Նիկոլը 4 տարվա մեջ մի ճիշտ բան է ասել

Նիկոլը 4 տարվա մեջ մի ճիշտ բան է ասել

Չորս տարի է՝ ապրիլյան քառօրյայի մասին Նիկոլ Փաշինյանը տարբեր մանիպուլյացիոն, իրարամերժ հայտարարություններ է անում։ Վերջին շրջանում, երբ ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, Արցախի 75 տոկոսը հանձնվեց թշնամուն, որոշեց կրկին խաղալ  հանրության հուզական ոլորտի վրա։ Հանրության մեջ տարբեր ներարկիչներով ներարկեց այն միտքը, որ քառօրյան կանգնեցվել է ԼՂԻՄ-ի հարակից շրջանները Ադրբեջանին վերադարձնելու պայմանով։ Բառացի նրա ասածն եմ մեջբերում․ «2016 թվի պատերազմը ինչի՞ մասին էր։ Էդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց ի՞նչ պայմանով։ Հենց այդ պայմանով»։ Խայտառակ պարտությունից հետո իր նազիր- վեզիրներով սկսեց զարգացնել այդ թեզը․ զենք չկար, լափել էին, զինվորները քաղցած ու տկլոր էին․․․ Դե գիտեք, նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ սուտ ասողը պիտի լավ հիշողություն ունենա, հիշի, թե որ ժամանակ ինչ սուտ է ասել, որ հետո հակառակը չասի։ Ինքը կամ այդ հիշողությունը չունի, կամ իր զանգվածին  համարում է այնքան ցածր ինքնագնահատական ունեցող, որ կարևորություն չի տալիս, թե որ օրը ինչ սուտ է ասում։ Մտածում է, որ այդքան չկան, որ հասկանան։ 

Ինչևէ, ապրիլյան քառօրյայի մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մի  ճիշտ բան է ասել 2021 թվականի դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին, բառացի մեջբերում եմ․ 

«2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանդիպել եմ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, որն իր հետ զրույցում Քառօրյա պատերազմը բնութագրել է որպես «разведка боем», այսինքն՝ «հետախուզություն՝ կռվով»։ Սա Փաշինյանը մեկնաբանել է որպես պատերազմին նախորդող հետախուզական գործողություն։ 

Փաշինյանն ինքն իրեն վառել է։ Եթե թշնամու կողմից դա հետախուզական գործողություն է եղել, ու թշնամին կանգնեցրել է պատերազմը, ուրեմն վստահ է եղել, որ իր քիթը ջարդվելու է։ Այսինքն Հայկական Բանակը մարտունակ է եղել, ոգին բարձր է եղել ու թշնամին սարսափել է։ Բայց երբ Նիկոլ Փաշինյանն է եկել, թշնամին առանց ախուվախի գրոհել է։ Այ, դա պիտի հասկանալ, թե ինչու՞ այդ ժամանակ թշնամին վստահ է եղել, որ կհաղթի։