Տենդերներին կոնկրետ ընկերությունների մասնակցությունը մոտ 80 տոկոսով նվազել է

Տենդերներին կոնկրետ ընկերությունների մասնակցությունը մոտ 80 տոկոսով նվազել է

Մենք գրել էինք, որ կառավարության մի ապիկար որոշման հետեւանքով Հայաստանում գրեթե պարալիզացվել է գնումների գործընթացը։ Պատճառը ոչ միայն կառավարության իբրեւ թե «հակակոռուպցիոն խստացումներն» են, որոնք անշնորհք ու անգրագետ ձեւով են տեղի ունենում, այլեւ հունվարից ուժի մեջ մտած մի որոշում, որով այս կամ այն մրցույթին մասնակցող կազմակերպություններին պարտադրվում է պայմանագրի արժեքի չափով բանկային երաշխիք ներկայացնել։ Եվ կառավարության այս որոշումը սկսել է հետ պահել շատ կազմակերպությունների՝ մասնակցել մրցույթների։ Արդյունքում պետական շատ տենդերներ, այդ թվում՝ կապիտալ շինարարության համար նախատեսված, սկսել են չկայանալ, ձախողվել։

Գնումների գործընթացի մասնագետ, ԵՊՀ դասախոս եւ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանը, որը գործի բերումով ամեն օր առնչվում է այս խնդիրների առաջ կանգնած կազմակերպությունների հետ, մեզ հետ զրույցում բացատրեց, թե որն է կառավարության այդ որոշման բուն էությունը։

«Ուրեմն, մինչեւ այս կարգավորումը, մասնակիցը, որ կնքում էր պայմանագիր, բերում էր պայմանագրի ապահովում։ Եթե գումարը 70 մլն դրամից բարձր էր, բերում էր բանկային երաշխիք, եթե ցածր էր, բերում էր տուժանք, որ եթե լավ չանի, ասենք, դրա տասը տոկոսն իրենից կգանձեն։ Սա փոխադարձ «ստրախովկա» էր, եւ դա նորմալ է։ Հիմա, երբ հոկտեմբերին այս փոփոխությունը մտցրին, սահմանեցին հետեւյալը՝ 10 մլն դրամից ավելի պայմանագիր կնքելու դեպքում դու արդեն ընկնում ես բանկային երաշխիքի տակ, որը, ի դեպ, 100 տոկոս չէ, այլ 110 տոկոս է, որից 10 տոկոսը պայմանագրի ապահովումն է, 100 տոկոսը՝ որակավորման ապահովումը»,-ասաց Հասմիկ Ենգոյանը՝ նշելով, որ մասնակիցը, մասնակցելով այս մրցույթին, հետո ընկնում է կրակը։ Օրինակ, եթե նախկինում կարող էր տասնյակ մրցույթների մասնակցել, հիմա, իր ողջ ունեցվածքը դնելով բանկում՝ որպես երաշխիք, հազիվ կարողանա մի քանի մրցույթի մասնակցել, որովհետեւ ռեսուրսի խնդիր է։ Գումարած դրան՝ բանկում որպես երաշխիք դրած գումարի համար պետք է նաեւ տվյալ բանկին սպասարկման տոկոս վճարի, եւ այսպես շարունակ։ 

- Հիմա կառավարության այս որոշումն իսկապե՞ս խոչընդոտում է, որ տնտեսվարողները մասնակցեն մրցույթների։

- Միանշանակ, խոչընդոտ է, եւ կոնկրետ ընկերությունների մասնակցությունը, եթե ուռճացված թվեր չասեմ, բայց մոտ 80 տոկոսով նվազել է, որովհետեւ անգամ ամենախոշոր ընկերությունները, որոնք ունեն բանկային երաշխիքներ վերցնելու, եթե, մանավանդ, մեծ մրցույթներ են, իրենք այդ բանկային երաշխիքը կարող են վերցնել ոչ թե հիսուն մրցույթի մասնակցելու համար, այլ ընդհանուր մասշտաբով նախորդ տարվա իրենց մասնակցությունների 20-30 տոկոսին մասնակցելու համար։ Պլյուս՝ կազդի նաեւ առաջարկվող գների վրա, որովհետեւ մրցակցությունը միշտ բերում է գների նվազեցման, իսկ հիմա մասնակիցները, քանի որ քիչ են մասնակցում, արդեն կառաջարկեն ավելի բարձր գին, որը պետությանը վնաս է, եւ գնի մեջ արդեն պիտի հաշվարկեն ոչ միայն իրենց փաստացի ծախսերը, այլ նաեւ բանկային երաշխիքի տոկոսը սպասարկելու գումարը։

- Ձեր կարծիքով՝ կառավարությունն ինչո՞ւ նման որոշման գնաց, արդյոք սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նշանակությո՞ւն ուներ, թե՞ հակառակ էֆեկտն է ունենալու։

- Ուրեմն, ես լսել եմ հիմնավորումը, թե ինչու են ընդունել այդ որոշումը, որ իբրեւ թե սա եղանակ է՝ ստիպելու, որպեսզի աշխատանքներն ավելի որակով կատարվեն, եւ մրցույթներն ավելի արդյունավետ իրականացվեն, եւ բացառեն հնարավորությունը՝ պետությանը վնաս պատճառելու։ Բայց ես էս ձեւակերպման հետ միանշանակ համաձայն չեմ, որովհետեւ մրցույթի ժամանակ, երբ որ, դիցուք, շինարարական ընկերության հետ կնքվում է մրցույթի պայմանագիր, եւ ընկերությունը, եթե վատ շինարարություն է անում, վերջում հանձնման-ընդունման ժամանակ պետությունն աշխատանքը չէր ընդունում եւ դրա դիմաց չէր վճարում, մի հատ էլ պայմանագրի ապահովման 10 տոկոսն էր քաշում՝ որպես տույժ-տուգանք։ Այսինքն՝ վատ գործ անող ընկերությունը զրկվում էր վատ աշխատանքը պետության վրա վաճառելու հնարավորությունից։ Ու դրանից պետությունը վնաս չէր կրում։ Իսկ հիմա շատ մեծ կոռուպցիոն ռիսկ է առաջացել, որովհետեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գցել են կախման մեջ պատվիրատուից, որովհետեւ եթե պատվիրատուն մի տող գրեց, թեկուզ ոչ հիմնավոր, որ վատ աշխատանք է արվել, իրենց ուզած ապրանքը չի բերվել, ստիպված մասնակիցը 110 տոկոս իր տված գնից պիտի վճարի պետությանը։ Իսկ մենք հասկանում ենք, թե մասնակիցն ինչի պատրաստ կլինի, որպեսզի էդ գումարը չվճարի։ 

- Բայց հիմա էլ կարծես հակառակն է տեղի ունենում՝ պատվիրատուն ինքն է կախման մեջ ընկնում տնտեսվարողներից, քանզի նրանք հրաժարվում են մասնակցել մրցույթներին, արդյունքում՝ պետք է, օրինակ, ասֆալտապատում իրականացվի՝ չի իրականացվում։ 

- Այո, հնարավոր է, ես ուղղակի ուզում էի Ձեզ ներկայացնել, որ երբ մրցույթը թեկուզ մի մասնակից տարել է, էդ խեղճ մասնակիցը ոտքով-գլխով դառնում է կախված պատվիրատուից եւ ապրում է մշտական վախի մեջ, ես Ձեզ հավատացնում եմ։ Դուք ասֆալտ եք ասում, բայց Դուք պատկերացրեք բժշկական սարքավորումների մատակարարումը՝ մարդը դրսից գնել բերել է մի 50 միլիոնի գույք, բերել հանձնում է բժշկական հաստատությանը, բայց ասում են՝ մեր ուզած սարքը չես բերել։ Մենք փորձաքննությամբ հետո ապացուցում ենք, որ իր ուզածն է, բայց Դուք տեսեք, թե ինչ հսկայական վնաս են հասցնում էդ ընկերությանը․ 50 մլն դրամի ապրանքը չեն ընդունել՝ էդ գումարն առանձին կորցրեց, գումարած՝ 55 մլն դրամ էլ բանկային երաշխիք են քաշում։ Ստացվում է՝ մի մրցույթից ընկերությունը 105 մլն դրամի կորուստ է ունենում։ Դրանից հետո էլ ո՞վ կմասնակցի էդ մրցույթին։