«Հրապարակ». Իշխանությունը նոր «սրտի ՀԿ»-ներ ունի

«Հրապարակ». Իշխանությունը նոր «սրտի ՀԿ»-ներ ունի

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականի փետրվարի 27-ին 34 մլն 534 հազար 867 դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Դեմոկրատիան՝ այսօր» հասարակական կազմակերպությանը։ Հիշեցնենք, որ այս ՀԿ-ին «Հրապարակը» վերջերս անդրադարձել էր․ ղեկավարը Գյուլնարա Շահինյանն է, նա, պաշտպանության նախարարության հետ համատեղ, զինծառայողներին «խաղաղությանը պատրաստելու» առաքելությունն է ստանձնել եւ «Կանայք՝ հանուն խաղաղության» թեմայով դասախոսություններ է կարդում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների համար, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար, իսկ վերջին դասախոսությունն էլ «Իբիս» հյուրանոցում՝ կրկին նույն թեմայով, կին զինծառայողների ու սահմանամերձ բնակավայրերի կանանց համար էր։
Պարզվում է նաեւ, որ այս ՀԿ-ն միայն պաշտպանության նախարարության հետ չէ, որ սերտ համագործակցության մեջ է․ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված 34.5 մլն դրամ դրամաշնորհն այս ՀԿ-ին տրամադրվել է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին, հավանական զոհերին, սեռական բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու համար։ Գնման պայմանագրում նշվում է, որ ՀԿ-ն այդ գումարով պետք է կացարան վարձի ու նշված կատեգորիայի անձանց խնամքն իրականացնի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում խնդրեցինք, թե այդ կացարանում նշված կատեգորիաների քանի անձ է բնակվում, այսինքն՝ սեռական բռնության, թրաֆիքինգի քանի զոհ, քանի հավանական զոհ ու հատուկ կատեգորիայի զոհ կա այդ կացարանում, որոնք ՀԿ-ի հոգածության ներքո են։ Նկատի ունեինք, որ այս ՀԿ-ին բավականին մեծ գումար է փոխանցվել, եւ ենթադրվում է, որ մեծ թվով անձանց խնամքի համար է այն նախատեսված։

Սակայն պարզվում է, որ խոսքն ընդամենը 11 հոգու մասին է։ ««Դեմոկրատիան՝ այսօր» հասարակական կազմակերպության եւ ՊՆ-ի միջեւ 2023 թվականի փետրվարի 27-ին կնքվել է պայմանագիր, որով նախատեսված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրել «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց, նույնացման եւ աջակցության» մասին ՀՀ օրենքով նախատեսված ծառայությունները։ 2023 թվականին նախատեսվել է ամսական ծառայություններ մատուցել թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված 11 անձի։ 2023 թվականի փետրվարի դրությամբ՝ օրենքով նախատեսված ծառայության տեսակներից միայն կացարանի ծառայություն տրամադրվել է հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված 1 անձի (վերջինս ենթարկվել է սեռական շահագործման)»,- մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են նախարարությունից։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե որ թվականից  է «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ին վստահվել շահագործման ու թրաֆիքինգի ենթարկված անձանց խնամքը։  Պարզվում է, որ այս ՀԿ-ն գրանտներ է ստանում դեռ 2020 թվականից։ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, «Թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» միջոցառման իրականացման նպատակով, յուրաքանչյուր տարի հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի ամփոփման արդյունքում «Դեմոկրատիան՝ այսօր» հասարակական կազմակերպությունը հաղթող է ճանաչվել՝ սկսած 2020 թվականից։ 2020 թվականին միջոցառման իրականացման համար կազմակերպությանը հատկացվել է  40,210.1 հազ․ դրամ, 2021 թվականին՝ 36,859.2 հազ․ դրամ եւ 2022 թվականին՝ 36,104.6 հազ․ դրամ»,- պատասխանել են նախարարությունից։

Մինչեւ 2020 թվականը կացարանը վարձակալել է «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամը։ Նախարարությանը հարցրել էինք նաեւ, թե արդյոք մինչեւ 2020 թվականը այն բոլոր գործառույթները, որոնք դրամաշնորհի դիմաց պիտի իրականացնի «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ն, իրականացրել է «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամը, եթե այո, ապա ի՞նչ միջոցներով, նախարարությունն այս հիմնադրամին երբեւէ դրամաշնորհ տվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ չափի։

Պարզվում է, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամն աշխատել է համաֆինանսավորմամբ, այսինքն՝ պետական բյուջեից հիմնադրամին տրվել է 2 անգամ պակաս գումար, քան տրվում է «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ին։
«Ծառայությունների մատուցման գործընթացը 2019 թվականին իրականացվել է «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության կողմից, մինչեւ 2019 թվականը՝ «Ամքոր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ պետության համաֆինանսավորմամբ։ 2018 թվականին «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամին հատկացվել է 19, 068.6 հազ․ դրամ»,- պատասխանել են նախարարությունից։
Նշենք նաեւ, որ 2023 թվականին հայտարարված դրամաշնորհային մրցույթին եւս 2 կազմակերպություն է մասնակցել՝ «Մեր տուն» սոցիալական ՀԿ-ն եւ «Խաչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն» հիմնադրամը, սակայն կրկին հաղթել է Գյուլնարա Շահինյանի ղեկավարած ՀԿ-ն։