Ինչու՞ չգնացին Սերժ Սարգսյանի ձերբակալությանը

Ինչու՞ չգնացին Սերժ Սարգսյանի ձերբակալությանը
Գաղտնիք չէ, որ սովորաբար  երկրի համար կարևոր որևէ հարցից հանրությանը շեղելու համար իշխանությունը դիմում է կողմնակի շեղող տեղեկատվական հոսքերի։ Պատերազմի ժամանակ դա ամենապարզագույն հնարքն է ու հաճախակի օգտագործվում է։ Եթե անգամ շարքային զինվորին հարցնեք որևէ հատվածում թշնամու կուտակման մասին, նա առաջին հերթին կմտածի՝ դա ծուղա՞կ է , շեղող հանգամա՞նք, հետո մնացածը․․․ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, թե «Ամուլսարի» հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից», դա, իրոք կողմնակի շեղող հանգամանքի լավագույն տարբերակ է։
Շատերը չտեսան դրա մեջ այն լրջությունը, որ կար։ Կարծում եմ նման ստրատեգիական հայտարարության  մեջ իր լուման  ուներ  ռազմական  հնարքների տիրապետող Սերժ Սարգսյանը։
Առաջին հերթին դա զգուշացում է Նիկոլ Փաշինյանին , որ ինքը դրանից այն կողմ էլ քայլ չունի անելու, որը կարող է շեղել հանրության ուշադրությունը։ Դա տողատակով արձանագրում է, որ էյֆորիա այլևս գոյություն չունի,  Փաշինյանի հռետորական ողջ պաշարը սպառված է ու  գլխավոր խաղաթուղթը մնում է Սերժ Սարգսյանը։ Ամուլսարի հնչեղությունն ու Սերժ Սարգսյանի ձերբակալությունը դրվեց նույն հարթության վրա։ Դա հենց այնպես  չարվեց։ Դրույքաչափն անչափ մեծ է։  

Մյուս կողմից տրվում է հեղափոխության իրական գնահատականը․ «2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհողության, և երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ։ Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունը:

Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է»: 

Այդքան չարչրկված հեղափոխությունը, որ դրոշ է դարձվում, ներկայացվում է այնպես, ինչպես կա։ Սերժ Սարգսյանը գնաց զոհողության, երկիրը խուսափեց արյան մեջ թաթախվելուց։ Իրողություն է արձանագրվում։ Հակադարձում հակառակ կողմից չկա։ Շարունակությունը կարդացեք, դրանք հենց այնպես ասված բառեր չեն։ Դրանց արձանագրումը ՀՀԿ-ի կողմից ռազմավարական ավար է, մարտական դիրքի գրավում, որը հետագայում կօգտագործվի։

Եվ վերջապես՝ ինչու՞ չգնացին Սերժ Սարգսյանի ձերբակալությանը։ Երբ հակառակ կողմը, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, ավելի վարժ է տիրապետում ռազմավարական հնարքներին ու հետախուզական աշխատանքներին, տեղյակ է՝ ինչ հնարք է օգտագործվելու, անիմաստ է դառնում այդ հնարքը կիրառելը, որովհետև այդ հնարքի կիրառման դեպքում հակաքայլն արդեն պատրաստ է լինում։ Անսպասելի հակաքայլը։