Լկտի լինելու որոշում

Լկտի լինելու որոշում

Ինչքան շատ կորուստներ, պարտություններ ենք արձանագրում ներքին եւ արտաքին ճակատներում, այնքան ցինիկ ու լպիրշ է դառնում իշխանությունը։ Ընդդիմության եւ իրենց քննադատողների նկատմամբ ձեռնարկված սադրիչ ոտնձգությունները, իհարկե, նոր բան չեն։ Այդ մեթոդները կիրառվել են 2018-ից սկսած։ Սկզբում հանրապետականներին էին վիրավորում եւ հեգնում, հետո սկսեցին վիրավորել ու հեգնել ԲՀԿ-ականներին ու դաշնակցականներին, ինչ-որ փուլում թիրախը «Լուսավոր Հայաստանն» էր, հետո՝ Ռուբեն Վարդանյանը, բոլոր նրանք, ովքեր երբեւէ նկատել են, որ գործող իշխանության «աչքի վերեւում հոնք կա», ովքեր չեն փառաբանել իրենց, այլ նկատել են իրենց սխալներն ու թերությունները։

Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց դեմ պայքարը շարունակվել է շուրջ 5 տարի՝ անկախ նրանից, թե մեր երկրում ինչ իրավիճակ է տիրում՝ քանի զոհ ունենք, քանի կիլոմետր հող ենք հանձնել, ինչ վտանգներ ու սպառնալիքներ են կախված Հայաստանի եւ Արցախի գլխին։ Ամենաբարդ իրավիճակում անգամ իշխանությունը զսպվածություն չի դրսեւորել, թերեւս՝ չհաշված նոյեմբերի 9-ից հետո մեկ-երկու ամիսը։ Միշտ լկտի ու լպիրշ, միշտ ինքնավստահ ու անմեղ, միշտ հարձակվող ու անամոթ։ Զղջումի ու ափսոսանքի ոչ մի խոսք, ոչ մի ներողություն, համեստության ոչ մի նշույլ, տարրական կուլտուրայի եւ էթիկայի ոչ մի դրսեւորում։

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենցն են, արտաքին աշխարհում իրենց ընդունում՝ մարդատեղ են դնում։ Դյուրահավատ ու խեղճ մարդկանց մի խավ դեռ հույս է կապում իրենց հետ, եւ մեր երկրի գլխին թափված աղետներն իրենց գործողություններով չեն բացատրում։ Ուրեմն ինչո՞ւ պետք է Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի, իսկ Արթուր Հովհաննիսյանն իրեն կոռեկտ պահի։ ՔՊ-ում լկտի ու անամոթ լինելու կոլեկտիվ որոշում ունեն։