«Արմավիր» ՔԿՀ-ն վթարային վիճակում է. սողա՞նք, թե՞ շինարարական սխալ

«Արմավիր» ՔԿՀ-ն վթարային վիճակում է. սողա՞նք, թե՞ շինարարական սխալ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որի կառուցումը սկսվել է 2007 թվականից եւ տեւել 7-8 տարի, այս պահին գտնվում է վթարային վիճակում։ Կալանավայրին մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ ժամանակին կառուցողները շինարարական սխալ են թույլ տվել, ինչի հետեւանքով շենքը փլվում է։ Ըստ որոշ գնահատականների՝ թերի է գցված շենքի հիմքը։ «Տակը փուչ է, շենքն աստիճանաբար փլվում է, անցնում է գետնի տակ։ Անվտանգության տեսանկյունից լուրջ խնդիր է առաջացել»,- ասում է մեր աղբյուրը։ Արդարադատության նախարարությունում առաջին անգամ էին լսում այս մասին եւ խորհուրդ տվեցին դիմել կալանավայրերի վարչություն։ Այնտեղից պատասխանեցին, որ շենքը կանգուն է, փլվում է ավտոկայանատեղին։

«Շենքի մասով տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Բայց փետրվարին քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմացի հրապարակում, որտեղ ավտոկայանատեղին է, սողանքի պատճառով ասֆալտը փլուզվել է։ Փրկարարական ծառայությունն է եղել։ Ինչ վերաբերում է շենքին՝ շենքը կայուն է»,- ասաց ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը երկհարկանի, փակ տիպի հաստատություն է, որը ՔԿՀ-ներից լավագույնն է համարվում։ Այն ազատ է նաեւ գողական բարքերից։ Խցերը 4 տեղանոց են։ Նախատեսված է 1200 բանտարկյալի համար, որոնց մի մասը ցմահներն են։ Կարծիք կա, որ այստեղ լավագույն պայմաններն են ստեղծված՝ անազատության մեջ երկար ժամանակ ապրելու համար։ Մյուս կողմից՝ հիմնարկի դատապարտյալները հաճախ բողոքում են ջուր չլինելուց եւ շոգից։