Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող կառույցները տալ վարձով

Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող կառույցները տալ վարձով

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը միջնորդեց նրա գույքի վրա դրված կալանքի արգելանքը վերացնել․ մասնավորապես՝ խոսքը 7 հասարակական կառույցի մասին է։

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց՝ բոլորը հասարակական կառույցներ են, որոնցից 5-ը գրանցված է Մանվել Գրիգորյանի անունով, 2-ը՝ իրավաբանական անձի։ 

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն  վկայականները ներկայացնել, այլ նաեւ պայմանագրերը․ «Միայն վկայականները ներկայացնելը բավարար չէ, խնդրում ենք ներկայացնել վարձակալության պայմանագրերը, որոնք պատրաստվում եք կնքել, որպեսզի այդ գումարները նպատակուղղվեն դեպոզիտ հաշվին։ Անհրաժեշտ է ներկայացնել այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը։ Այս փուլում վկայականները բավարար չեն, որպեսզի կալանքից հանվի գույքը»։

Պաշտպանական կողմը պնդեց իր միջնորդությունը՝ խնդրելով բավարարել այն։

Նախագահող դատավորի որոշմամբ՝ միջնորդության քննարկումը հետաձգվեց, մինչեւ կներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կպարունակեն տեղեկատվություն վարձակալության տալու, դրա պայմանագրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար: