ մինչեւ 120 աշխատակից գործարանի բացման պահին 41 վերապատրաստված աշխատակցի փոխարեն, նշվում էր, որ  առկա են թափուր աշխատատեղեր։ Ըստ խոստումների՝ առաջին փուլում ամսական թողարկվելու էր տեքստիլ արտադրության մեջ կիրառվող 380 տոննա թել։ 

Սակայն Մարալիկից տեղեկություն ստացանք, որ հանդիսավոր բացումից հետո գործարանը դեռ չի աշխատում և այս պահին խոսք չկա գործարանում դեռ առաջին իսկ փուլում նախատեսված 120 աշխատեղերի բացման մասին։ Նույնը, ըստ էության,  մեզ հետ զրույցում հաստատեց գործարանի տնօրեն Գեւորգ Գասպարյանն, ասելով, որ ինչպես 40 աշխատող ունեին, այնպես էլ 40-նն են հիմա աշխատում։

«Փորձնական փուլում ենք մենք, մեր համար նմուշներ ենք հանում»։ Ավելի կոնկրետ՝ գործարանում միայն բամբակի մանվածք են արտադրում, այն էլ՝ փորձանական։ Իսկ պատրաստի արտադրանք չեն արտադրում եւ անգամ սարքավորումները դեռ Հայաստան չեն մտել։ Երբ կգան՝ տնօրենը շատ անորոշ ասաց․«Մի ամսից երևի»։ Դրանք պետք է գան Չինաստանից։ Հարցին, թե հաստատված ժամանակացույցից հե՞տ են մնացել, ընկերության տնօրենը հաստատական պատասխան տվեց։
«Որովհետև մեր ապրանքի տեսականին շատ մեծ է, ռուսական, հայկական շուկա, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ուզում։ Հիմա որպեսզի մեր արտադրությունը հարմարեցնենք էդ բոլորի համար, մեզ նորից լրացուցիչ բաներ են պետք։ Բայց հիմա մեզի համար շատ հանգիստ կաշխատինք>։
Հարցրեցինք նաև, թե հնարավոր չէ՞ր այդ մարքեթինգը անել նախօրոք, տնօրենն ասաց․«Մենք արել ենք, բայց մարդիկ տեսնին գը, որ նոր արտադրանքը նոր հարցեր է առաջացրել»։