Թուրքերն էլ էին մեզ տներից հանում ու ասում` գնացեք, էժան տուն առեք

Թուրքերն էլ էին մեզ տներից հանում ու ասում` գնացեք, էժան տուն առեք

Հեռուստաէկրանից մի պատգամավոր բառացի ասում էր․ «Երեւանցիները եթե թանկացումից հետո գույքահարկ չեն կարողանա վճարել, թող տները ծախեն եւ գնան, էժան բնակարաններում ապրեն»: Այդ պատգամավորի անուն-ազգանունը չգիտեմ՝ բավականին տարեց եւ բավականին մեծ գլխով մի տղամարդ էր: Ես այս մարդուն եւ նրա համախոհներին կասեմ հետեւյալը՝ մարդուն իր պապական տնից նման ձեւով դուրս հանելը արտագաղթ կազմակերպելու դասական օրինակ է: Հայաստանի Հանրապետությունում մահապատիժն արգելված է, բայց կգա ժամանակը, որ արտագաղթ կազմակերպողները կդատվեն ցեղասպանության կազմակերպման մեղադրանքով եւ կստանան այդ պատիժը: Թուրքերը մեզ պապական տներից հանում էին ու ասում՝ գնացեք, ուրիշ տեղ ապրեք: Դա 1915 թվականի հայերի գենոցիդի սկիզբն էր: Գաղթի ճանապարհին հարյուր հազարավոր հայեր զոհվեցին, հիմնականում՝ ծերեր եւ մանկահասակներ:

Այսօր մեծահասակ մարդուն, իր ունեցած-չունեցածով, տնից հանելը որակվում է գենոցիդ՝ բառիս բուն իմաստով, որովհետեւ հայրական տունը մեր հայրենիքի ամենակարեւոր մասնիկն է, այնպես, ինչպես Արարատ լեռը, Սեւանա լիճը, Արագածը եւ այլն: Հիմա մնում է գույքահարկ դնեք նաեւ այդ սրբությունների վրա: Հայրական տուն համարվում է այն տունը, որը ոչ թե գնել ես, այլ քեզ մնացել է ծնողներիցդ: Հայրական տունը շուկայական գին չունի եւ չի կարող ունենալ: Նա կարող է, անշուշտ, վաճառվել, եւ միայն դրանից հետո այն կդառնա շուկայական ապրանք: Մարդը ծնվում եւ ապրում է իր հայրենիքում, իր տան մեջ: Մարդիկ, որ գնացել են ու դարձել ուրիշ երկրների քաղաքացիներ, չեն վաճառել իրենց տները՝ փափագելով, որ մի օր հետ են գալու: Հիմա նրանց հետդարձի ճամփա՞ն եք փակում։

Գույքահարկի մասին այս օրենքն ընդունողներին կասեմ հետեւյալը․ Դուք շքեղության ձգտող անհայրենիք մարդկանց տպավորություն եք թողնում: Քաղաքի կենտրոնում կան եվրավերանորոգված բնակարաններով բազմաթիվ նոր շենքեր: Գնեք այդ բնակարաններն ու բնակվեք ինչքան ուզում եք:

Հիմա էլ սեւ ու սպիտակին ավելացրիք բնիկ եւ ոչ բնիկ երեւանցի տարանջատումը: Բայց մեզ հանգիստ թողեք: Եթե գնաս մի որեւէ գյուղում տուն առնես ու հարյուր տարի էլ ապրես, քեզ այդ գյուղացիք օտար կհամարեն: Քո ամբողջ կյանքում պիտի աշխատես բոլորի հետ լավ լինել, այլապես անհնարին կլինի այդ գյուղում ապրելը: Երեւի սա է ներծծված այդ տարանջատման հեղինակների էության մեջ: Բայց Երեւանն ուրիշ է: Բնիկ երեւանցի կարող ես դառնալ մեկ օրում, եթե քեզ օտարի պես չպահես եւ կարողանաս քո միջից հանել մարդկանց տարանջատելու մտածելակերպը: Բնությունն իր տարանջատումն արել է, եւ մնացած բոլոր տարանջատումները հանցագործություն են համարվում: Դատվելու եք:

Առնոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր