Փաշինյանի Tik-Tok-յան հայտարարությունները հերթական զիջման մասի՞ն են զգուշացնում
Նիկոլ Փաշինյանը «տեղափոխվել» է չինական Tik-Tok հավելված և այնտեղ է սկսել տեսանյութեր հրապարակել։ 2020 թվականի պատերազմից հետո մենք հասցրել ենք ֆիքսել մի բան, Փաշինյանի ցանկացած հայտարարություն վերածվում է գույժի՝ մոտակա ապագայում։ Հետևաբար չի կարելի աչքաթող անել այսօրվա հայտարարությունները։
Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքացիությունը կապված է տարածքի հետ: «Եթե կա տարածք, ապա կա քաղաքացիություն, չկա տարածք` չկա քաղաքացիություն: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը: Իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում»,-ասում է նա եւ Tik-Tok-ում խոսում է Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մեր ինքնիշխան իրավունքների ու պարտականությունների տարածքի վերաբերյալ պատկերացումների՝ կոնկրետությունից զրկված լինելու մասին։
Նման հայտարարությունները, մտավարժանքներն առկա են տարբեր միջազգային հարաբերությունների դպրոցների մոտեցումներում, «Հրապարակի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի տիկտոկյան հայտարարություններին։
«Վստահ չեմ, ինքը գիտի այդ դպրոցների մասին, թե` չգիտի, որովհետև որոշ թեզեր ռեալիզմի դպրոցից են, որոշ թեզեր` լիբերալիզմի դպրոցից են, մի թեզը կոնստրուկտիվիզմի դպրոցից է և այլն։ Ու դա ինչ-որ բորշչ է դառնում, ես չգիտեմ ինչպես բացատրել նրա հայտարարությունը։ Երբ խոսք է գնում իրավունքի և տարածքի մասին, նշանակում է, որ, օրինակ, Ուկրաինայի այն տարածքը, որը գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ, ու այդ տարածքում կան մարդիկ, ովքեր Ուկրաինայի քաղաքացի են, ուրեմն իրենք էլ մարդ չեն, կամ իրենք դրանով այլևս չեն համարվում Ուկրաինայի քաղաքացի։ Կամ` մեր դեպքում ասում է, քանի որ Արցախում արցախցի չկա, ուրեմն մերը չի՝ դա ամբողջովին կոնստրուկտիվիզմից է։ Օրինակ՝ Նախիջանի մոտ գտնվող Հորադիզում գրեթե մարդ չի ապրում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք պիտի թշնամուն հանձենք այդ տարածքը, թե՞ ոնց։ Ուրբանիզացիայի միտումներ կան բոլոր պետություններում, հիմա հանձնել են տարածքներ, որտեղ մարդ չի ապրում՝ դրանում տրամաբանություն չկա ու կարող ենք չէ՞ մտածել, որ պարզապես թշնամու օրակարգի սպասարկում է»,-ասաց վերլուծաբանը։
Նա կարծում է, որ ադրբեջանական և թուրքական թեզ է` եթե դուք Արցախում չեք ապրում, ուրեմն այն ձերը չի։ Մելքոնյանը նշում է, որ Վայոց Ձորում հիմա քիչ մարդ է ապրում, նշանակո՞ւմ է, որ Վայոց Ձորը պետք է թուրքերին տալ։ «Ինչ-որ վինեգրետ են սարքել, որը փորձում են փաթեթավորել ու դրանով արդարացնել հետագա զիջումները։ Բոլոր արդարացման կետերը վերցնում են տարբեր համակարգված միջազգային հարաբերությունների դպրոցներից։ Որը իրենց ձեռնտու է, տարբեր դպրոցներից տարբեր հատվածներից դա վերցնում են, բայց դրանք իրար նաև հակասում են, որովհետև այնտեղ տրամաբանությունն է ուրիշ է»,-ասաց Մելքոնյանը։ Մտահոգիչ չէ՞ արդյոք նաև Փաշինյանի կողմից Երկիր մոլորակը որպես մեր բոլորի տուն հիշատակելը, արդյոք դրանով չի՞ ակնարկում պետության լուծարման մասին: Մելքոնյանը կարծում է, որ դա քաղաքական նեոլիբերալիզմի մոտեցում է։ Եւ դա մեկնաբանվում է այսպես՝ պետություններ չպետք է լինեն, պիտի լինի ինչ-որ մի վերպետական միջազգային մարմին, որը կղեկավարի բոլոր գործընթացներն աշխարհում։ Իսկ գետնի վրա կլինեն քաղաքացիական հասարակություններ․ սա նեոլիբերալիզմի գագաթնակետն է՝ պետություն չկա, պետության գաղափարը նվազեցված է, կա վերպետական մարմին և ինչ-որ քաղաքացիական հասարակություն։
«Իբր թե աշխարհը գնում է այդ ուղղությամբ...պետությունն այդքան էլ կարևոր բան չի, պետք է իր դերը սահմանափակել, որովհետև ըստ լիբերալիզմի՝ պետությունների խնդիրները չեն թողնում միջազգային անվտանգություն ապահովել և այլն, դրա համար եմ ասում՝ այդ բոլոր թեզերը դրանք մի խառնուրդ են, որը չես կարող նույնիսկ մեկնաբանել։ Փաշինյանի բոլոր թեզերը փորձում են արդարացնել նոր հարվածները պետության դեմ, պետականության դեմ և մեր անվտանգության, ինքիշխանության դեմ»,-ասաց քաղաքական վերլուծաբանը։ Անդրադառնալով Փաշինյանի՝ մեր տարածքների կոնկրետությունից զուրկ լինելու մասին հայտարարությանը, վերջինս շեշտում է, որ մեր պատկերացումները միշտ կոնկրետ են եղել։ «Կա երկու հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։ Բոլորի սահմանները հստակ էին, բանակցությունը գնում էր Արցախի Հանրապետության կարգավիճակի մասով և բանակցային փուլում որոշ տարածքների մասին էին խոսում, բայց բոլորն ամեն ինչ ընդունում էին։ Երբ որ ասում է` եթե պետությունը չունի հստակ սահման, ուրեմն այդ պետությունը չկա. ոչ մի տեղ այդպիսի բան չկա, ոչ մի տեղ այդպիսի մոտեցում չկա՝ դա միֆ է։ Ի՞նչ է` եթե Վրաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա չի անցել, նշանակում, որ Վրաստան պետություն չկա՞։ Կամ Թուրքիան, որ օկուպացրել է Կիպրոսի մի մասը, Սիրիայի մի մասը, Իրաքում միշտ օպերացիաներ է անցկացնում, և այլն՝ դա ինչի՞ մասին է խոսքը»,-հարցադրում արեց վերջինս։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հիշատակած պարտականություններին և իրավունքներին, Թոմաս Հոփսի կամ Ջոն Լոքի տեսանկյունից պետությունը քաղաքացիական պայմանագիր է, որով հասարակության ներսում պայմանավորվածությամբ կարգուկանոն է ստեղծվում և անվտանգությունն է ապահովվում, իսկ Լոկի դեմքում քաղաքացիները միմյանց հետ պայմանավորվում են ու ստեղծում պետական ինստիտուտի համակարգեր։
Ամփոփելով Փաշինյանի հայտարարությունը, Մելքոնյանն ասաց, որ դա հասարակական կարծիքի ձևավորման փորձ է, որ մենք իբր ապրում ենք ինչ-որ միֆերով, որ Արցախը միֆային էր ու մերը չէր, մենք պիտի ընդունենք թշնամու պարտադրած օրակարգը, որպեսզի դիմացը ստանանք խոստումներ, որ ինքը մեզ ոչինչ չի անի։ «Հասարակության կարծիքը ձևավորել նոր, միակողմանի զիջումների համար առանց որևէ փաստաթղթի ստորագրման, որովհետև բոլորը գիտեն, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու։ Հասարակությունն արդեն հարց է տալիս. լավ, նորից զիջեցինք, թղթի վրա գրված ինչ-որ երաշխիքներ կունենանք, թե ոչ, իհարկե, չենք ունենա։ Այս թեզերը հակափիլիսոփայական, հակատրամաբանական են, նրանք դրանցով փորձում են արդարացնել նոր կորուստները։ Սկզբում դա պոպուլիստական ձևով էր, որ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի, հիմա արդեն այսպես վերևից փորձում են ինչ-որ մի բան բացատրել։ Ես սա այսպես եմ հասկանում, որ եթե մենք չհասկանանք, թե որոնք են մեր սահմանները, իսկ ես գիտեմ իմ պետության սահմանները, ապա թշնամին ինքն է որոշելու, թե որտեղ են մեր սահմանները։ Այն, ինչ Անկարայից ու Բաքվից հայտարարվում է՝ նույն ձևով փաթեթավորվում է այստեղ»,-եզրափակեց քաղաքագետը։
Կարծիքներ