Պատմությունը կրկնվում է․ «Սպայկային» կրկին թույլ չեն տալիս մտնել Ռուսաստան

Պատմությունը կրկնվում է․ «Սպայկային» կրկին թույլ չեն տալիս մտնել Ռուսաստան

«Սպայկա» ընկերության՝ կապույտ բորբոսով պանիրներով բեռնված բեռնատարները կրկին կանգնած են Լարսի անացկետում, արդեն 5 օր է՝ մեքենաներն այնտեղ են։ Հիշեցնենք, որ շուրջ 22 օր Լարսի անցակետում պահվելուց հետո պանիրով բեռնված մեքենաները հետ էին ուղարկվել։ «Սպայկայի»՝ զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուրբաթ օրը նույն խմբաքանակը կրկին ուղարկվել է, սակայն մինչ այդ լրացուցիչ փորձաքննություններ են արվել՝ դրական եզրակացությամբ․

«Մինչև ուղարկելը մենք հրավիրեցինք վերահսկող բոլոր պետական ատյաններին, որպեսզի իրենք փորձաքննություն անեն, և ծագման համապատասխան սերտիֆիկատ դրվի տակը՝ չնայած որ դրա կարիքը ընդհանրապես չկար, բայց, ընդառաջ գնալով հորդորներին և տեսակետներին, որ դա պետք է, մենք դա արեցինք և նույն խմբաքանակը կրկին հետ ուղարկեցինք։ Այժմ՝ ուրբաթ օրվանից, մեքենան այնտեղ է, դեռ չեն թողնում առաջ շարժվել, նորից ուզում են լաբորատոր փորձաքննություն անեն։ Մենք էլ ասում ենք՝ ինչպես ընթացակարգը հարմար եք գտնում, արեք, և սպասում ենք բոլոր շահագրգիռ ատյանների հետագա քայլերին՝ այս հարցի կապակցությամբ։ Ասեմ ավելին, որ Հայաստանում Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցչությունը ևս մեկ անգամ եկավ մեզ մոտ, այցելեց մեր գործարան, մանրամասն ծանոթացան բոլոր գործընթացներին և դրական եզրակացությամբ գնացին։ Հիմա տեսնենք՝ ի՞նչ կլինի։ Այս պահին փաստն այն է, որ արդեն 5 օր է, ինչ մեքենան կանգնած է Լարսի անցակետում, և որևէ հստակ բան չեն ասում»,- ասաց Բաղդասարյանը։

Հարցրինք՝ եթե, այնուամենայնիվ, եթե մաքսակետում թույլատրեն անցնել, պատվիրատուն կընդունի՞ պատվերը՝ նկատի ունենալով, որ պահպանման ժամկետը պահպանվե՞լ է, թե՞ պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրեն այն իրացնելու համար․

«Քանի որ մենք նույն խմբաքանակն ենք ուղարկում, ապա ժամկետի որոշակի կորուստ ունենք։ Պետք է առանձին պայմանավորվենք մեր հիմնական հաճախորդի հետ և այլ հաճախորդների հետ, թե ինչպես արագ կազմակերպենք այս խմբաքանակի իրացումը։ Բայց հարցը այստեղ առավել գլոբալ է․ մենք 6 ամիս պատրաստվել ենք ամանորյա վաճառքներին, և մեզ մոտ ունենք կուտակած պատրաստի պանիր , որը արդեն պետք է հասցնենք մեր հաճախորդներին։ Եթե այս անորոշ իրավիճակը շարունակվի, վտանգվելու են արդեն ամանորյա վաճառքները։ Դա արդեն շատ լուրջ հետևանքներ կունենա ընկերության համար»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում արգելանք է դրված եւրոպական պանիրների ներմուծման վրա եւ Սպայկայի պանրի հանդեպ կասկածամտությունը բխում է նրանից, որ կարծում են, թե՝ Հայաստանում պանիրը չի արտադրվում, այլ բերվում է Եւրոպայից, պիտակը փոխվում են առաքվում Ռուսաստան։ Ի դեպ, մի շարք ընկերություններ հենց այդպես էլ վարվել են վերջին տարիներին։ Եւ չի բացառվում անգամ, որ այս խոչըընդոտները հենց նրանց կողմից են կազմակերպվում՝ նոր խաղացողի մուտքն այդ շուկա արգելելու համար։