Էս պատմությունը իմ գլխին դարձել ա պատուհաս, երբ ինձանից 50 հազար դրամ ուզեցին, որ կարգ տան տղայիս

Էս պատմությունը իմ գլխին դարձել ա պատուհաս, երբ ինձանից 50 հազար դրամ ուզեցին, որ կարգ տան տղայիս

Գեղարքունիքի մարզի, Սեւան քաղաքի բնակիչ Մերի Թովմասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի` Դավիթ Արթուրի Զոհրաբյանին հաշմանդամ երեխա ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու և 2018 թվականի մայիսի 15-ի թիվ 191-258 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ: 2 տարի եւ ավելի տեւած
դատվարության ընթացքում դատարանը որոշել է հայցը բավարարել: Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընդունել Դավիթ Արթուրի Զոհրաբյանին հաշմանդամ երեխա ճանաչելու վերաբերյալ որոշում: Անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 15-ի բժշկասոցիալական փորձաքննական թիվ 191-258 որոշումը:

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Դավիթ Արթուրի Զոհրաբյանի օրինական ներկայացուցիչ Մերի Վարազդատի Թովմասյանի բռնագանձել 84.000 դրամ, որից 4.000 դրամը պետական տուրքի, իսկ 80.000 դրամը ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսերի փոխհատուցում:

Դատարանի կայացրած վճռից ամիսներ են անցել, սակայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը չի կատարել դատարանի որոշումը: 

14-ամյա Դավիթի մայրը՝ Մերին մեզ հետ զրույցում ասաց, որ տղան ի ծնե տառապում է աուտիզմ հիվանդությամբ:

2018 թվականին փորձաքննությամբ առողջ է ճանաչվել, եւ հաշմադամության կարգը չի տրվել. «2014 թվականին տղաս հաշմանդամության կարգ ստացավ: 2016 թվականին բժշկական փորձաքննությունը կրկին հաստատեց հիվանդությունը:

2018թվականին հերթական փորձաքննության արդյունքում նշեցին, որ տղաս առողջ ա, էդ խնդիրը չունի, եւ ինձ էլ ասացին, որ ես տղայիս հիվանդության փաստաթղթերը փողով առել եմ: Պատկերցնում ե՞ք: Հետո մեզ ասացին, որ մենք երեխայի ստացած թոշակից իրենց գումար չենք հատկացրել, դրանից էլ երեխուս թոշակը կտրեցին:

Սեւանից մեզ ուղեգրեցին Երեւան՝ Նորք Մարաշ: Փորձագետը նայեց տղայիս եւ ասաց, որ երեխան արդեն լավացել ա. «Ինչի ե՞ք մտածում, որ ձեր երեխան վատ վիճակում ա»: Ասեցի, որպես մայր ես աշխարհում ամենաշատ կուզեի, որ տղաս լավ լինի:

Փորձաքննության պատասխանը եկավ, որ տղայիս հաշմանդամությունը հանել են: Երեխաս հիվանդություն ունի չեմ կարողանում ապացուցել, ու էս պատմությունը իմ գլխին դարձել ա պատուհաս, երբ ինձանից 50 հազար դրամ ուզեցին, որ կարգ տան տղայիս, ես էդ փողը չեմ տվել: Էդ Երեւանի փորձաքննության սենյակում իրենց մեծը, Անուշ անունով, մեզ ասաց, որ 600 հազար դրամ նալոգ են տվել առողջապահության նախարարությանը, եւ էդ գումարը մենք  պետք ա հավաքենք, տանք: Այդ օրը մոտ 30 հաշմանդամ մարդ կար հավաքված: Անգամ վեճ սկսվեց: 

Դիմեցինք դատարան: Արդեն 3 տարի է, ես չեմ կարողանում երեխայիս հաշմանդամությունը վերականգնեմ: Էլ դուռ չմնաց, որ չեմ ծեծել: Դատարանը մեր հայցը բավարարել ա, հիմա էլ՝ այսպես ենք ընկել քաշքշուկի մեջ»:

Ըստ Մերիի՝ տղայի թոշակը կազմում էր 20 հազար դրամ, դրանով տղան հաճախում էր վերականգնողական կենտրոն. «Միայն ճանապարհածախս էի ես տալիս, երեխուս մոտ որոշ առաջընթաց կար: Էդ վերականգնողական կենտրոնը այս հիվանդությամբ տառապող երեխաների համար ուղղակի անհրաժեշտություն է»:

Մերի Թովմասյանի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության չի ընդունել Դավիթ Զոհրաբյանին հաշմանդամ երեխա ճանաչելու վերաբերյալ որոշում. «Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020թվականի օգոստոսի 30-ին, արդեն դեկտեմբեր ամիսն է: Եթե  դատարանի որոշումը չի կատարում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ապա կկատարի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով»:

Թե ինչո՞ւ մինչ օրս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի կատարել դատարանի որոշումը, նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը.

«Տեխնիկական խնդիր է եղել, այն ժամանակ, երբ որ փաստաթղթի բնօրինակը դատարանից ուղարկվել է մեր տարածքային կենտրոն: Այդ ժամկետները խախտել են, մեզ ուշ է հասել: Երբ մեզ հասավ, այդ ժամանակ էլ մեր տարածքային կենտրոնի թիմը եղել ա կարանտինի մեջ: Երկուշաբթի օրը դատարանի որոշումը ի կատար կածվի»: