Ումի՞ց  է դժգոհ Ռուսաստանը

Ումի՞ց  է դժգոհ Ռուսաստանը

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն պատասխանել է ՏԱՍՍ գործակալության փոխտնօրեն Միխայիլ Գուսմանի հարցերին: Ըստ երեւույթին, պատվիրատուն Իլհամ Ալիեւն է, որի տեղեկատվա-քարոզչական լոբբիստը Մոսկվայում Գուսմանն է, բայց ստացվել է՝ ինչպես միշտ: ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ միջնորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի «տիտանական ջանքերով նախկինում արված մշակումները պետք է մնան բանակցությունների սեղանին»:

Ռուսաստանցի դիվանագետն, ընդսմին, ավելացրել է, որ դա պետք է լինի բոլոր, այդ թվում՝ Մինսկի խմբի անդամ երկրների մոտեցումը: Ակնարկն ու՞մ է վերաբերում: Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիային, որի կեցվածքը բացահայտ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այսինքն՝ միջնորդ երկրի կարգավիճակին: ՌԴ փոխարտգործնախարարը նաեւ բավական հետաքրքրիր ձեւակերպում է արել, որ բանակցություններն ունեն նաեւ կողմերին սահմանազատելու նպատակ: Վերջին շրջանում, երեւի, առաջին անգամ է, որ այդ մակարդակի դիվանագետը խոսում է հակամարտության կողմերին սահմանազատելու մասին: Կարելի է հասկանալ, որ նկատի է առնված շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Եթե այդ մասին Ռուսաստանի փոխարտգործնախարարն է խոսում, ուրեմն պիտի ենթադրել, որ նման քննարկումներ Մինսկի խմբի համանախագահների միջեւ սկսվել է: