Ես ՍԴ-ի հետ կապվածը ճգնաժամ չէի բնութագրի

Ես ՍԴ-ի հետ կապվածը ճգնաժամ չէի բնութագրի

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի պատառիկային հրապարակումը երեկ փոթորկել էր իշխանական մատույցները։ Նրանց մի մասը պնդում էր, թե Վենետիկում լավ չեն պատկերացնում Հայաստանի դատական համակարգում ու ՍԴ-ում ստեղծված իրավիճակը, մյուս մասն ընդհանրապես կասկածի տակ էր դնում այդ արձանագրության հավաստիությունը, երրորդներն էլ բացառապես ուրիշ բան էին ասում։ Փաստաթուղթն ու դրա շուրջ ծավալված քննարկումները հիշեցնում էին ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի  շեդեւր վճիռները, որոնք կողմերից յուրաքանչյուրը կարողանում էր մեկնաբանել իր օգտին կամ մյուսի դեմ։  

Զեկույցի հրապարակումը հանձն էր առել ՀՀԿ-ամերձ իրավաբան  Արփինե Հովհաննիսյանը։ Նախկին իշխանության այլ ներկայացուցիչներ ու համախոհներ եւս զեկույցը մեկնաբանեցին  որպես ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը հակասող կարծիք, որով վենետիկյաններն ասում են՝ դատավորների վեթթինգ պետք չէ, ՍԴ-ում էլ ճգնաժամ չկա։ «Կարծում եմ՝ կարիք չկա երկար-բարակ բացատրել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ արգելափակման կոչը եւ դրան հետեւած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառն այդ վարքագծի, դե, իսկ վեթթինգն էլ, մեղմ ասած, համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնել են այդ մտքից հրաժարվել, ինչը, իհարկե, խիստ խրախուսելի է»,- Վենետիկի փաստաթղթից  եզրահանգում է արել Հովհաննիսյանը։ ՍԴ-ի վերաբերյալ հատվածների մասին էլ նա գրել է․ «Այստեղ եւս ամեն ինչ, կարծում եմ, հստակ է: Ավելորդ գունազարդ մեկնաբանությունների կարիք չկա՝ ՍԴ դատավոր եւ անդամ տարանջատումը մտացածին է։ Հավելեմ, որ հանձնաժողովը լիազորել է հանձնաժողովի նախագահ Զ. Բուքիքիոյին՝ հետեւել այս հարցի շուրջ զարգացումներին եւ ըստ անհրաժեշտության՝ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»:

Իշխանականները Հովհաննիսյանի անցյալը եւ կապը ՀՀԿ-ի հետ հիշեցնելով՝ փորձում էին մանուպուլացնել եւ կասկածի տակ առնել Վենետիկի հանձնաժողովի արձանագրումները։

Նկատենք, սակայն, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, անդամ-դատավոր բառախաղի հարցը, ինչպես նաեւ դատական իշխանության նկատմամբ իշխանության գործողություններն ու դատավորներին վեթթինգի ենթարկելու սպառնալիքները դեռեւս անցած ամիս էին հայտնվել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ թե՛ ՍԴ-ից էր գրություն ուղարկվել, թե՛ անհատ իրավաբաններ էին նամակներ հղել։ Արդյունքում հունիսի 21-22-ին Վենետիկում անցկացված լիագումար վերջին նիստի  ընթացքում ընդունված ամփոփման մեջ Վենետիկի հանձնաժողովը հայտնում էր, թե տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ վերջին հանրային հայտարարությունները Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ, եւ խնդրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին՝ մանրամասնորեն հետեւել իրավիճակին, հարկ եղած դեպքում, այս առումով, հանդես գալ հայտարարությամբ։

Վենետիկի հանձնաժողովը նաեւ լիազորել էր հրատապ կարծիք տալ Հայաստանում դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ, որը կուղարկվի այն հայցած իշխանություններին՝ մինչեւ հոկտեմբերի լիագումար նիստը։ 

Նկատենք նաեւ, որ մեկ ամիս է՝ իշխանությունների վարքագիծը, հայտարարությունները թե՛ ՍԴ-ի, թե՛ վեթթինգի գործընթացի վերաբերյալ ակնհայտ նահանջել են։ Եթե Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելն իմքայլականները ծափերով էին ընդունել, ասել նաեւ, որ պատրաստ է վեթթինգի նախագիծը, ապա վերջին օրերին, օրինակ, Լիլիթ Մակունցն ասում էր, թե դժվար է ասել՝ ճգնաժամ կա, թե ոչ․․․ խոսում էր նաեւ վեթթինգի հնարավոր այլընտրանքի մասին։ Իսկ հուլիսի 11-ին Վենետիկի հանձնաժողովն ամփոփել է 21-22-ին ընդունած արձանագրությունը եւ զեկույց հրապարակել։

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, Վահե Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի պնդումները երկու ձեռքով աջակցող Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պնդեց նախկինում հնչեցրած իր կարծիքները․ «Ես ո՛չ ուզում եմ Վենետիկի հանձնաժողովի ասածը գերագնահատեմ, ո՛չ թերագնահատեմ, իմ խոսքերն էլ պնդելու կարիք չկա, կարող եք բացել եւ կարդալ Սահմանադրությունը։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են հասկանում «ճգնաժամ» բառի հետ կապված, բայց ես հասկանում եմ, որ այս իրավիճակը ճգնաժամ է։ Եթե իրենք ասում են՝ ճգնաժամ չի, դուք էլ կարող եք ընդունել, որ այդպես է»։ Բաղդասարյանը, սակայն, վայրկյանների ընթացքում խմբագրեց խոսքը․ «Ես, ճիշտն ասած, չէի ուզենա ճգնաժամ անվանել, բայց մի բանում վստահ եմ, որ նման կազմով չի կարող շարունակվել»։ Թե ինչու, նա հիշեցրեց իր նախկին մեկնաբանությունները, ըստ որոնց՝ անցումային դրույթները չեն սահմանում անդամ-դատավոր համազորությունը։ Ի դեպ, Բաղդասարյանը չցանկացավ ավելին խոսել Վենետիկի հանձնաժողովի արձանագրումների մասին, ուղղորդել իր գործընկերների կողմը, ովքեր, իր խոսքով, մասնակցել են այդ նիստին։ Ովքե՞ր են մասնակցել, ե՞րբ է նիստը կայացել․ նա պատասխանեց՝ Վլադիմիր Վարդանյանը եւ «տարիքով պատգամավորը»՝ նկատի ունենալով Հովհաննես Իգիթյանին, իսկ նիստի օրվա մասին հիշեց միայն հայտնի էպիզոդը․ «Ռուբինյանը, որ չէր կարողացել քվեարկել»։

«Կներեք, որտեղի՞ց նման տեղեկատվություն, որ Վենետիկի հանձնաժողովը նման արձանագրում է արել,- մեր հարցին հարցով պատասխանեց  Հովհաննես Իգիթյանը։- Ես չունեմ նման տեղեկատվություն, ավելին՝ հունիսի 21-ից հետո Վենետիկի հանձնաժողովը նիստ չի արել, եւ այն մարդիկ, որոնք տարածում են այդ փաստաթուղթը, ես չեմ հավատում իրենց։ Ֆեյսբուքյան գրառումները չեն համապատասխանում իրականությանը»։ Իգիթյանին տեղեկացրինք, որ խոսքը հունիսի 21-22-ի պլենար նիստի արդյունքում ընդունված ամփոփաթերթի մասին է, սակայն ասաց, որ ինքը ծանոթ չէ, պիտի իր աչքով ծանոթանա։ Նա հերքեց նաեւ Բաղդասարյանի տեղեկատվությունը, ինքն անձամբ չի մասնակցել Վենետիկի հանձնաժողովի նիստին։ Երեկ, աշխատանքային օրվա ավարտին մոտ, հայտարարություն տարածեց նաեւ արդարադատության նախարարությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ զեկույցը «մամուլում շահարկումների տեղիք է տվել»։

Գերատեսչությունում տարակուսած են․ «Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»։ Ինչեւէ, արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի «բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որեւէ խզում նախկինում արված հայտարարությունների եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջեւ չկա»: Թերեւս խնդրո առարկան «վեթթինգ» բառն է։

«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որեւէ պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել:
Հայտնենք նաեւ, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»։ Հետաքրքիր է՝ այդ երբվանի՞ց վարչապետի խոսնակի հայտարարությունը չի համարվում պաշտոնական, իսկ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ չէ պնդել ՍԴ-ում ճգնաժամի առկայության մասին։ «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, եւ կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձեւաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»,- «Արմենպրեսին» հայտնել է Կարապետյանը։