50-60 տարեկանում էլ կարելի է նոր մտածողություն ունենալ

50-60 տարեկանում էլ կարելի է նոր մտածողություն ունենալ

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին հարցրինք․ «Դուք  քաղաքական սերնդափոխության կողմնակից եք։ Չե՞ք կարծում, որ հասարակության տրամադրությունների մեջ հիասթափություն կա նաեւ նոր գործիչներից, որոնց առաջարկած նորը ոչ մի լավ բան չտվեց, կյանքը ցույց տվեց, որ կյանքի փորձ չունեցող մարդիկ Հայաստանի նման երկրում չեն կարողանում այս բարդագույն խնդիրները լուծել՝ ապաշնորհության, անփորձության պատճառով։ Եվ    ովքեր կատաղի մերժում էին անցյալը, այսօր սկսել են նախընտրել փորձառու քաղաքական գործիչներին»։

Նա ասաց․ «Նախկին, ներկա, սեւ, սպիտակ՝ ես չեմ դատում տարիքով, դատում եմ մտածողությամբ։ Եվ կյանքը ցույց տվեց, որ ՔՊ-ի մեծամասնության դիրքորոշումն առանձնապես ոչ մի բանով չի տարբերվում իրենց ասած՝ նախկինների մտածողությունից, եթե մեծամասնությամբ են որոշում կայացնում, ոչ թե անձի պարտադրանքով։ Էդ առումով ինձ համար տարբերություն չկա։ Երբ ասում եմ, որ պետք է սերնդափոխություն լինի, ոչ թե նկատի ունեմ, որ հիմա էլ գալու են 15 տարեկանները, այլ որ պետք է մտածողություն փոխվի, որովհետեւ մեր կուսակցությունում մարդիկ կան՝ 50-60 տարեկան, որոնք նոր մտածողություն ունեն։ Իրենք մերժել են նախկիններին եւ ուզում են նոր Հայաստան։ Ոչ թե նոր Հայաստան, այլ պետություն են ուզում ստեղծել։ Որովհետեւ, ըստ էության, 80- 90-ականների քաղաքական գործիչները նոր պետություն չեն ստեղծել։ Վիճելի է շատ՝ պետություն ստեղծելու քայլեր արե՞լ են, թե՞ ոչ։ Եթե արել են, ձախողել են։ Եվ դրա հետեւանքը պարտությունն է, որի մասին էսօր շատ է խոսվում։ Էդ մտածողությունն է, որ պետք է փոխվի»։