Կյանքի իմաստը կորցրած մարդը ճարահատ դառնում է սանձարձակ

Կյանքի իմաստը կորցրած մարդը ճարահատ դառնում է սանձարձակ

Վերջին պատերազմում կրած առեղծվածային ու ամոթալի պարտությունը, չնայած «կյանքը շարունակվում է» արդարացմամբ մոռացության տալու ոմանց ճիգերին, չի բթացրել տառապանքի ցավը: Լավատեսության տեղ չի մնացել, որովհետեւ պատերազմը ծորում-տարածվում է շուրջբոլորը ու դառնում կենսակերպ:

Հեղափոխականները խելահեղ ծայրահեղականությամբ վատաբանելով՝ բացասեցին 30-ամյա պետական գոյությունն իսկ: Նրանք այն աստիճան խորշակահարեցին մարդկանց հոգիները, որ անտերունչ մնաց պետական ինքնիշխանության ու հայաբնակ Արցախի պահպանման համազգային գործը: Կորստյան բարդույթը խոցել-արժեզրկել է մեր մարդկային ու ազգային նեցուկները, մնայուն գաղափարները դարձրել երերուն, անճարակ առաջնորդներին գինովցրել, ինչ-որ բանի ընդունակներին դարձրել անվստահ: Մարդիկ կյանքի դարպասներին կարդում են վերջին պատվիրանը` «Ապրել միայն տառապելով»: Նրա փոխարեն կուրորեն քվեարկել են` չթողնելով ընտրության ճար: Մնում է տապակվել կորսվող պետականության տառապանքում: Ուրիշ ինչ անել, եթե չես հավատում հյուսիսային սյուզերենիդ կենսունակությանը եւ անտեղյակ ես մայրամուտի մտադրությանը: Կամ` եթե գահազրկվել են կյանքի իմաստի, արդարության, ճշմարտության, ազատության աստվածությունները, ինչ հոգ, թե որտեղ քուջուջ կանեն «ժողովրդավարություն», «հակակոռուպցիա», «կանանց հավասարություն» անվանված անթեւ հրեշտակները:  

 Վստահության կորստից տառապող մարդիկ չգիտեն` ում հավատալ, ինչի ձգտել: Իմաստաստեղծ արժեքների եւ կենսիմաստի կորուստն ախտահարել է մարդկանց բնականոն կենսագործունեությունը: Ուրեմն պատրանք էր դեպի «ազատ, անկախ» կանչող «արի տուն»-ը: Հայրենիքն էլի «թշվառ ու անտեր»-ներին մնաց, իսկ դրսում նույն «գաղթական ու թափառականն» ենք: Այլեւս ի սկզբանե խոսքն ու բանականությունը չեն, այլ իշխելու մոլուցքը:

Օգոստոսի 24-25-ին խորհրդարանում սառնասրտորեն իրականացրած բռնությամբ իշխանությունը հայտնեց` ես եմ միակ ճշմարտությունը, եւ իմն է սանձարձակության իրավունքը: Մոռանալով, որ կյանքի իմաստը կորցրած մարդը ճարահատ դառնում է սանձարձակ:

Արա Սահակյան