Վերցնել՝ առանց որեւէ բան տալու

Վերցնել՝ առանց որեւէ բան տալու

Այո, ժամանակին, մայրաքաղաքի առաջադեմ հանրությունը կտրականապես դեմ էր Օպերայի շուրջը սրճարաններ տեղադրելուն։ Մենք անկարող եղանք այդ վանդալիզմը ժամանակին կասեցնել։ Եվ մեծ խումբ մտավորականներ երկար տարիներ, որպես բողոքի նշան, չէին օգտվում այդ սրճարաններից։ Դեմ էինք նաեւ Օղակաձեւ զբոսայգին օղակաձեւ սրճարան դարձնելուն։ Հետո դեմ էինք Հյուսիսային պողոտայի կառուցմանը՝ վայրենաբարո վտարումներով, բռնությամբ։ Մանավանդ՝ երբ պարզվեց, որ այն շատ հեռու է թամանյանական նախագծից՝ նեղ է, խիտ է, չորուցամաք եւ այլն։ Դեմ էինք Աբովյան փողոցն այլանդակելուն։

Առհասարակ՝ մայրաքաղաքի հին ու ցածրահարկ շենքերն անճոռնի ու անճաշակ բազմահարկերով փոխարինելը իսկական հանցագործություն էր Երեւանի ու երեւանցիների հանդեպ։ Եղել է, ոչ ոք չի ուրանում, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել։ Բայց այն ժամանակ մեր կողմից չընտրված իշխանությունն էր այդ ամենն անում։ Եվ ամենակարեւորը՝ քանդում էին նորը կառուցելու համար․ սրճարաններ էին թույլատրում, շինարարություն էին իրականացնում, մարդկանց համար աշխատատեղ էր ստեղծվում, եկամտի աղբյուր։ Հիմա քանդում են մեր կողմից ընտրված իշխանությունները, եւ շատ փոքր է հույսը, որ առաջիկայում երբեւէ կկառուցեն, քանի որ ներդրողը, կառուցողը չկա։ Եվ ամենակարեւորը՝ առայժմ ոչ մի աշխատատեղ չեն ստեղծել, դեռ կրճատում են ու գործազուրկ դարձնում։ Իսկ Խորենացու 13-ի, Արամի 23-ի ավերումը մնալու է Հայկ Մարությանի եւ Արթուր Մեսչյանի խղճին։ Օպերայի շրջակայքն էլ կարելի էր մաքրել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաքում այլեւս լուծելու հարց մնացած չլիներ, եւ պահպանվեր հավասարության ու արդարության սկզբունքը։ Մարդկանց դեռեւս ոչինչ չեք տվել, բայց արդեն ահագին բան վերցրել եք, ո՞վ է դրա համար պատասխան տալու։