Իշխանությունը ինտելեկտուալ չէ

Իշխանությունը ինտելեկտուալ չէ

Քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու իշխող կուսակցության գլխավոր զենքերից են ոչ միայն ամբարտավանությունն ու նախահարձակությունը, այլեւ, պարզվում է, գիտելիքը, որից իբր այնպե՛ս «կաղում» են հակառակորդ քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները, իսկ իրենք, ահա, խելքի ծով են: Նիկոլն էլ, բնականաբար, խելքի օվկիանոս է՝ անընդգրկելի, թող որ՝ ոչ «խաղաղ»:

Որեւէ մեկը, անշուշտ, չի ժխտում, որ ՔՊ իշխանական կայտառ զանգվածը տիրապետում է գիտելիքների որոշակի ծավալի, ինչն էլ հաճախակի ցուցադրում է թե՛ քաղաքական հարթակներում, թե՛ հակառակորդների դեմ մարտնչելիս, մասնավորապես` Ֆեյսբուքի «ավարայրներում»: Բայց հասարակ մարդու, ժողովրդի ինչի՛ն են պետք, օրինակ, ՔՊ-ական նախարար Արայիկ Հարությունյանի խոր գիտելիքները արաբագիտությունից (զուգահեռաբար` նաեւ սորոսոլոգիայից), կամ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ակնբախ նվաճումները թուրքագիտությունից, կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նրբին իմացությունը կիրառական մաթեմատիկայից ու ֆինանսներից, եթե դրանք բոլորը «կիրառվել»՝ ի սպաս են դրվել սեփական բարեկեցությանն ու բարօրությանը: Չէ՞ որ դրանք գիտելիք են, բայց ոչ ինտելեկտ: Ինտելեկտը, բացի իմացաբանական կատեգորիա լինելուց, նաեւ բարոյական հասկացություն է, եւ երբ գիտելիքին չի գումարվում բարոյականություն, գիտելիքը դառնում է ինքնաբավ, նրա բնական տրանսֆորմացիան կանգ է առնում՝ այդպես էլ չդառնալով ինտելեկտ:

Ե՞րբ է գիտելիքին բարոյականություն գումարվում: Երբ գիտելիքը շահագործվում է իբրեւ հանրաշահ նպատակների ծառայող գործիք, որով էլ երեւան է գալիս նրա հասարակական արժեքը եւ նշանակությունը: Հիմա եկեք տեսնենք, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` արդյո՞ք բարոյական «մարդ» է իշխանությունը` ի դեմս վերոնշյալների, արդյո՞ք ունի խելքն ինտելեկտի վերածելու ներքին բարոյական միջավայր ու խթանիչներ: 
Կասկածում եմ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք:

Դեռ ավելին` համոզված եմ, որ, օրինակ,  2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ նիստերի դահլիճում 88 «գիտելիքահեն» մարդ զբաղված էր իր` ինտելեկտուալ մարդ համարվելու եզակի հնարավորությունը վերջնականապես թաղելու գործով: Այդ օրը 88 մարդու մեջ մեռավ ինտելեկտուալը: (+1-ն էլ կա, բայց նա նույնիսկ գիտելիք չունի): Ողորմի: 

Չընկալվի այնպես, թե ժխտում եմ գիտելիքի եւ իմացության առկայությունը մեր երիտասարդ իշխանավորների ուղեղներում. բնականաբար՝ ո՛չ, սակայն կուզենայի պարզել, թե, այնուամենայնիվ, ի՛նչ է այդ գիտելիքը, նյութականանալու կամ դրսեւորվելու ի՛նչ եղանակներ ունի: Այդ գիտելիքներով երկիր ու ժողովո՞ւրդ է կորոնավիրուսի համավարակից նվազագույն կորուստներով դուրս եկել, կորոնավիրուսի ստեղծած «տնտեսական հնարավորություննե՞րն» են նյութականացել՝ իբրեւ առաջընթաց կամ «տնտեսական հեղափոխություն», գուցե աղքատության մակարդա՞կ է նվազել: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ երրորդը: Եվ եթե ոչ, ապա ո՞ւմ է պետք ձեր գիտելիքը, տիկնա՛յք եւ պարոնա՛յք: Մի՞թե պարզ չէ, որ դրսեւորման առավել հանրօգուտ հնարավորություններ չփնտրելով՝ ձեր գիտելիքն ուղղվել է, օրինակ, աներեւակայելի չափերի հասած ձեր պարգեւավճարները «գիտականորեն» հիմնավորելուն, Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած ոտնձգությունները «փաստարկելուն», սանձարձակ «փռեմ-ծեփեմ»-ները որպես իրավունքի ու օրինականության վերջին ճիչ ներկայացնելուն: Ձեր գիտելիքը բավականացրել է արտակարգ դրության պայմաններում խնդրահարույց եւ վտանգավոր օրինագծեր պլստացնելուն, ընդդիմության բոլոր բանական առաջարկներն ու խորհուրդները մերժելուն: 

Եվ ձեր գիտելիքը, գուցե ձեզնից էլ աննկատ, անբարոյացել է՝ «շնացել»` խառնակվելով նենգության, ատելության, անարդարության, անսկզբունքայնության հետ: Ձեր գիտելիքը խժռում է ձեզ: Որեւէ կասկած չկա, որ դուք ձեր գիտելիքներն ու իմացությունն այսուհետ էլ կծառայեցնեք ձեր կուսակցական կամ անձնական նկրտումներին, ասել է թե` երբեք չեք ապրի գիտելիքն ու իմացությունը ինտելեկտ դարձնելու խորապես մարդկային զգացողությունը:
Իսկ վերջինը հաստատ ավելին է, քան ձեր բոլոր նկրտումները: