Սապոգը հուսալի է մարտում

Սապոգը հուսալի է մարտում

Եթե գեներալն իր կյանքում գոնե մեկ անգամ սապոգով չմտածի, էլ ի՞նչ գեներալ: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ մի մարդ Ազատության հրապարակում բղավում էր՝ Ման-վել, Ման-վել, Գա-գիկ, Գա-գիկ: Ովքե՞ր էին այդ Մանվելն ու Գագիկը: Գեներալներ: Գեներալներ, որոնք քայլ էին կատարել սապոգով մտածելու արդյունքում: Ոչ ոք նրանց չէր ստիպել անել այդ քայլը, բայց որ մի անգամ սապոգով էին մտածել՝ արեցին: Որո՞նք եղան այդ քայլի հետեւանքները: Նախեւառաջ եկեք հստակեցնենք, թե ինչ կպատահեր, եթե Մանվելն ու Գագիկը 2008-ին կարողանային օգնության հասնել Ազատության հրապարակում հավար գցած մարդուն: Այո, այդ մարդու ողորմածությամբ երկու գեներալն էլ իսկույն կհայտնվեին խորհրդարանում:

Ճիշտ է, մարտի 1-ին մի քիչ ավելի արյուն կթափվեր, բայց դե՝ գեներալ կա՞, որ արյունից վախենա: Ավելի ուշ գեներալ Մանվելը, այնուամենայնիվ, հայտնվեց խորհրդարանում, բայց դա արդեն միանգամայն այլ պատմություն է, որն ավարտվում է վերին Երուսաղեմում: Աստված հոգին լուսավորի: Գամ Գագիկին: Գագիկը պատգամավոր է այսօր, երբ իշխանության ղեկի մոտ է Ազատության հրապարակում «Գա-գիկ» վանկարկող մարդու անհաջող քաղաքական երեխան՝ Նիկոլը: Այստեղից հետեւություն՝ գեներալները տարբեր են լինում:

Որոշ գեներալներ իրենց կյանքում գոնե մեկ անգամ սապոգով մտածում են, իսկ որոշ գեներալներ էլ թեեւ ոչնչով չեն մտածում, բայց կարողանում են օգտվել սապոգով մտածողների քայլերից: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը հիշո՞ւմ եք: Էն, որ միլիցեն հարցնում է՝ ո՞վ առաջինն ասաց՝ մորթենք: Դիցուք, այս դեպքում Մանվելն է ասել՝ մորթենք, իսկ Գագիկն էլ, դե մոլորված ոչխար էր ընկել ձեռքը, ասաց՝ մորթենք: Ասել է ու ոտքերը բռնել: Ինչեւէ, Մանվելի շվաքում մարդ դարձավ, այսօր էլ ՔՊ-ական պատգամավոր է եւ հայտնի չէ, թե երբ մի անգամ սապոգով ինքնուրույն կմտածի:

Գեներալ Օնիկ Գասպարյանի՝ սապոգով մտածելու եւ քայլ անելու աստեղային ժամն այս տարվա փետրվարի 25-ին էր: Եվ նա արեց այդ քայլը, միայն թե երկու քայլանոց օպերացիայում շփոթեց քայլերի հերթականությունը: Դե, սապոգով մտածելու դեպքում այսպիսի բաներ լինում են: Ուրեմն՝ փոխանակ Նիկոլին կապկպեր եւ հետո հայտարարություն աներ, սկզբում հայտարարությունն արեց, իսկ հետո արդեն Նիկոլը տեղում չէր, որ բռնի: Իսկույն խելացի մարդիկ ի հայտ եկան՝ Արմեն Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, թե բա՝ չի կարելի ռազմական հեղաշրջում անել: Կարելի էր մտածել, որ Ալիեւը 44-օրյա պատերազմով Հայաստանում արդեն ռազմական հեղաշրջում չէր արել: Ո՞վ էր Նիկոլն այդ պատերազմից հետո՝ հողատու, պարտված, կապիտուլացված գերագույն գլխավոր հրամանատար: Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, եթե նա հեռանար Օնիկ Գասպարյանի «հեղաշրջման» արդյունքում…

Ինչ էլ ասեք՝ ես սիրում եմ, երբ գեներալը սապոգով է մտածում: Գլխով, լեզվով կամ հետույքով մտածողներն այնքան շատ են, որ նույնիսկ հոգնեցուցիչ է: Բայց երբ գեներալն է սկսում սապոգով մտածել, բոլոր մտածողները լռում են: Եթե մեր գեներալները գոնե մեկ անգամ սապոգով չմտածեին, մենք Շուշի եւ Քարվաճառ չէինք ազատագրի, Հորադիզ չէինք հասնի: Հենց ԼՏՊ-ն գեներալներին խստագույնս հրամայեց միառժամանակ սապոգով չմտածել, Շահումյանը մնաց թշնամուն: Վերջում հասկացավ իր սխալը, բայց ի՞նչ կարող էր անել, բացի «Մանվել» ու «Գագիկ» կանչելուց: Թեկուզ գեներալ Սյամոյին հիշենք: Ողջ կյանքը սապոգով է մտածել, բայց ի՞նչ վատ է՝ կուսակցություն ունի, անուն ունի, հարգանք ունի, կանանց շրջանում սրտակերի համբավ ունի…

Երբ գրում էի այս ամենը, մի ներքին ձայն, «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ձայնին նման, ինձ ասում էր՝ այ տղա, բա ինչո՞ւ ես առանձնացնում Սեյրան Օհանյանին, նրա արարքի մասին չես գրում, թեւերդ փռում ես վրան: Էդ էր պակաս մնացել, տիկին Օհանյան, համ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իմ պաշտպանության կարիքը չի զգում: Այո, նա մի ակնթարթ սապոգով մտածեց եւ շիշը տվեց դուզ Շիշ բռնողի գլխին:  

Պատկերացնո՞ւմ եք, եթե Սեյրան Օհանյանն էլ քայլերի հերթականությունը շփոթեր՝ սկզբում հայտարարեր, որ շիշը կտա գլխին, եւ հետո փորձեր դա անել: Բա Ալեն Սիմոնյանն ինչի՞ համար է այնտեղ նստած: Իսկույն կկանխեր: Սեյրան Օհանյանը շատ թափանցիկ գործեց, եւ բոլորս տեսանք, թե ինչ եղավ՝ Շիշ բռնողը նախ «ուխոդ» արեց (ուխոդ անելը Նիկոլից է սովորել), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեցին, եւ ՔՊ-ական «աներձագները» վերնաշապիկները շալվարի տակ դրած ներս մտան, զգացվեց, որ գեներալի նետած շիշն իր նպատակին է հասել:

Ուսապարկերն ինչ-որ չափով սկսեցին հարգալից գեղգեղալ: Ես հիմա չեմ կարող ասել՝ Սեյրան Օհանյանի տեղը դահլիճում կփոխե՞ն, թե՞ նրան ընդհանրապես մեկ շիշ ջրից էլ կզրկեն, բայց դա արդեն էական չէ: Փաստ է, որ Շիշ բռնողի հրահրած միջադեպը մինչեւ վերջինիս քաղաքական կարիերայի ավարտը զարդարելու է նրան:

Հորդորս Սեյրան Օհանյանին եւ մեր բոլոր մյուս գեներալներին: Թուրքը մտել է մեր տուն: Բավական եղավ, ինչքան Նիկոլ խաղացրինք: Սապոգով մտածելու եւ քայլ անելու ժամանակն է: