Կորոնավիրուսի թեստավորումը միայն 2-3 լաբորատորիա կարող է իրականացնել

Կորոնավիրուսի թեստավորումը միայն 2-3 լաբորատորիա կարող է իրականացնել

Ունենալով կորոնավիրուսի կասկած՝ ՀՀ քաղաքացիները փող ծախսելու եւ արագ հետազոտվելու տարբերակ ունեն՝ 25 հազար դրամով էքսպրես-թեստ եւ 170 հազար դրամով՝ ՊՇՌ (պո­լի­մե­րա­զա­յին շղ­թա­յա­կան ռեակ­ցիա­յի վրա հիմնված) թեստ անցնել, իհարկե, եթե ունեն այդքան գումար։ 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, արգելել է կորոնավիրուսային հիվանդության վճարովի թեստավորումը՝ զրկելով ՀՀ ապահովված քաղաքացիներին հոգեկան հավասարակշռությունն արագ վերագտնելու հնարավորությունից, իսկ լաբորատորիաներին՝ եկամտաբեր բիզնեսից։ 

Եթե սեղմ ներկայացնենք՝ հիմնավորումները հետեւյալն են․ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ, արդյունքները հավաստի չեն, քանի որ լաբորատորիաների կողմից կարող են գնվել եւ կիրառվել տարբեր թեստ-հավաքածուներ, հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների արտահոսք, անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ, վերահսկել նրանց հետագա բուժումը, կառավարել համաճարակը եւ այլն։ 

«Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով»,- հայտնում է նախարարությունը, սակայն առայժմ չի հրապարակում, թե այդ որ լաբորատորիաներին է նախարարությունը «դաբրո» տվել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱՆ խոսնակը գրավոր հարցում պահանջեց։ Թեմայի շուրջ հրաժարվեցին խոսել ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Փոխտնօրեն Նունե Բակունցը, որը սովորաբար հարցազրույցներ է տալիս իշխանական լրատվամիջոցներին, ասաց, որ միայն նախարարության թույլտվությամբ կարող է խոսել լաբորատորիաների մասին։ Ի դեպ, Հայաստանում համատարած խախտվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, որը յուրաքանչյուր պաշտոնյայի պարտադրում է՝ հանրությանը տրամադրել իր լիազորությունների շրջանակներում գտնվող տեղեկատվություն։ Այսօր խոսնակները դարձել են մեծ թվով պաշտոնյաների «շեֆերը» եւ իրենք են որոշում՝ նրանք ում տեղեկատվություն տան, ում՝ ոչ։

Իսկ լաբորատորիաների շուրջ կարծիքները տարբեր են։ Նախարարի ցուցումը շատերի տարակուսանքն առաջացրեց եւ ալեկոծեց հայտնի սոցցանցը։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքում մտաբերեց, որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը այս նույն սխալն արել են, ապա հրաժարվել են «միայն պետությունը կարող է թեստեր անել» սկզբունքից։ «Միայն ու միայն պետպատվերով են ուզում թողնել թեստավորումը։ Իհարկե, կա այդպիսի խնդիր, որ ինչ-որ ժուլիկներ ձեւացնեն, թե թեստեր են անում կամ էլ անորակ թեստերով անեն։ Որ այդպես չլինի, ընդամենը պետք է սերտիֆիկացնել լաբորատորիաները, բայց չի կարելի դրանց արգելել պետպատվերից բացի այլ ձեւով չթեստավորել։ Նույն հաջողությամբ կարող են ցանկացած վիրահատություն արգելել։ Հո չե՞ն գնալու ամեն վիրահատության ժամանակ տեսուչներով կանգնեն»,- ասաց նա «Հրապարակին»։ 

Հոգեբան Սարգիս Միքայելյանն էլ հորդորում է նախարարությանը․ «Սահմանե՛ք այն բնորոշիչները (զգայունության եւ սպեցիֆիկության), որոնց պետք է բավարարեն լաբորատորիաների կողմից ձեռք բերվող ու կիրառվող թեստերը: Թող նույն թեստերն առնեն, ինչ-որ ԱՆ-ն, մի՞թե դա անհնար է»։ 
Մեր իրականությունից մի պարզ օրինակ։ Ցանկացած բուժհաստատություն, որտեղ բերում են վնասվածքով հիվանդի, անմիջապես ոստիկանությանը տեղեկացնում է այդ մասին։ Այս կանոնը խախտող կլինիկաներ չկան, իսկ եթե մի հիվանդանոց որոշի շրջանցել այդ կանոնը, ընդհուպ քրեական գործ կարող է հարուցվել հիվանդանոցի ղեկավարության նկատմամբ։ Ի վերջո, կա տուգանքի մեխանիզմ, որը կարելի է կիրառել այն լաբորատորիաների նկատմամբ, որոնք կորոնավիրուսի դրական արդյունքով հիվանդ են ունեցել եւ նախարարությանը տեղյակ չեն պահել։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն էլ գտնում է, որ լաբորատորիաներում կենսաանվտանգության մակարդակի խնդիր կա։ «Կորոնավիրուս ՊՇՌ մեթոդով ախտորոշելու համար պետք է լաբորատորիան համապատասխան կենսապահովություն ունենա, իսկ մեր լաբորատորիաների մի ստվար զանգվածն այդ մակարդակը չունի։ Եթե չեմ սխալվում, մոնիտորինգ էին արել ու պարզել, որ մեկ կամ երկու լաբորատորիա է համապատասխանում։ Եթե բիզնեսը՝ ինքը, չի բողոքում, որ՝ ես կարող եմ անել, բայց իրեն թույլ չեն տալիս, ուրեմն նման խնդիր չկա։ Միայն ՊՇՌ սարքն ունենալը չէ։ Հետազոտման արդյունքում աշխատողների շրջանում կարող են խաչաձեւ վարակման դեպքեր լինել եւ այլն»,- ասում է փորձագետը։ 

Թեստավորման լաբորատորիաների հարցը ցավոտ է ոչ միայն Հայաստանում։ Մի քանի օր առաջ ԱՄՆ Պարենի եւ դեղերի վարչությունը (FDA) հայտարարեց, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները խախտել են երկրում ընդունված պատշաճ լաբորատոր գործելակարգերը եւ սեփական արտադրության կորոնավիրուսային թեստերով վարակել Covid-19 վիրուսով։ «Հետազոտող մասնագետները ելումուտ են արել կորոնավիրուսային լաբորատորիաներ՝ առանց փոխելու իրենց պաշտպանիչ վերնահագուստը, թեստի բաղադրիչները հավաքվել են այն նույն սենյակում, որտեղ հետազոտողներն աշխատելիս են եղել կորոնավիրուսների դրական նմուշների վրա»․ սա մի դրվագ է Պարենի եւ դեղերի վարչության զեկույցից։