Որ ոլորտը նայեք, այսօր գրեթե նույն իրավիճակն է, ասում է ԲԴԽ նախագահը

Որ ոլորտը նայեք, այսօր գրեթե նույն իրավիճակն է, ասում է ԲԴԽ նախագահը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ծավալուն հարցազրույց է տվել «Փաստինֆո» կայքին, որտեղ անդրադարձել է դատական համակարգի վիճակին, դատավորների նկատմամբ ճնշումներին, դատական հեղինակության եւ իշխանությունների հետ հարաբերություններին։

Մեզ հաճելիորեն զարմացրեց, որ որոշ հարցերում ԲԴԽ նախագահը փորձել է ինքնուրույն տեսակետ հայտնել՝ ինչը նախկինում չկար։ Եւ դա հույսեր է արթնացնում, որ այս մարմինն ու նրա ղեկավարն, ի վերջո, կգիտակցեն իրենց դերն ու նշանակությունը իրավական համակարգում եւ իշխանական «բեսպրեդելի» դեմ կսկսեն քայլեր ձեռնարկել։ Ինչ է ասում Ռուբեն Վարդազարյանը, ով երկար տարիներ դատավոր է աշխատել, ապա եղել է Երեւանի Կենտրոն՝ ամենածանրաբեռնված ու քաղաքականացված դատարանի նախագահը։

Նախ, խոսում է դատարանների ծանրաբեռնվածության մասին․ «Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով։ Մի քանի լուծում կա՝ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ անել և դատավորների քանակ ավելացնել»։ Այսինքն, բյուջե մտած հավելյալ գումարներն իշխանությունը ոչ թե պետք է ինքնապարգեւատրման վրա ծախսեր, այլ գոնե մի քանի դատավորի հաստիք ավելացներ, դատավորներ պատրաստելու վրա ծախսեր եւ դատավորների օգնականների թիվն ու աշխատավարձերը բարձրացներ, որ այս ճգնաժամը, որի մասին արդեն քանի տարի է խոսում են դատավորները՝ հաղթահարվեր։

Երկրորդ հարցը, որով ԲԴԽ նախագահը հակադրվում է գործող իշխանություններին, դատավորների նշանակման ցենզին է վերաբերում։ Պարոն Վարդազարյանը դեմ է դատավորի տարիքային շեմը 28-ին 25-ի իջեցնելուն, բակալավրի աստիճանով իրավաբաններին դատավոր նշանակելուն։ Նա ասում է․ «Գտնում եմ, որ նույնիսկ 28 տարին է երիտասարդ տարիք՝ դատավոր դառնալու համար։ Ես կառաջարկեի ավելացնել և դարձնել 30-35 տարեկան, քանի որ 25-28 տարեկան երիտասարդը դեռ պատրաստ չէ արդարադատություն իրականացնել․․․կյանքի ճանապարհ անցած մարդն իրավունք ունի որոշել այս կամ այն քաղաքացու կամ այս կամ այն վեճի ճակատագիրը»։ 

Հաջորդ հարցերը վերաբերում են դատական համակարգի նկատմամբ ճնշումներին։ ԲԴԽ նախագահն ասում է․ «Միշտ փորձելու են մեզ վրա ճնշում իրականացնել, որպեսզի գործադիրի և օրենսդիրի համար հաճելի դատական ակտեր կայացվեն, իսկ մենք փորձելու ենք միշտ ասել՝ մենք անկախ ենք և մեր դատական ակտերը կայացնելու ենք բացառապես ղեկավարվելով օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Դա անվերջ պրոցես է՝ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ։ Ես այդ պրոցեսին վերաբերվում եմ փոքրինչ փիլիսոփայորեն․․․Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։
Այդպես չի լինում։

Դատավորներն ունեն իրենց կարծիքը, իրենց իրավագիտակցությունը և յուրաքանչյուր դատավոր իր ձևով է մեկնաբանում այս գործի հետ կապված որոշակի հանգամանքներ։ Ո՛չ քաղաքական իշխանությունն է մեզ հավանություն տալիս և ասում՝ այո, լավն է դատական իշխանությունը, ոչ՛ ընդդիմադիրները։ Հետևաբար՝ մենք կա՛մ իսկապես լավն ենք և անկախ ենք և, ես համոզված եմ, որ այդպես է, կա՛մ շատ վատն ենք, որովհետև բոլորն են քննադատում»։ 

Ապա Վարդազարյանը խոսում է իրենց նկատմամբ ճնշումների, քննադատության ու մեկնաբանությունների մասին եւ ասում է, որ ԲԴԽ-ն մամուլի ակումբ չի, որ ամեն մի հայտարարությանը պատասխան հայտարարությամբ հանդես գա։ Իսկ բոլոր նեգատիվ մեկնաբանություններին համարժեք պատասխան տալը իրենցից կխլի բավականին լուրջ մարդկային և բարոյական ռեսուրս։ «Ցանկացած տող, բառ, գովեստ կամ քննադատություն ազդում է դատական իշխանության վրա, դատավորների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եթե դա վերաբերեր միայն դատական իշխանությանը, ապա այս ցնցումային վիճակը շատ պայթյունավտանգ կլիներ, բայց, ցավոք սրտի, ստիպված եմ արձանագրել, որ դա միայն դատական իշխանությանը չի վերաբերում, այլ՝ ամբողջ հասարակական տարբեր շերտերին, պետական կառույցներին է վերաբերում։

Որ ոլորտը նայեք, այսօր գրեթե նույն իրավիճակն է։ Նման պայմաններում շատ դժվար է զարգացման ճանապարհ բռնել, քանի որ ամենօրյա հրետանու տակ ենք տարբեր անձանց կողմից։ Այո, շատ բացասական է ազդում»։