Այդ հեծանվավազքը գոնե Գորիս-Կապան մայրուղու վրա կազմակերպեիք

Այդ հեծանվավազքը գոնե Գորիս-Կապան մայրուղու վրա կազմակերպեիք

Մինչ ողջ հասարակության ուշադրությունը բեւեռված է դեպի Սյունիք` Գորիս-Կապան ճանապարհը, որտեղից ազերիները բացահայտ ու թաքուն հայեր են գողանում, մեր երեխաներին Արցախ տեղափոխող ավտոբուսի վրայից Արցախի դրոշն են քերում եւ սահմանամերձ տարածքներում ապրող մարդիկ ուղղակի վախենում են տնից դուրս գալ, ՀՀ կառավարությունը Հայաստանի ամենաապահով վայրում` Սեւանա թերակղզում հեծանվավազքի մրցույթ է անցկացնում: Եւ մի ահռելի կազմով` նախարարներով, կառավարության աշխատակազմի ղեկավարով, վարչապետով գնում են վարչապետի «գավաթը» հաղթողներին հանձնելու: 

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակաբաշխության արարողությանը ելույթ է ունենում եւ ասում, թե այս միջոցառումը շատ կարեւոր է առողջ ապրելակերպի, մարզական իմաստով, բայց ինքը «ավելի լայն կարևորություն է տալիս, որովհետև այս օրերին նաև շատ են քննարկվում, թե արդյոք այսպիսի միջոցառումները պատեհ են այն իրադրության, այն ծանր իրադարձությունների հետ, որ մենք ապրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչքանո՞վ է պատեհ մեր նահատակների հիշատակի տեսակետից նման միջոցառումներ անցկացնելը»: Ապա ինքն էլ պատասխանում է իր առաջադրած հարցին, որ այս միջոցառումը կարեւոր է «հենց այդ տեսակետից».

«...Որովհետև ինչպե՞ս պարտությունները վերափոխել հաղթանակների: Առաջին հերթին՝ ապրելով, զարգանալով, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ առ քայլ մեզնից յուրաքանչյուրին սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով, իրար տեսնելով, իրար հավատալով: Սա հարգանքի տուրք է մեր բոլոր նահատակներին, որովհետև մենք ասում ենք նրանց, որ այսօր ապրում ենք իրենց շնորհիվ: Նրանց հիշատակի նկատմամբ մեր հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող խաղաղություն ապահոված, խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծած Հայաստանի Հանրապետությունը: Այս ուղերձն ունի նախաձեռնությունը և միջոցառումը»:

Հրաշալի խոսքեր` ապրել, ապրեցնել, զարգանալ, վստահությունը վերականգնել սեփական ուժերի հանդեպ եւ այլն:

Սակայն պարզ չէ, թե հեծանվավազքի մրցույթը ինչով է ապրեցնելու, վերականգնելու սեփական ուժերի հանդեպ հավատը եւ ինչպես է հեծանվավազքը` «պարտությունը վերափոխելու հաղթանակի», երբ գրեթե ամեն օր մենք պարտվում ենք սահմանին, թույլ ենք տալիս, որ լկտիացած թշնամին մեր իսկ տարածքից Կապան մեկնող մարդկանց առեւանգի: Չենք կարողանում ապահովել իրանական բեռների անվտանգ տեղափոխումը մեր տարածքով: Չենք կարողանում Սեւ լճի տարածքից վռնդել ամիսներ առաջ այստեղ հիմնավորված զորախմբին: Իսկ երբ սահմանամերձ տարածքներում հայ մարդկանց անպաշտպանության մասին հարց են տալիս, ՀՀ վարչապետն ասում է` ռուսներն են դրա պատասխանատուն, դիմեք նրանց: Մեր սահմանները եւ մեր երկիրը, փաստորեն, հանձնվել են ռուսի հայեցողությանը, թե` որքանով կպաշտպանի եւ ինչ պայմանավորվածությունների կգա մեր դարավոր թշնամու հետ դրանից է կախված մեր ապրելու, զարգանալու հանգամանքը, այսինքն` ապագան: 

Իսկ մենք ամեն օր նորանոր ապացույցներ ենք ստանում, թե ինչքան անպաշտպան է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին: Երեւանի կենտրոնում մարդիկ թուրքական դրոշը հպարտորեն կրում են իրենց հագուստի վրա եւ ոչինչ: Մենք չենք կարողանում անգամ մեր երեխաներին պաշտպանել, որ զինված հրոսակը չկանգնեցնի նրանց ավտոբուսը եւ հայ երեխաների արժանապատվությունը չվիրավորի: Այնքան վախվորած վիճակում ենք, որ երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, փոխվարչապետները, նախարարները մեկ տարի է չեն այցելում Արցախ: Բայց գնում են Սեւանի թերակղզի` նոր հաղթանակների ու զարգացման մասին խոսելու: Երեւանի կենտրոնում էլ բիզնես-ֆորումի են մասնակցում, որի բնաբանն է` 2021-2041: Վստա՞հ եք, որ այս տեմպերով 2041-ին Հայաստան է լինելու: 

Մենք դեմ չենք հեծանվավազքին, որպես այդպիսին, եւ չենք ասում, որ պետք է ազգովի սգի մեջ լինենք` չապրենք, չշնչենք, ոչնչով չզբաղվենք, չտոնենք ու հեծանիվ չքշենք, բայց կարելի էր չէ՞, այդ հսկա կազմով` կառավարությունով-վարչապետով մեկնել Սյունիք, նույն հեծանվավազքը գոնե կազմակերպել Գորիս-Կապան հատվածում, դրանով նաեւ թշնամուն սաստելով եւ հոգեբանորեն ճնշելով: Կարելի՞ էր Սյունիքում այլ միջոցառումներ կազմակերպել, ոստիկանության ու ԱԱԾ-ի լրացուցիչ ուժեր կենտրոնացնել, տնտեսական ֆորումն, օրինակ, Կապանում անել: 

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը բանտարկում է Սյունիքի համայնքապետերին, որոնք ունակ էին իրենց համերկրացիներին պաշտպանել թուրքից: Սյունիքի սահմանամերձ գյուղերից զենքն են հավաքում` մարդկանց զինաթափում, որ պաշտպանվել չկարողանան: Ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը` մարզպետի գլխավորությամբ, թաղվել են ՏԻՄ ընտրությունների մեջ, որ համայնքապետերի պաշտոններում միայն ՔՊ-ականներ ընտրվեն: Պետական մարմինները, պաշտոնյաները ոչ մի ծպտուն չեն հանում Սյունիքում լկտիացած ադրբեջանցիների թեմայով, մեր միջպետական ճանապարհը հանձնել են թուրքի վերահսկողությանը եւ պարբերաբար` տարբերբարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով նրանց ավելի են լկտիացնում` ասելով, որ այդ ճանապարհը գտնվում է Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական տեղանուններ են օգտագործում եւ այլն:

Այսքան շատ փաստերը, այսքան շատ սխալները եւ թշնամուն արված այսքան զիջումները չեն կարող պարզ տգիտություն կամ ապաշնորհություն լինել, սրանք մի բանի մասին են վկայում` պետության ղեկին կանգնածները միտումնավոր կերպով կազմաքանդում են պետությունը եւ կոտրում հասարակության դիմադրությունը: Իսկ հեծանվավազքերն ու դրանց ժամանակ հնչած դատարկ ճառերը այդ դիմադրությունն իսպառ զրոյացնելուն եւ մարդկանց զգոնությունն ամբողջությամբ բթացնելուն են ուղղված: