Միայն հավատարիմները

Միայն հավատարիմները

Մինչ մենք ազգովի քննարկում էինք դելիմիտացիա-դեմարկացիայի հանձնաժողովի հարցը` կարծելով, թե այս հանձնաժողովից եւ նրա կազմից է կախված այն, թե որտեղով կանցնեն ՀՀ սահմանները, եւ ինչպիսի դիմադրողականություն կդրսեւորեն այդ հանձնաժողովում ընդգրկված անձինք` ադրբեջանական անկուշտ ախորժակը զսպելու հարցում, պարզվեց, որ սահմանազատման աշխատանքներից ավելի կարեւոր գործընթաց է մեզ սպասվում: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ երկու երկրների միջեւ բանակցողների, այսպես կոչված` բանագնացների մասին է:

Հայ հասարակությունը մի քանի օր է՝ քննարկում է բանագնացների թեկնածուներին եւ կասկած է հայտնում` արդյո՞ք դիվանագիտական հմտություններով եւ բանակցելու ունակությամբ առայսօր աչքի չընկած Ռուբեն Ռուբինյանը կարողանալու է պատշաճ ներկայացնել մեր երկիրը եւ պաշտպանել մեր շահերը: Բնական է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այս գործը վստահվեր պրոֆեսիոնալ դիվանագետի, փորձառու եւ ճկուն մեկին: Ասենք` նախկին արտգործնախարարներից, ԱԳ նախարարի տեղակալներից մեկին կամ դեսպանի փորձառություն ունեցող դիվանագետի: Բայց այս իշխանության առանձնահատկությունն այն է, որ վստահում է միայն սեփական թիմի նվիրյալներին, որոնք կյանքով են ապացուցել իրենց հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին: Եվ անգամ թիմակիցների կազմում էլ կան անվստահելիներ եւ մերժվածներ: Հայկ Մարությանի օրինակն ամենացցունն է: Մարությանի ուղին` անվերապահ վստահությունից մինչեւ տոտալ մերժում, եւ անվստահության ամոթալի գործընթացը մի իմաստ ունի` թիմին ցույց տալ, թե ինչպես կարելի է մի քանի օրում գետնից բարձրանալ` դառնալով բարձր պաշտոնյա, եւ ինչպես կարելի է ցանկացած պահի նորից զարկվել գետնին, առանց որեւէ հիմնավոր պատճառի` առաջնորդի սերը կորցնելու արդյունքում: