Տոկիոյի օլիմպիադան լի էր տարօրինակություններով

Տոկիոյի օլիմպիադան լի էր տարօրինակություններով

Համաշխարհային մարզական ամենապատկառելի ստուգատես-փառատոնը` օլիմպիադան, որի մասնակից, առավել եւս` մրցանակակիր լինելը միլիոնավոր երիտասարդների երազանքն է, այս անգամ անցկացվեց Տոկիոյում: Այն լեցուն էր ոչ միայն սուր ու գրավիչ մրցավեճով ու գրանցված բարձր ցուցանիշներով, այլեւ անսպասելի իրադարձություններով։ Նախ հիշենք, որ դաժան համաճարակի պատճառով դրանք ոչ միայն մեկ տարով հետաձգվեցին, այլեւ մրցումներն անցկացվում էին հանդիսականներից զուրկ մրցասպարեզներում։ 

Մթնոլորտը շիկացած էր նաեւ Տոկիոյում։ Բելառուսի թեթեւաթլետների հավաքականում, օրինակ, մեկնարկից առաջ պարզվեց, որ 4×400 մետր վազքի համար չորրորդ մասնակիցը զարմանալիորեն անհետացել է։ Որպես փրկություն՝ մարզիչները շտապ որոշեցին թիմը համալրել Քրիստինա Տիմանովսկայայով, նրանով, ով եւս նախապատրաստվում էր վազքի, սակայն 200 մետր տարածությունում։ Նա կտրականապես հրաժարվեց առաջարկից։ Եվ ի՞նչ։ Հավաքականի ղեկավարները նման վարքագիծը բնորոշեցին որպես  էմոցիոնալ-հոգեբանական ու որոշեցին անհապաղ նրան վերադարձնել հայրենիք։ Այս պատմությունը շուտով ստացավ քաղաքական երանգներ` Տիմանովսկայան Տոկիոյի օդանավակայանում հեռախոսով կապվեց Լեհաստանի դեսպանատան հետ եւ խնդրեց աջակցել՝ ձեռք բերելու Վարշավայի տոմս, եւ այսօր մարզուհին գտնվում է Լեհաստանում՝ վճռել է փոխել քաղաքացիությունը։

Գրեթե նույն միջադեպը գրանցվեց նաեւ կանանց մարմնամարզության ամերիկյան թիմում։ Անսպասելի կերպով մարզիչները գտան, որ օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սիմոնա Բայլզը, որի ելույթները, ինչպես ժամանակին գրում էին թերթերը, հիացած մարզասերները դիտում էին հոտնկայս, պարզվեց, որ չպետք է հանդես գա Տոկիոյում, քանի որ տառապում է «հոգեբանական անհավասարակշռությամբ»։ Ճիշտ է, մրցումների ավարտական օրը մարզիչները կարծես սթափվեցին՝ Սիմոնային թույլ տալով հանդես գալ առանձին գործիքների վրա վարժություններում, եւ այս անգամ ոսկեփայլ մրցանակի արժանանալու նրա հույսերը հօդս ցնդեցին, նրան` հուսահատվածին, բաժին հասավ սոսկ մեկ, այն էլ՝ բրոնզե մեդալ։ 

Իսկ ամենամեծ անակնկալը գրանցվեց տղամարդկանց բարձրացատկի մրցումներում։ Ստացվեց այնպես, որ լավագույն արդյունք` 2 մետր 37 սանտիմետր գրանցեցին իտալացի Ջանմարկո Տամբերին եւ քաթարցի Մութազ Բարշիմը։ Եվ, այ քեզ բան, երկուսն էլ հռչակվեցին օլիմպիական չեմպիոն։ Ոչ պակաս տարօրինակ էր եւ այն, որ սա ընկալվեց որպես օրինական որոշում։ 
Նման հավասար ցուցանիշ գրանցվեց նաեւ մարմնամարզիկների հենացատկերի ժամանակ, ընդ որում ստացվեց այնպես, որ նույնիսկ հազարերորդական բալային ցուցանիշներով գրանցվեց նույն արդյունքը` 14,783։ Այսպիսի թվեր գրանցեցին կորեացի Սին Դաս Խվարը եւ ռուսաստանցի Դենիս Օբլյազինը։ Ի դեպ, այդ նույն մրցաձեւում իրեն հրաշալի դրսեւորեց նաեւ երեւանցի Արթուր Դավթյանը` 14,733 բալով, արժանանալով բրոնզե պարգեւի։ Հավանաբար կհետաքրքրվեք` վերոհիշյալ երկու մարմնամարզի՞կն էլ հռչակվեցին չեմպիոններ։ Ավաղ, ոչ։ Ոսկե մեդալը բաժին հասավ միայն կորեացուն, որի ցուցադրած վարժությունների կատարման հնարքները, պարզվում է, ավելի բարդ էին։ Եթե բարդ էին, ապա ինչո՞ւ վաստակած միավորներն էին պակաս։ Այս դեպքում ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում...

Հետաքրքիր է նաեւ, որ Տոկիոյում գումարված նիստից հետո նոր իրավունք ստացավ ՄՕԿ-ի գործկոմը, որն այժմ արդեն մրցումների ծրագրից կարող է հանել ցանկացած մրցաձեւ, եթե հաստատվի, որ միջազգային որեւէ ֆեդերացիա գործի այնպես, ինչը կարող է վնաս հասցնել օլիմպիական շարժմանը։ Նշված է նաեւ, որ առաջինը նման թիրախում հայտնվեց ծանրամարտը, եւ օրերս էլ պարզվեց, որ 2024 թվականին Փարիզում նախատեսված հաջորդ խաղերում ծանրամարտի մրցումների ծրագրից հանվել են երկուական (կանանց եւ տղամարդկանց) քաշային կարգեր։ Ավելին, որոշվեց ընդհանրապես օլիմպիադայի ծրագրից հանել կարատե, բեյսբոլ եւ սոֆտբոլ մրցաձեւերը, սակայն բացել նոր` բրեյք-դանսի ասպարեզ։ Ըստ այդմ էլ որոշ փոփոխություններ են կատարվել Տոկիոյում կայացած խաղերի ամփոփիչ աղյուսակում։ 

Լավ կլիներ, եթե ՄՕԿ-ն ուշադրության կենտրոնում պահեր նաեւ մրցավարության օբյեկտիվության հարցը, մանավանդ որ այս ոլորտում անարդարությունների պակաս չէր զգացվում, եւ դա հաստատում է նաեւ համացանցը։ Հենց այս հանգամանքը, երեւի թե նաեւ նախորդ գոտեմարտում ստացած վնասվածքն իրենց հետեւանքը թողեցին մեր գլխավոր հույսի, 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանի վճռական գոտեմարտի ընթացքի վրա՝ ի վերջո, ավաղ, դառնալով նաեւ ցավալի պարտության պատճառ։ Բայց եկեք մինչեւ վերջ արդար լինենք․ եթե գոտեմարտը տանուլ ես տվել 1:5 հաշվով, խոստովանիր, որ դրանում ինչ-որ չափով դու էլ ունես մեղքի քո բաժինը։ Այդուհանդերձ, ինչպե՞ս չհպարտանալ, որ այժմ արդեն Արթուր Ալեքսանյանը դարձել է օլիմպիական բոլոր երեք ձուլվածքի մրցանակների արժանացած դյուցազնը, մի բան, ինչը համարվում է բացառիկ ցուցանիշ ու շատ-շատերի բաղձալի երազանքը։

Ափսոս, որ, դարձյալ որոշիչ ելույթի ժամանակ, անկարող եղավ իր գլխավոր նպատակին հասնել 109 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Ինչպեսեւ նախորդ օլիմպիադայում, նա վերստին բավարարվեց արծաթե մեդալով։ Թվում է, թե սա հետեւանք էր ոչ այնքան ստույգ տակտիկական հաշվարկի… Մեր սպորտի դրոշակակիրներ համարվող երկու հսկան էլ, հասկանալի է, չեն կարող գոհ մնալ իրենց ելույթներից։ Այստեղ ուզում եմ հիշեցնել Վիկտոր Հյուգոյի խորհուրդը. «Այն, ինչ մահացել է իբրեւ իրականություն, կենդանի է իբրեւ խրատ»։ 

Ինչ վերաբերում է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, ապա նրանք դրսեւորեցին բոլոր կարողությունները եւ հասան իրենց նպատակին։ Բայց թվում է, հնարավորություններ կային պայքարելու նաեւ արծաթափայլ մրցանակների համար։   
Ոմանք այսօր համոզված են, որ մեր պատվիրակությունը նախորդ ստուգատեսի համեմատ առաջընթաց է գրանցել, թեկուզ նկատի ունենալով այն, որ մեր մրցանակակիրները ներկայացնում էին չորս մարզաձեւ։ Իրականում տեղի ունեցածն այլ կերպ, քան շատ համեստ ցուցանիշ, դժվար է բնորոշել։ Էլ չեմ ասում այն մասին, որ վերջին վեց օլիմպիադաներում նվաճված մեր միակ ոսկե մեդալն այսօր «հարազատ զուգընկեր» չունի, հետեւաբար, լուրջ հաջողությունների մասին նշելը բնավ տեղին չէ։

Տոկիոյի օլիմպիադան հուշում է, որ հարկ է ավելի շատ հոգ տանել ոչ միայն մարզական կյանքը նոր շուքով աշխուժացնելու, մարզումների արդյունավետությունը բարձրացնելու մասին, այլեւ անհրաժեշտ է վերջապես հասնել այն բանին, որպեսզի մեզ մոտ էլ, ինչպես մեր հարեւան երկրներում, գոնե տարին մեկ- երկու պատկառելի հեղինակավոր մրցումներ անցկացվեն, ինչը հնարավորություն կտա մեծ հույսեր ներշնչող մեր պատանիներին՝ անմիջականորեն ականատես լինելու, ինչ-որ բան սովորելու մեծ սպորտի հիրավի անվանի վարպետներից, թե ինչպես է լուրջ հաջողությունների ճանապարհ բացվում, երբ կարողանում ես հմտորեն զուգակցել դյուցազնական ուժը, տեխնիկական նուրբ հմտություններն ու խելամտությունը։

Ներկայացնենք օլիմպիադայում գրանցված ամփոփիչ խոսուն ցուցանիշները։

                                                               Լավագույն եռյակը՝ նոր տեսքով

ԵՐԿԻՐ             ԳՐԱՎԱԾ ՏԵՂ            ՆՎԱՃՎԱԾ ՄԵԴԱԼՆԵՐ
                                                          
                                                        ՈՍԿԵ        ԱՐԾԱԹԵ        ԲՐՈՆԶԵ

ԱՄՆ                        1                         39                39                       32
Չինաստան            2                         38               32                       19
Ճապոնիա              3                         25               13                       17
     
 
                                                Մենք եւ մեր հարեւանները

Իրան                      27                         3                  2                       2
Վրաստան             33                         2                  5                       1
Թուրքիա               35                         2                  2                       2
Ադրբեջան             67                         0                  3                       4
Հայաստան           69                          0                  2                       2

Միսակ Նազարյան