«Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են...» 

«Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են...» 

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է իր «բացահայտումների» շղթան: Ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ դա կատարում էր 100-ական փաստերի առումով: Իսկ հետո մի օր այն դադարեցվեց և այլևս չշարունակվեց: Կարծում եմ, որ «բացահայտումների» այս շղթան ևս կարժանանա նույն ճակատագրին: Բայց քանի դեռ դրանք շարունակվում են՝ մենք ստիպված ենք արձագանքել դրանց: Ստիպված ենք, քանի որ դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր, ուղեղներն անջատած, կրկնում են նիկոլական ստերը: Ստերը, քանի որ վերջինիս «բացահայտումները» կա՛մ հերյուրանքներ են նախկինների հասցեին և կա՛մ պարզապես ստեր: Իսկ այս իշխանությունը ծնվել է ստի ու կեղծիքի հիմքի վրա՝ դրա մասին բազմիցս եմ գրել թե՛ ես և թե՛ ուրիշները: Սակայն դեռևս առկա են բազմաթիվ մարդիկ, որոնց համար Նիկոլի ստերը ճշմարտություն են: Եվ այդպես էլ պետք է լիներ, այլապես իմաստ չէր ունենա նախապես պատրաստել այդ ճառերը: Եվ կրկնել, անընդհատ կրկնել դրանք: Որ մենք էլ ստիպված լինենք անընդհատ հերքել: Հատկապես ինձ նմանները, ովքեր նախկին չեն եղել, այլ ընդհակառակը, տարիներ շարունակ պայքարել են նախկինների դեմ: Սակայն սուտն ու հերյուրանքը չեն գերադասում ճշմարտությունից:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի «բացահայտումներում» կամ ստերում առկա է մեկ այլ հանգամանք, որ սովորաբար հաշվի չի առնվում նիկոլապաշտ կամ նույնիսկ անտարբեր մարդկանց կողմից: Դա այն է, երբ հերթական սուտն ասելիս կամ նախկինում ասվածը կրկնելիս վերջինս այնպես է ոգևորվում, որ մոռանում է նույն թեմայի առումով, բայց լրիվ հակառակ իմաստով, նախկինում իր կողմից ասվածը (ասվածները):

Կամ էլ գիտակցորեն կամ անգիտակցաբար մոռացության է մատնում է իր գործողությունները, որ կրկին հակասության մեջ են մտնում իր խոսքերի հետ: Բերեմ մեկ-երկու օրինակ: Բազմիցս կրկնված ստերից մեկը պատերազմի անխուսափելիության թեման է: Ինչը կրկնվեց Ազգային ժողով-կառավարություն վերջին հարց ու պատասխանին: Ավելի ճիշտ այն հանգամանքը, որ պատերազմն արդեն սկսվել էր 2016-ին և չէր ավարտվել: Եվ Սերժին մերժելով ու վարչապետ կարգվելով՝ ինքը ժառանգություն է ստացել այն: Եվ ասվածը փորձում է հիմնավորել Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթներից հատվածներ առանձնացնելով ու մեջբերում անելով: Բայց «մոռանում» է շատ կարևոր մի հանգամանք. 2016-ի քառօրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն չի կրել: Ռուսական ռազմական փորձագետներից մեկը ութ էջանոց վերլուծություն նվիրելով քառօրյային՝ եզրակացրել էր, որ այն ռազմական առումով «ոչ ոքի է» (боевая ничья):  

Չնայած հաշվի առնելով, որ հենց նախահարձակ թշնամին է ռուսական կողմին խնդրել պատերազմը դադարեցնելու միջնորդության մասին, ապա քառօրյայի արդյունքը կարելի էր համարել հաղթական: Ու եթե չլիներ 2018-ի գարնանային իշխանափոխությունը՝ Ւլհամը դեռ երկար կմտածեր, նախքան նոր պատերազմ սկսելը: Հատկապես որ քառօրյայում կրկին հաստատվեց Հայոց բանակի՝ տարածաշրջանում լավագույն լինելու դրույթը: Ի դեպ, 2018 թվականի բանակի գնումների պլանում առկա էր 1000 ԱԹՍ-ների ձեռք բերում, ինչը չեղյալ էր հայտարարվել Նիկոլի կողմից: Եվ եթե այն կյանքի կոչվեր, ապա պատերազմական թատերաբեմի երկինքը չէր տնօրինվի թշնամու կողմից: Ինչը նշանակում է, որ Իլհամի նախաձեռնած նոր պատերազմն արժանանալու էր նախորդի ճակատագրին:  Եվ մեր բանակի՝ տարածաշրջանում լավագույն լինելու դրույթն այսօր չէր ներկայացվի որպես միֆ, առասպել: Չէ որ ժամանակին հենց Նիկոլն է հպարտացել մեր բանակի անպարտելիությամբ. հիշենք Տավուշի մարզի հուլիսյան դիրքային մարտից հետո օգոստոսի 8-ին Սարդարապատում կազմակերված մեծարումը: Ինչպես նաև ինքնամեծարումը՝ որպես ՀՀ ԶՈՒ «գլխավոր հրամանատար»:

Կրկին բազմիցս կրկնված՝ երկրորդ օրինակը վերաբերում է 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներին: Դրանք ընդունելով՝ նախկիններն, ըստ Նիկոլի, մեխանիկորեն ընդունել են, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Եթե այդպես է, ապա ինչու և/կամ ինչպես էր ինքը 2019-ի աշնանը Ստեփանակերտի հանրահավաքում հայտարարում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Դա՝ մեկ, և երկրորդ՝ ինչու էր ավելի վաղ՝ նույն թվականի գարնանը, Գյումրիում կազմակերպված գործարար համաժողովում լռելյայն համաձայնվում հանդիսավարի այն խոսքի հետ, թե (Արցախի նախագահ) Բակո Սահակյանը Հայաստանի Արցախի մարզի մարզպետն է: Եվ նույնն, իբրև թե կատակով, կրկնում իր աշխատասենյակում՝ Արցախի նախագահին պաշտոնապես ընդունելով: Եթե ինքը Սերժ Սարգսյանից ժառանգություն էր ստացել Մադրիդյան սկզբունքերը և ըստ այդմ՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, ինչպես էր Արցախը հայտարարում որպես Հայաստանի մաս: Թե՞ ինքը դեռևս տարված էր հեղափոխական էյֆորիայով և բանի տեղ չէր Մադրիդյան սկզբունքներ կոչված երևույթը:  

Այնպես որ, եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, ապա Արցախը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում: Եվ խնդիրը ո՛չ թե Մադրիդյան սկզբունքներ են, այլ դավաճանությունը (հիշենք լրագրող Նաիրի Հոխիկյանի բացահայտումը մի քանի հազար զոհի գնով Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ)՝ դրան գումարած զինված ուժերի բացարձակ ապաշնորհ կառավարումը: կամ հատկապես գիտակցաբար ապաշնորհ կառավարումը պարտվելու մտադրությամբ: Համենայն դեպս, ես վստահ եմ, որ վերջին հարց ու պատասխանի ընթացքում ասված այն խոսքը, թե իրենց «հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես՝ ասելու են...» իրականում մեղայական է, ինչն իշխանափոխությունից հետո կրկի հնչելու է դատարանում որպես հաստատված իրողություն: Այն դատարանում, որում, որպես դատավոր, հանդես են գալու ժամանակին հենց իր կողմից առաջադրված (բնականաբար, ոչ պաշտոնապես) և արդարադատության նախարարության «վեթինգի մաղով» անցկացված երիտասարդները: