Հրեշավոր ծրագիր

Հրեշավոր ծրագիր

Հայկական ասացվածքն ասում է՝ «լեզուն ոսկոր չունի»: Իմաստն այն է, որ ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ թույլատրելի է, եթե դու չունես բարոյական զսպանակներ, կարմիր գծեր, չես վախենում քո խոսքով ավերածություններ անելուց` մարդկանց վիրավորելուց, ցավ պատճառելուց: Ոչ մի նորմալ մարդ չէր կարող զսպել իր էմոցիաները Արցախի խորհրդարանի վերջին նիստը նայելիս կամ վերջին հանրահավաքում ելույթ ունեցող երիտասարդ աղջկան լսելիս: Առնվազն պետք է մարդը սիրտ, բարոյականություն, խիղճ, հիշողություն չունենա, որ հանգիստ նայի, թե ինչպես են մեր հայրենակիցները մղկտում իրենց անզորությունից, ինչպես են վերջին ճիգերով փորձում պաշտպանել ազատ եւ անկախ ապրելու իրենց որոշումը: Ինչպես են հերոսաբար տանում այն զրկանքները, որոնց մենք` հայաստանցիներս, հաստատ` չէինք դիմանա: Իսկ երբ խորանում ես, որ այդ զրկանքները նաեւ մեր` հայաստանցիներիս մեղքով են իրականություն դարձել, ոչ միայն խղճի խայթ, սրտի սուր ծակոց եւ մեղքի զգացում ես ունենում, այլեւ սկսում ես խորհել, թե ով եւ ինչպես հասցրեց մեզ այս օրվան:

Ցավոք սրտի, մեր շուրջը կան նաեւ մարդիկ, որոնք այդ զգացումները չունեն` ո՛չ անհանգստություն ունեն 100 հազարից ավելի մեր հայրենակիցների ճակատագրի համար, ո՛չ Արցախի կորստի տագնապ, ո՛չ զոհվածների հանդեպ մեղքի զգացում, ո՛չ ափսոսանք կատարվածի համար: Նրանք պատրաստ են արդարացնել Արցախը զոհաբերելու այս հրեշավոր ծրագիրն ու պահվածքը: Պատրաստ են սառնասրտորեն հետեւել, թե ինչպես է մեր հայրենիքի մի չքնաղ կտորը հանձնվում ոսոխին, եւ անգամ դեմ չեն, որ նոր զոհեր լինեն, միայն թե այդ զոհն իրենց տնից չլինի, եւ իրենց թվացյալ բարեկեցությունը չխախտվի: Այսպես մտածողների հիմնական մասը, իհարկե, իշխանության ներսում է կամ կերակրատաշտին սերտաճած: