Կառավարության հավանությանն արժանացած Սինեմաթեքի համար կպահանջվի 480 մլն դրամ

Կառավարության հավանությանն արժանացած Սինեմաթեքի համար կպահանջվի 480 մլն դրամ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր ամփոփելով անցած տարվա աշխատանքները խոսեց նաեւ առաջիկա ծրագրերից։ Մասնավորապես Կինոմիության մեծագույն նախաձեռնություններից մեկը ապագա կինոթանգարանի՝ Հայաստանի ազգային Սինեմաթեքի ստեղծումն է, որը չի լինելու միայն կինեմատոգրաֆիստերի սեփականությունը, այլ նաեւ Երեւան քաղաքի եւ մշակույթի նախարարության համատեղ կենտրոնը, որը կծառայի տուրիզմին, կրթությանը, մշակույթին։ Նա նկատում է, որ մինչեւ իշխանափոխությունն արդեն ունեին կառավարության դրական կարծիքը, բայց իշխանափոխությունից հետո գործընթացը կարծես կանգ առավ։

«Մենք համատեղ կարող ենք անել առաջին լուրջ ներդրումը՝ ստեղծել միջազգային մակարդակի լուրջ մշակութային կենտրոն։ Որպեսզի Սինեմաթեքն ու մեծ դահլիճը կարողանանք ապավոհել տեխնիկայով, օդափոխությամբ եւ նոր ժամանակակից կինոտեխնիկայով մեզ անհրաժեշտ է մոտավորապես 480 մլն դրամի չափ գումար»,-ասում է Խաչատրյանն ու նկատում, որ դեռ ամիսներ առաջ Մակունցը պատասխանել էր, որ բարձր են գնահատում նախագիծը եւ վարչապետի կարգադրությամբ օգնելու են ստեղծել այդ կենտրոնը, ավելին՝ 2019թ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին կսկսվի շինարարությունը։ Այս ընթացքում կինեմատոգրաֆիստների միություն այցելել է նաեւ Հայաստանի նախագահը, շրջել այն տարածքում, որտեղ պետք է կինոթանգարանը կառուցվի՝ հավանություն տալով գաղափարին: 

Մեկ այլ կարեւոր խնդիր է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի մշակումը, որը ըստ Խաչատրյանի, նախկին իշխանությունների օրոք չկարողացան այնպես անել, որ նոր օրենքը լինի հավասար։ «Կարծես թե դրսի մարդկանց համար ուզում էին ստեղծել ավելի լավ պայմաններ Հայաստանում կինո նկարելու համար՝ Հայստանի ամբողջ կինեմատոգրաֆիկ ներուժը օգտագործելով իբրեւ ծառայող։ Մենք ուզում ենք, որ հավասար լինեն բոլորի իրավունքները։ Մենք 2 շատ կարեւոր պահանջ ունեինք կինոօրենքից․ որ բոլորը պետք է լինեն հավասար եւ պետք է անպայման օգնել տեղացի արտադրողներին։ Մենք թույլ չենք տա, որպեսզի տեղացի կինոգործիչներին եւ ստեղծագործողներին օգտագործեն որպես ծառայողներ։ Հիմա եվրոմիության պատվերով «Ոսկե ծիրանը» եւ կինո անհանտները սկսել են նորից զբաղվել Կինոյի մասին օրենքով, որպեսզի լրջորեն եւ վարպետորեն ստեղծեն այդ օրենքը»։ 

Ինչ վերաբերում է կինոմիությանը, ապա մեկ տարվա մեջ տեղի է ունեցել մոտ 150 միջոցառում՝ կինոդիտում, կինոքննարկում, հանդիպում, բանավեճ, զրույց, ցուցահանդես, որին մասնակցել է մոտ 10.000 հանդիսական։ 43 տարի անց բացվեց կինոյի տան մեծ դահլիճը, նորոգվեց կինոդահլիճը՝ պահպանելով նախնական տեսքն ու ճարտարապետական լուծումները: Ձևավորել է Կինեմատոգրաֆիստների միության մասնաճյուղը Գյումրիում, առաջիկայում այն կձևավորվի նաև Վանաձորում: Իրականցվել են մի շարք սոցիալական, առողջապահական ծրագրեր։ Ձևավորել են կինոպրոդյուսերների, կինոսցենարիստների, կինոռեժիսորների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների, կինոկասկադյորների գիլդիաներ, որպեսզի պրոֆեսիոնալ մարդիկ համախմբվեն իրենց մասնագիտական խնդիրների շուրջ, քննարկեն մասնագիտական խնդիրները՝ համագործակցելով միմյանց հետ ձևավորեն ընդհանուր գործող շուկա: