Եթե ես էլ խմած վարեմ, թող ինձ էլ բռնեն, զրկեն վեց ամսով, խելքս հավաքեմ գլուխս

Եթե ես էլ խմած վարեմ, թող ինձ էլ բռնեն, զրկեն վեց ամսով, խելքս հավաքեմ գլուխս

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը երեկ ԱԺ-ում զեկուցում էր նախագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում ներդնել բալային համակարգ։ Հիշեցնենք, որ այս մասին դեռ վաղուց էր խոսվում, եւ նախագիծը մեկ տարի է՝ մշակվում էր։ Նախագծին խորհրդարանում, ընդհանուր առմամբ, կողմ էին պատգամավորները՝ որոշակի վերապահումներով։ Միայն ԲՀԿ-ից որոշեցին «ընդդիմություն» խաղալ ու մի փոքր դեմագոգիայի դիմել՝ դժգոհելով ճանապարհների վիճակից։

«Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը, սակայն, ընդդիմախոսների «պորտը տեղը դրեց»՝ բացատրելով, որ կարմիր լույսի տակով անցնելը կամ մեքենան ոչ սթափ վիճակում վարելը ճանապարհների վատ վիճակի հետ որեւէ կապ չունի։ Իսկ այս նախագծով նախատեսվում է, օրինակ, հանդիպակաց գոտի դուրս գալու դեպքում վարորդից 2 բալ հանել՝ գումարած 29 հազար դրամի չափով տուգանք։ Նույնկերպ բալեր կհանվեն նաեւ ոչ սթափ վիճակում, արագ վարելու դեպքերում եւ այլն։

Հովհաննես Քոչարյանը լրագրողներին ասաց, որ այս համակարգի ներդրման նպատակը մահերը նվազեցնելն է։
«Տարեկան մեզ մոտ, եթե զոհերի թիվը հաշվենք, ապրիլյան պատերազմից 3 անգամ ավելի մարդ է զոհվել մեր ճանապարհներին: Ռեալ սպառնալիք է, պետք չէ մատների արանքով էս խնդրին նայել: Տուգանքների բարձրացումը մահերը, զոհերը, վիրավորները չի կանխարգելում: Մեզ պետք է նոր գործիքակազմ, նոր հնարավորություններ եւ եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրման հիման վրա, իսկ էդ փորձը միայն ինտերնետով չի նայվել, նաեւ համապատասխան շփումների շնորհիվ է վերլուծվել։ Մենք նոր կարգավորում ենք նախատեսում, նպատակը մահերը կրճատելն է»,- ասաց Հովհաննես Քոչարյանը։

Նա նշեց, որ այս բալային համակարգն ընդամենը 20 իրավախախտման համար է նախատեսված, այն խախտումների, որոնք ամենաշատն են դառնում մահերի պատճառ՝ կարմիր լույսի տակով անցնել, արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում երթեւեկել, հանդիպակաց գոտի դուրս գալ եւ այլն։

ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախագծերի այս փաթեթը համարելով շատ լավը, այդուհանդերձ, որոշակի խնդիրներ է տեսնում այնտեղ, ուստի նաեւ առաջարկությամբ է հանդես եկել։

«Խնդիրը հետեւյալն է, որ այսօր քաղաքացին անարգել կարող է դիմել վարչական դատարան եւ բողոքարկել ցանկացած վարչական ակտ եւ դատական պրոցեսով վարորդական իրավունքից իր զրկվելու կամ իրենից բալ հանելու պրոցեսը հետաձգի երկու, նույնիսկ երեք տարով։ Այսինքն՝ այս փաթեթը դառնում է իմաստազուրկ, եթե նման հնարավորությունը մենք չենք կանխում։ Նաեւ սրա հետեւանքով մենք կունենանք դատարաններում վարչական բողոքների սարսափելի մեծ աճ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Ուստի նա առաջարկում է նորմ մտցնել, որ դատական բողոքարկումը կարող է լինել միայն վարչական բողոքարկումից հետո։ «Այսինքն՝ քաղաքացուն պիտի ստիպենք, որ նախ վարչական կարգով բողոքարկի նախ վերադաս մարմնին՝ ոստիկանություն, եթե չլուծվի, նոր հետո դիմի դատարան։ Այսինքն՝ շատ հարցեր կան, որոնք վերադասության կարգով լուծելի են»,- ասաց պարոն Խաչատրյանը։
Նա նաեւ առաջարկում է՝ գոնե պետտուրք սահմանել վարչական գործերի համար, որպեսզի այդ գումարը կորցնելու վտանգից ելնելով՝ անհիմն բողոքարկումներ չլինեն։

Պատգամավորը նաեւ առաջարկում է խստացնել որոշ խախտումների դեպքում պատժի չափը։ Օրինակ՝ նույնիսկ ցածր աստիճանի ոչ սթափ վիճակում վարելու դեպքում միանգամից վեց ամսով զրկել վարորդական իրավունքից, այլ ոչ թե բալ հանել։ Նաեւ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու դեպքում էլ երկու բալի փոխարեն 3 բալ հանել վարորդից՝ գումարած 29 հազար դրամ տուգանք։

«Որեւէ կերպ չեմ հասկանում, որ որեւէ հանդուրժողականություն պիտի դրսեւորենք էդտեղ։ Որեւէ մեկն էսօր չի կարող որեւէ խմած վարորդի արդարացնել, ասել՝ լավ, դե, խմած ա եղել, մարդ ա գցել ավտոյի տակ։ Որեւէ մեկը բարոյապես իրեն թույլ չի տա։ Եթե ես էլ խմած վարեմ, թող ինձ էլ բռնեն, զրկեն վեց ամսով, խելքս հավաքեմ գլուխս»,- ասաց ՃՈ պետի նախկին տեղակալը։