«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Տարոն Սիմոնյանը Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի ներդրման հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Տարոն Սիմոնյանը Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի ներդրման հետ

Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ իրենց նախաձեռնությամբ ձեւավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի խորհրդատվական հանձնաժողով, որը նպատակ ունի կենտրոնի ստեղծման աշխատանքներին մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել է արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային եւ ազգային 26 մասնագետ:

Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաեւ որպես նոր կենտրոնի արբիտրաժային խորհրդի անդամի թեկնածուներ եւ արբիտրներ: Խորհրդատվական հանձնաժողովում են ներգրավվել ինչպես կայացած արբիտրաժային պրակտիկա ունեցող տարբեր երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Սինգապուրի, Չինաստանի (Հոնգ Կոնգ), Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ հայտնի արբիտրաժային հաստատություններում փորձառություն ունեցող ներկայացուցիչներ: 

Ներկայացված ցանկում այդ 26 անդամից ավելի քան տասը հայ են։ Նրանց թվում հանրությանն առավել ծանոթ անուններից են Եղիշե Կիրակոսյանը, ով ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է եւ այս իշխանությունների ամենավստահելի պաշտոնյաներից մեկը։ Երկրորդ անունը, որը գրավեց մեր ուշադրությունը, Տարոն Սիմոնյանն է՝ Էդմոն Մարուքյանի թիմակիցը, ով նախորդ գումարման Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էր։ Նա անկուսակցական է, բայց զարմանալիորեն հայտնվել է իշխանական այս պրոյեկտում։
Մեզ հետաքրքրեց, թե ինչպես է Տարոն Սիմոնյանն ընդգրկվել այս կազմում, արդյոք դա նույն գծի մե՞ջ է տեղավորվում, որի շրջանակներում Էդմոն Մարուքյանը ստացավ հատուկ հանձնարարություններով դեսպանի նշանակումը։ Մեզ հետ զրույցում Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրեն խնդրել են խորհրդատվություն տրամադրել, ինքն էլ չի մերժել։

«Չեմ նշանակվել, պարզապես խնդրել են, որ, որպես խորհրդատու, օգնեմ իրենց։ Ոչ մի կարգավիճակ չի ենթադրում, պարզապես խորհրդատու եմ լինելու։ Դա մասնավոր կազմակերպություն պետք է լինի՝ հիմնադրամ, որը պետք է հետագայում զբաղվի Հայաստանում արբիտրաժի զարգացմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա դիմաց աշխատավարձ էլ չի ստանալու։ Թե ով է նրան առաջարկել որպես խորհրդատու ներգրավվել, Սիմոնյանն ասաց․ «Իմ ուսանողը՝ Տիգրան Դադունցը, որը ներգրավված է հիմնադրամի կազմակերպական հարցերում»։ Նա շեշտեց, որ սա մասնավոր կազմակերպություն է։ Թեեւ մեզ համար պարզ է, որ իշխանությունն է այն ձեւավորում։ Նաեւ հիշեցրեց, որ ժամանակին իրենք հիմնադրել էին Արբիտրների միությունը Հայաստանում, ու հիմա արդարադատության նախարարությունը խնդրել է խորհրդատվական կարգով օգնել երկրում արբիտրաժի ինստիտուտի զարգացմանը, որը Եվրամիության աջակցությամբ է տեղի ունենում։ Այսինքն՝ սա, ըստ Սիմոնյանի, պետք չէ կառավարության հետ համագործակցություն դիտարկել:

«Ինչ հիշում եմ՝ Հայաստանում փորձում են արբիտրաժը զարգացնել, բայց չի ստացվում։ Հիմա սա հերթական փորձերից մեկն է։ Բիզնեսից է կախված դա։ Ինչքան էլ պետությունն աջակցի, բիզնեսն ինքը պիտի դրա կարիքը զգա։ Եթե բիզնեսը դրա կարիքը, մեծ հաշվով, չի զգում եւ դիմում է միջազգային արբիտրներին, ոչ թե հայկական արբիտրներին, հեշտ գործ չէ, որ շուտ ստացվի»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Արդարադատության նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ Հայաստանում ստեղծվող նոր արբիտրաժային կենտրոնը նախատեսվում է հիմնադրել միջազգային գործընկերների աջակցությամբ, այդ թվում` ֆինանսական։ Մասնավորապես, ԵՄ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված է նաեւ վեճերի այլընտրանքային եղանակների զարգացումը, որի հիմնական տարատեսակներից է արբիտրաժը։ Միեւնույն ժամանակ, այս ծրագրի տարբեր ուղղություններով ներգրավվել են նաեւ այլ միջազգային գործընկերներ։ Այսպես, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակվում են ապագա կենտրոնի ներքին իրավական ակտերը, կենտրոնի էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը, կազմակերպվել է ուսումնական այց Շվեդիայի Թագավորություն` ծանոթանալու այնտեղի արբիտրաժային փորձին` որպես առաջատարներից մեկն աշխարհում։ Ինչպես նաեւ նախատեսվում է աջակցել արբիտրաժի ոլորտում վերապատրաստումների եւ արբիտրաժի առնչությամբ մասնագիտական մեծ վեհաժողովի կազմակերպմանը։

«Հայաստանում ստեղծվող նոր արբիտրաժային կենտրոնը նախատեսվում է հիմնադրել որպես ոչ առեւտրային իրավաբանական անձ` հիմնադրամի կազմակերպաիրավական ձեւով։ Այլ կերպ՝ ունենալու ենք ոչ թե պետական որեւէ մարմին կամ կառույց, այլ մասնավոր սուբյեկտ, եւ պետությունը որեւէ կերպ չի ղեկավարելու այն։ Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը նպատակ է հետապնդում՝ ստեղծել անկախ, պրոֆեսիոնալ, կոմպետենտ կառույց, որն ունակ կլինի քննել տեղական եւ միջազգային արբիտրաժային գործեր` դրանով իսկ նպաստելով Հայաստանում արբիտրաժի կայացմանը եւ զարգացմանը։ Սա բխում է Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունից, որով սահմանված են հետեւյալ նպատակները` դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցում, ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումների ներգրավում, երկրի` որպես գործերի քննության հարթակի իմիջի եւ հեղինակության բարձրացում»,- ասացին նախարարությունից։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ չնայած ռազմավարությամբ կենտրոնի ստեղծման վերջնաժամկետ սահմանվել է 2023 թվականի 2-րդ կիսամյակը, սակայն աշխատանքները վաղուց մեկնարկել են եւ ակտիվ փուլում են գտնվում: