Էրդողանը շնորհակալություն է հայտնել․ Բաքվում ցնծություն է

Էրդողանը շնորհակալություն է հայտնել․ Բաքվում ցնծություն է

Թուրքիայում շարունակում են ամփոփել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։ 

Տեղեկացրել ենք, որ Al-Jazeera-ն հայտարարել է Էրդողանի հաղթանակի մասին՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։ «Յենի Շաֆակ»-ն, իր հերթին, հայտնել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում ձայների 98%-ի հաշվարկից հետո Էրդողանը հավաքում է 52,8%-ը, իսկ նրա մրցակից, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,2 %-ը։ 

Շնորհակալ եմ իմ ազգին, որը մեզ ժողովրդավարության տոն պարգևեց։ Այդ մասին Ստամբուլում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր եկել են քվեարկության և իրենց կամքը հայտնել։

«Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, երիտասարդներին, կուսակցականներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր յուրաքանչյուր քաղաքացու, ով ևս մեկ անգամ մեր վրա դրեց երկիրը կառավարելու պատասխանատվությունը հաջորդ 5 տարիների ընթացքում»,- ընդգծել է Էրդողանը։

Կատարի, Ուզբեկստանի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն շնորհավորել են Էրդողանին՝ հաղթանակի կապակցությամբ։

Շնորհավորանքից բացի, Ալիևը թուրք գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Ի դեպ, Էրդողանը նշել էր, որ վերընտրվելու դեպքում առաջին երկիրը, որտեղ մտադիր է այցելել, կլինի Ադրբեջանը։ 

Այդ երկրի լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք տոնում են Էրդողանի հաղթանակը։

Թուրքական մամուլում արդեն հրապարակումներ կան այն մասին, որ առաջին շնորհավորանքն ստացվել է եղբայրական Ադրբեջանից։