Սա ինձ համար ոչ թե քաղաքապետ դառնալու խնդիր է, այլ` հայերի մոբիլիզացման պայքար

Սա ինձ համար ոչ թե քաղաքապետ դառնալու խնդիր է, այլ` հայերի մոբիլիզացման պայքար

Երեւանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը որոշել է քաղաքապետի թեկնածու առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին, որը կայանալու է 2023-ին։ Նա նշել է, թե որպես «Երեւան 2805» նախաձեռնության հիմնադիր է նման որոշում կայացրել: «Պատրաստվում եմ հանդիպումներ եւ կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար անդամների հետ, ինչպես նաեւ` մեր երեւանցի հանրային գործիչների հետ՝ ուժեղ եւ ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձեւավորելու համար»,- ասել է Շահինյանը: Մեզ հետ զրույցում պնդեց, որ շուրջ 6 անգամ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին. «Այնպես չէ, որ պրարաբ էի, հիմա որոշել եմ առաջադրվել Երեւանի քաղաքապետի թեկնածու: Ունեմ մասնագիտական մեծ փորձ: Երկար տարիներ եղել եմ թաղապետ: Նշեմ, որ ոչ մի անգամ ՀՀԿ-ի կողմից չեմ առաջադրվել, եւ իմ անունը պետք չէ կապել ՀՀԿ-ի հետ»:

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում:

- Սա իմ մասնագիտական բնագավառն է: Իմ կենսագրության մեջ արդեն 7-րդ մասնակցությունն է ՏԻՄ ընտրություններում:

- Գուցե հանրապետականների հետ ունեցած տարաձայնություննե՞րն են այս որոշման համար հիմք հանդիսացել:

- Ես հանրապետականների հետ որեւէ խնդիր չունեմ եւ ոչ միայն իրենց, առհասարակ՝ լարվածություններն ու տարաձայնություններն ինձ համար չեն: Ամեն ինչին մոտենում եմ խելամիտ կերպով եւ տրամաբանված: Բոլոր ինձ ճանաչողները կփաստեն, որ առաջադրվելու մտադրությունն իմ տեսակից է գալիս: Վատն է այն զինվորը, որը չի ցանկանում դառնալ գեներալ:

- Թեպետ նշում եք, որ անկուսակցական եք, սակայն պարտադիր պայման է ընտրությունններին ինչ-որ կուսակցությամբ առաջադրվելը։

- Հանդիպումներ եմ ունենալու տարբեր ՀԿ-ների եւ քաղաքական գործիչների հետ, լինելու են քննարկումներ: Ի՞նչ է նշանակում կուսակցական կամ անկուսակցական: Մեր երկրի պարագայում դա որեւէ մեկի կյանքում այլեւս չունի դերակատարություն: Գուցե մարդիկ ինչ-որ կուսակցությունների են անդամակցում իրենց կարիերայի համար, սակայն դա ինձ համար հասկանալի չէ եւ ինձ չի վերաբերում բոլորովին: Ես հայտարարություն եմ տարածել, որտեղ խոսել եմ իմ գործունեության մասին: Հանդիպումների արդյունքում կկայացնեմ որոշում, թե որ քաղաքական ուժի հետ եմ մասնակցելու առաջիկա ընտրություններին: Որոշումը պետք է համադրելի լինի թե՛ մեր թիմի, թե՛ տվյալ ուժի համար: Որ քաղաքական ուժը կտա հավանություն մեզ, նրա հետ էլ կխոսենք մնացյալի մասին:

- Իսկ ի՞նչ եք կարծում` ի՞նչ շանսեր ունեք առաջիկա ընտրություններում:

- Գուցե տարօրինակ է, որ ես այսօր, այս լարված օրերին խոսում եմ ընտրությունների մասին: Մենք այսուհետ պետք է ապրենք արարչի կողմից հատկացված այս սուրբ հողում, որը կոչվում է Մեծ Հայք: Թող անգամ մտքներով չանցնի, որ պարտվենք, հեռանալու ենք պայքարից: Անթույլատրելի է: Այո, մենք եւս սխալներ ենք ունեցել: Այս տարիների ընթացքում չկարողացանք ստեղծել այն ինստիտուտներն ու այն համակարգերը, որտեղ պետք է ձեւավորեինք հայ քաղաքացուն, որի առաջ աշխարհի բոլոր դռները եղել են բաց, որի ներկայությունը պատիվ է եղել ցանկացած կրթական, մշակութային, ռազմական, առողջապահական հարթակում: Հայ ժողովուրդը մշտապես տարբերվել է իր կամքով ու մտքով: Այսօր մենք շրջապատված ենք տարատեսակ արատներով: Ունենք կիսաքաղցած հասարակություն, անպաշտպան սահմաններ, հայրենիքը բլիթ-բլիթ դարձրած՝ այս իշխանությունները հանձնում են թշնամուն: Սա ինձ համար ոչ թե քաղաքապետ դառնալու խնդիր է, այլ` հայերի մոբիլիզացման պայքար: Պետք է ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվենք: Յուրաքանչյուր հայ մարդ շատ է սիրում Երեւանը, կապված է մայրաքաղաքի հետ: Ինքս էլ շատ եմ սիրում Երեւանը: Սիրում եմ Երեւանում զբոսնել, սուրճ խմել: Մեր մայրաքաղաքը սրտաբաց է, հյուրընկալ: Երեւանը շատ է սիրում բոլորին, սակայն չէի ասի, որ Երեւանում բնակվողներն ունեն փոխադարձ վերաբերմունք քաղաքի նկատմամբ: Ստացվում է, որ սա հարթակ է համախմբման: Պետք է մնալ, ապրել, զարգացնել ու ծաղկեցնել Երեւանը:

- Ասում եք, որ երբեք ՀՀԿ-ի ցուցակով չեք առաջադրվել, սակայն ՀՀԿ-ականները պնդում են, որ Դուք իրենցից մեկն եք եղել եւ դավաճանել եք իրենց: 2006-ից անդամակցել եք կուսակցությանը, անգամ 2010թ․ վերընտրվել եք որպես Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար:

- Հովհաննես Շահինյանը 2005 թվականին, երբ ընտրվել է Արաբկիր համայնքի ղեկավար, եղել է անկուսակցական: Ես, որպես թաղապետ, ՀՀԿ-ով չեմ ընտրվել, ինչպես նրանք են փորձում պնդել: Հայաստանում կան շատ կուսակցություններ, որոնք անիմաստ են: Այդ ինստիտուտը մեզանում կայացած չէ եւ ճիշտ չի գործում: Փոքր ազգաբնակչություն՝ այսքան կուսակցություններ: