«Թիք-Թոքեր» վարչապետը

«Թիք-Թոքեր» վարչապետը

Այն, որ Փաշինյան Նիկոլը սուտ խոսելուց չի կարմրում, ինչը կբացահայտեր սուտ խոսելը, նորություն չէ: Այն, որ սուտ խոսելու տիրույթն անսահման է՝ դրանում ևս վաղուց կասկած չկա: Այն, որ սուտ խոսելն անմիջապես կամ ինչ-որ ժամանակ անց բացահայտվում է այս կամ այն ընդդիմախոսի կողմից, դրան ևս սովոր ենք: Բայց որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է նաև «թիք-թոքեր» լինել՝դա ինձ համար նորություն էր: Երևի պատճառն այն է, որ ես տարիքով անձնավորություն եմ և պետության ղեկավարի պաշտոնի նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք ունեմ: Ուրիշ հարց, որ այդ պաշտոնին կարգված անձին կարող եմ չընդունել: Այնուամենայնիվ, չէի կարող պատկերացնել, որ այդ պաշտոնի տեր անձը կարող է գրանցված լինել «Թիք-Թոք»-ում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ պաշտպանության նախարարին, օրինակ, ևս ստիպել գրանցվել շոուբիզնեսային այդ հարթակում: Որովհետև ենթադրում եմ, որ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, որին այնուհետև նշանակել են նախարար, դժվար թե ինքնակամ գրանցվեր այդ սոցիալական ցանցում:

Ի դեպ, ստի բացահայտումը: Եթե 2021 թվականի նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարարը գտնվել է Դուբայում՝ ռազմատեխնիկական կարևոր հանդիպման կապակցությամբ, ապա ինչպես կարող էր նա սահմանային իրադրության փոփոխության մասին զեկուցել վարչապետին: Այն, որ «նախարար-վարչապետ» զույգից սուտ է խոսել հենց վարչապետը, կասկած չունեմ: Որովհետև եթե նախարարը չգտնվեր այդ օրը Դուբայում, ինչը կարող է ապացուցվել ինքնաթիռի տոմսերով և հյուրանոցի չեկով, ապա շատ հեշտությամբ կբացահայտվեր իր սուտը: Դրան գումարած այն հանգամանքը, որ այսօր Արշակ Կարապետյանն ընդդիմադիր է Փաշինյան Նիկոլին: Ինչը նշանակում է, որ սուտ խոսելը նրան բացարձակ ձեռնտու չէ: Իսկ վարչապետի աթոռից կառչած անձի առումով սուտ խոսելը նույնն է, ինչ սովորական մարդկանց համար, ասենք, սնվելը:

Ասվածը հիմնավորեմ Նիկոլի կողմից կատարված «թիք-թոք»-ային մեջբերման (սքրինի) վերլուծությամբ: Որպես սահմանային իրադրության մասին Կարապետյանի զեկույցի վկայություն Նիկոլը տեղադրել է առավոտյան ժամը 9:30-ի սահմաներում վերջինիս հաղորդագրությունը. «Առողջություն եմ ցանկանում, պարոն վարչապետ, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»: Եվ եթե ընդունենք, որ այդ պահին Կարապետյանը գտնվել է Դուբայում, ապա, հաղորդագրությունը, բնականաբար, վերաբերել է հենց Դուբային: Դրա անուղղակի ապացույցը նաև ժամը 16-ից հետո Նիկոլի պատասխան հաղորդագրությունն է՝ «Ո՞ւր եք, անպատասխանատու բան ստացվեց»։ Ենթադրում եմ, որ նիկոլական «ո՞ւր եք»-ը հենց ասվածի ապացույցն է: Տվյալ դեպքում «ո՞ւր եք»-ը կարող էր նշանակել, թե «ինչու դեռևս չեք վերադարձել»: Եվ ոչ թե բառացի իմաստով. այսինքն այն, որ վարչապետը չգիտեր, թե որտեղ է իր նշանակած նախարարը:

Իսկ եթե Նիկոլի տեսակետից դիտարկենք Կարապետյանի առավոտյան հաղորդագրությանն իր արձագանքը շուրջ 7 ժամ անց, ապա դա վերածվում է ընդհանրապես անհասկանալի ռեբուսի: Հատկապես հաշվի առնելով, որ, ինչպես Կարապետյանն է ասել, իր բացակայության պայմաններում նախարարի գործառույթը կատարել է տեղակալը: Բայց եթե ընդունենք, որ Կարապետյանն իսկապես Դուբայում է եղել, ապա հետկեսօրյա արձագանքը խիստ տրամաբանական է. նախարարն այդ ընթացքում պետք է որ վերադառնար Դուբայից: Հարցն այս առումով դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ մամուլի ասուլիսում Նիկոլի ասածը («… կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով ինձ չի զեկուցել») հերթական ապատեղեկատվություն է: Ինչ մնում է Նիկոլի ավելի ուշ հաղորդագրությանը՝ «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք, պիտի բացատրություն տաք հանրային, ինչ է տեղի ունեցել», ապա ենթադրաբար դրա իմաստը հերթական անգամ պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու հանգամանքն է։