Տեսել եմ, թե ինչպես էր մեծ Ալիևի կզակը դողում Քոչարյանի առաջ. Քոչինյան

Տեսել եմ, թե ինչպես էր մեծ Ալիևի կզակը դողում Քոչարյանի առաջ. Քոչինյան

Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի գալով պատերազմ չի սկսվելու։ 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան գովեստի խոսքեր ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։

«Երբ որ 1988 թվականից սկսեց ղարաբաղյան շարժումը, մեզնից շատերը երբեք չէին կարող պատկերացնել, թե ինչպիսի դժվար ճանապարհ ենք մենք բռնել։ Չէին կարող պատկերացնել, թե ինչքան չկամներ, թշնամիներ և այլն մենք ունենք։ Բայց եկավ, չէ՞, 94 թվականի մայիս ամիսը։ Անցած 5-6 տարիների ընթացքում ոչ միայն մենք լուծեցինք Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ամենաապահով վիճակը։ Ո՞ւմ մտքով կարող էր անցներ, որ անառիկ Շուշին կարելի հետ վերցնել, մեր պապերի օրրանը, մեր մտավոր կենտրոնը վերականգնել, բերել հայերին», - Լոռու մարզկենտրոն Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-98),  Լոռու նախկին մարզպետ (1998-2006) Հենրիկ Քոչինյանը։

«Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կովսականն ենք վերցնելու, վերցնելու ենք Ջրականը, վերցնելու ենք Քարվաճառը։ Դժվարությամբ, բայց էդ բոլորը կատարվեց։ Ի վերջո, ցանկացած աշխատանք կատարվում է մարդու, թիմի, համախոհների կողմից։ Այդ գիտակից մարդկանց, այդ նվիրյալ մարդկանց աշխատանքը, բոլորը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը [Պատերազմի օրերին Պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր]։ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ղեկավարում էր, համապատասխան հանձնարարություններ, վերահսկողություն և այլն, այլ նաև շատ ժամանակ ճակատի առաջին գծում կանգնած զինվորի կողքին էր», - նշեց Լոռու նախկին մարզպետը։


Հենրիկ Քոչինյանը նաև անդրադարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքներին ու պատճառներին։

«Տեսանք, թե ինչպես կայացած, ամուր բանակը, որը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն էր, որը սկզբնական շրջանում հոյակապ կռվում էր, չէր զիջում, լավագույն օրինակները, դժվարագույն հյուսիսային ճակատում քայլ իսկ նահանջ չեղավ, բայց ոչ ճիշտ կառավարման, ոչ ժամանակին համալրման, ոչ ճիշտ քաղաքականության պատճառով պարտության գնացինք։ Հաղթանակը կերտվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական դաշտում», - ասաց նա և հիշեցրեց անդրադարձավ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությանը։

«Հոյակապ դիվանագիտություն ենք ունեցել, բանակցող ենք ունեցել։ Ես իմ էս սեփական աչքերով եմ տեսել, թե ինչպես էր  մեծ Ալիևի կզակը դողում Ռոբերտ Քոչարյանի առաջ։ Իմ սեփական աչքերով։ Էլի պիտի գաս էս մարդը, էլի պիտի հիմա արդեն կրտսեր Ալիևին ստիպի էդ վիճակը», - հայտարարեց նա։

Քոչինյանը նաև ընդգծեց, որ Քոչարյանի գալով պատերազմ չի սկսվելու։

«Ասում են՝ «Ռոբերտ Քոչարյանը կգա ու պատերազմ կսկսվի»։ Պատերազմ չի սկսվելու։ Գալու է մարդ, ով ստիպելու է, որ դիմացինն ընդունի այն, ինչ մենք ենք պահանջում։ Կայուն խաղաղություն պետք է լինի», - ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարը։

Վերջինս շեշտեց Հայաստանն արտաքին հարաբերություններում «արժանապատիվ ներկայացվելու» հանգամանքը։ «Երբ որ իմ երկրի նախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի, չգիտեմ, որին կուզեք, նրանց նախագահների հետ հանդիպման ժամանակ իրեն պահում է այնպես, որ նրանք էլ են երևի զարմանում, ասում են՝ «Էս ի՞նչ երկիր ա։ Էս ինչ փոքր ա, էկել ա, ինձ հետ հավասարի հավասարի հետ ա խոսում»։ Մենք դրանից ոգևորվում են, մենք դրանից ուժեղանում ենք», - ընդգծեց Հենրիկ Քոչինյանը։