Նրան բնութագրելու համար, հիշեցի տարիներ առաջ գրածս տողը. Վահան Իշխանյան

Նրան բնութագրելու համար, հիշեցի տարիներ առաջ գրածս տողը. Վահան Իշխանյան

Առավոտյան տխուր լուր՝ Արմեն Շեկոյանը գնաց։ Նրան բնութագրելու համար հիշեցի տարիներ առաջ գրածս տողը, որ Շեկոյանը իր «Երևան հյուրանոց» պոեմով եղբայրացնում է բոլորին` իր սիրո մեջ։ «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» գրախոսությունը լույս էր տեսել 2003֊ին, ահա «Երևան հյուրանոց»֊ին նվիրված հատվածը.
Ամենամեծ անտիպոեզիան է «Երեւան հյուրանոց» պոեմը, որտեղ 846 մարդու անուն կա։ Այստեղ թվարկված բոլոր մարդկանց առանձնահատկությունը այն է, որ «ինձ գիտեն», այսինքն՝ հեղինակին ճանաչում են։

«Հայկական ժամանակ» թերթի 2 էջերում տպվելուց հետո, պոեմի հերոսներից մեկը Արմեն Շեկոյանին պատիվ է տվել, որ իրեն մտցրել է գրականություն։ Մի գրող նեղացել է, որ իր անունը չի գրել պոեմի մեջ, որին Շեկոյանը պատասխանել է. «Դու էլ իմ անունը չես գրել քո բանաստեղծություններում»։ Թերթը ձեռքից ձեռք էր անցնում, ուր ամեն մեկը, նաեւ գրական շրջանակների ներկայացուցիչները, փնտրում էին իրենց անունները, իսկ գտնելուց հետո փորձում գուշակել, թե մյուսներն ովքեր են: Նույնիսկ եթե ընթերցողը շատերին չի ճանաչում, միեւնույն է, պոեմը հետաքրքրությամբ ընթերցում է, քանի որ այդ անուններն այնքան բնորոշ են Երեւանին, որ քաղաքի անձնանունային խճանկար են ստեղծում. ընթերցողը նույն անունը կրող մի ուրիշին կարող է պատկերացնել։ Կամ նրանցից մեկին բնորոշում է մի հատկությամբ, որ ընթերցողին ծանոթ այլ մարդկանց կսազեր։ Օրինակ, «գիտեն Գովոն ու դուբլ Հերոսը,/ որ Հովիվյանից սիրուն էր խաղում,/ բայց ալրաղացում ալյուր է մաղում» (Հովիվյանը՝ 60-70 ականների ֆուտբոլի աստղ)։ Դուբլ Հերոսին չճանաչող ընթերցողը նրա փոխարեն կարող է հիշել իր թաղում վիրտուոզ ֆուտբոլ խաղացող մեկին, որ այժմ կամ հարբեցող է, կամ շուկայում կարտոլ է վաճառում։

Պոեմում Շեկոյանին ճանաչելու շնորհիվ հավասարվել են «հաջողակներն ու ձախորդները», «վարի ու վերի էլիտան»: Իրար կողքի են հայտնվել «Զակոննի Յուրան,/ որի նագոլկեքն ու որի դուռան/ թանգարան էին բաց երկնքի տակ» ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, Եվտուշենկոն` պոետ Ժենիկը (ռուս հայտնի բանաստեղծ), Պլանքյաշ Կոշտն ու Դամքյաշ Բենիկը, «շոֆեր Գարեն՝ դքի մարգարեն» ու «Ավանի Ռուբոն,/ որ խոստացել է տպել էս գիրքը» (գրքի հովանավոր գործարար Ռուբեն Հայրապետյանը) եւ այլք։ Հեղափոխությունների լոզունգները` ազատություն, եղբայրություն, հավասարություն, որ կյանքում չեն իրականացել, իրականանում են «Երեւան հյուրանոցում»։ Այս բոլոր մարդիկ իրենց թշնամանքներով, կրոնական, քաղաքական, սոցիալական հակասություններով միայն մի պահ` պոեմը ընթերցելիս` հաշտվել են ու հավասարվել, Շեկոյանի սիրո մեջ եղբայրացել. «Կսիրեմ Ձեզ ու Կյանքն այս, / քանի դեռ նախագահը չի դրել վետոն»։

Վահան Իշխանյան