Ինչու է լռում Նիկոլ Փաշինյանը

Ինչու է լռում Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժգոհությունը երկու օր է՝ խլացել է նախկինների եւ ներկաների փոխհրաձգությունների ներքո։ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուց՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանից հետո շաբաթ օրը հերթը հասել էր Միքայել Մինասյանին։ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակեց «Ստի վերջը» խորագրով տեսաշարի առաջին մասը՝ կրկին մեղադրանքներ հասցեագրելով Նիկոլ Փաշինյանին։ Մինասյանը հայտնեց, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ 2019թ․ Հռոմում հանդիպում է կայացել, եւ այդ հանդիպման ընթացքում Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե նա որոշակի գումար վճարի ինչ-որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումներն իր եւ հարազատների նկատմամբ կդադարեցվեն, եւ նա կկարողանա հանգիստ ապրել Հայաստանի սահմաններից դուրս։

Մինասյանը, ով մերժել է Փաշինյանի առաջարկը, պատմում էր․ «Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետեւ ինձ չէի կարող ներել եւ չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքն այս վիճակում են: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել եւ համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան եւ, ցավոք սրտի, պետք է ավելացնեմ՝ պետության թշնամի»։

Չենք քննարկի հայտարարության լիրիկական մասը, այդուհանդերձ, հայտարարությունն ինքնին մի շարք հարցադրումների տեղիք է տալիս, հատկապես, որ երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում Մինասյանին, իսկ նրա խոսնակ Մանե Գեւորգյանն էլ փոխանցում է, որ անհրաժեշտության դեպքում կլինի արձագանք։ Մասնավորապես, ի՞նչ իրավական հիմքերով է Փաշինյանը նման քայլի դիմել, քանի՞ անգամ է նման առաջարկներ արել եւ քանի՞ հոգու, գումարներ ստացե՞լ է, թե՞ ոչ, ո՞ւր են ուղղվել այդ գումարները եւ այլն։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 5-ին Արթուր Վանեցյանն ի պատասխան իշխանականների մեղադրանքներին, թե ինքը Մինասյանի ընկերն է, հայտարարեց, որ չի ճանաչում նրան եւ որ կյանքում մեկ անգամ է տեսել Մինասյանին, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ»։

Վանեցյանի այս հայտարարությունը, սակայն, մնաց չպարզաբանված, Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ էլ չարձագանքեց դրան։ Չի արձագանքում նաեւ Մինասյանի մեղադրանքներին։ Կարեւոր հարցադրումներին պատասխաններ եւ պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, հրահանգել է իշխանության ներկայացուցիչներին եւ իր պրոպագանդիստներին՝ արձագանքել Մինասյանին, նրան անխնա պատերին ծեփելով։ Միքայել Մինասյանի լայվից կարճ ժամանակ անց համացանցում սկսվեց իշխանականների գրոհը նրա նկատմամբ։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ լծվել էին գրառումներ կատարելու գործին՝ պատգամավորից քաղաքագետներ, ֆեյքերից մինչեւ Հանրային խորհրդի նախագահ․ ի դեպ, վերջինս ռեկորդակիր է, մարդիկ հաշվել էին, որ այս թեմայով 22 գրառում է արել։
Այդ գրառումների ստեղծագործական հատվածը մի կողմ դնելով՝ անդրադառնանք «գործնական» առաջարկներին։

Ոմանք ոչ միայն հակադարձեցին Սերժ Սարգսյանի փեսային, այլեւ գործ հարուցելու եւ մասնավորապես՝ Վանեցյանին պատասխանատվության ենթարկելու պահանջներ ներկայացրին՝ պաշտոնական լիազորությունները գերազանցելու հոդվածով։ Առաջիններից մեկն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն էր, պատգամավորներ, մասնավորապես՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը, ով օրենքից անգամ հղումներ տեղադրեց իր էջում։ Մինչդեռ, իրավաբանների կարծիքով, եթե պարզվի, որ Փաշինյանն իսկապես նման հանձնարարական է տվել, ապա կպատժվի թե՛ Վանեցյանը, թե՛ ինքը։

ԲՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գեւորգ Պետրոսյանը հիշեցնում է, որ միայն անձի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցել հնարավոր չէ։ «Քրեական գործի հարուցման առիթն ու հիմքը շատերը միմյանցից չեն տարբերում։ Դա բացառապես իրավապահ մարմինների տիրույթում գտնվող խնդիր է։ Նման հայտարարություններով շատ անգամ խախտվում է անմեղության կանխավարկածը։ Ես չեմ ասում, որ Միքայել Մինասյանը ստում է, բայց չեմ էլ կարող ասել, որ ճիշտ է ասում, մոլորակի վրա երեք մարդ կա, ովքեր պետք է պատասխանեն այդ հարցերին՝ մեկը, ով իբրեւ թե, ըստ Մինասյանի, հանձնարարել է Վանեցյանին, Վանեցյանը, ով, ըստ Մինասյանի, իբրեւ թե հանդես է եկել, եւ Մինասյանը․․․»,- ասաց Պետրոսյանը։

Եթե հաշվի առնենք, որ նրանցից երկուսը խոսել են այդ մասին, մնում է Փաշինյանը։ Պետրոսյանի խոսքով՝ եթե պարզվի, որ իսկապես Փաշինյանն է հանձնարարել, ապա մի հոգի չէ, որ պետք է պատասխանատվություն կրի․ «Ես, իհարկե, գուշակություններ անել չեմ սիրում, բայց եթե վարչապետը խոստովանեց, որ ինքը նման առաքելությամբ ԱԱԾ տնօրենին օգտագործել է, ապա սա հակասում է Սահմանադրությանը, որը նրան նման իրավունք չի վերապահում»։

Իսկ հնարավո՞ր է վարչապետը չխոստովանի, որ հանձնարարել է, եւ արանքում գործը «կոտրեն» Վանեցյանի գլխին։ «Իրավապահները ղեկավարվում են նաեւ օպերատիվ հետախուզության մասին օրենքով, եթե իսկապես կա շահագրգռվածություն այդ հայտարարությունների հետքերով գնալու, իրենք շատ լավ գիտեն՝ ինչպիսի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, որպեսզի որեւէ մեկի խոստովանությունից կամ ինքնախոստովանությունից կարողանան բավարար հիմքեր ստեղծել, եթե կան այդպիսիք, քրեական հետապնդում իրականացնելու համար»։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հարցին՝ վարչապետը որեւէ քայլեր ձեռնարկելո՞ւ է այս ուղղությամբ․ երկու օր է՝ իր թիմը ԱԱԾ նախկին տնօրենի պատասխանատվության հարց է բարձրացնում, այսպես արձագանքեց․ «Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում մեկնաբանելու»: 

Դատախազությունից էլ հայտնեցին, որ Մինասյանի հայտարարություններին ընթացք է տրվել, տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։

ՀԳ․ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ՝ օտարելու Ucom-ը։ «Վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաեւ մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանը։