ՀՀ քաղաքացիների՞ն են պաշտպանում, թե՞ դեդոլարիզացիայի ռուսական քաղաքականությունը

ՀՀ քաղաքացիների՞ն են պաշտպանում, թե՞ դեդոլարիզացիայի ռուսական քաղաքականությունը

Հայաստանի գործող իշխանությունները փորձում են հասնել ՀՀ քաղաքացիներին արտարժույթով վարկի տրամադրման արգելմանը։ Իշխանություններն առաջին հայացքից բավական «լավ» ու «մարդասիրական» պատճառաբանություն են գտել դրա համար՝ «արտարժութային փոխարժեքի տատանումներից առաջացած ռիսկերը կանխելը»։

Նախագիծը զեկուցող Գեւորգ Պապոյանը, օրինակ, երեկ հայտարարել է, որ վերջին տարիներին ֆինանսական եւ ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաեւ արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել, եւ դա էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլեւ քաղաքացիների համար։ Պապոյանը, որպես մասնավոր օրինակ, բերել է հիպոթեքային վարկ ունեցողներին։ «Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիպոթեքային կրեդիտների դեպքում, 20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում: Սրանից 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը եվրոյով հիպոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի»,- հայտարարել է իշխանական պատգամավորը։

Որքան էլ իշխանությունների բերած պատճառաբանություններն առաջին հայացքից ականջահաճո լինեն, սակայն մի կարեւոր հարց է առաջանում․ իսկ որքանո՞վ են անկեղծ իշխանությունները։ Արդյոք նրանց նպատակը քաղաքացիներին հնարավոր արտարժութային փոխարժեքի տատանումների առաջացրած ռիսկերից պաշտպանե՞լն է, թե՞ արտարժութային շուկայի հանդեպ հասարակ քաղաքացիների մասնակցության մասնաբաժնի կրճատումը, տոտալ վերահսկողության հաստատումն արտարժութային շուկայի նկատմամբ, նաեւ՝ հատկապես Ռուսաստանի կողմից լոբբինգ արվող դեդոլարիզացիայի քաղաքականության սպասարկումը։ Եթե հիմնվենք հենց պատգամավոր Պապոյանի բերած մասնավոր օրինակի վրա, ապա հիպոթեքային վարկային պորտֆելը Հայաստանում բավական լուրջ ծավալ ունի, եւ այս պորտֆելին արտարժույթից, այսպես ասած, «կտրելը» Հայաստանի ընդհանուր ֆինանսական շուկայի դեդոլարիզացիայի վրա կարող է նկատելի ազդեցություն ունենալ։ Իսկ դա արդեն կողջունվի Ռուսաստանի կողմից՝ որպես ռուսական արտաքին ֆինանսական քաղաքականության անկյունաքարերից մեկը հանդիսացող դոլարի դեմ պայքարի տեղական օրինակ։ Հատկապես Ռուսաստանում դոլարի եւ, առհասարակ, արտարժույթի պակասորդը, դրանով պայմանավորված հետսովետական եւ գործընկեր որեւէ երկրից արտարժույթի «կլանման փորձերը» հաշվի առնելիս, այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է բոլորովին այլ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հատկապես արեւմտյան գործընկերների շրջանում կարող է անհարմարություններ առաջացնել Հայաստանի իշխանությունների համար։