Ինչպես ենք չափելու՝ 2030-ին ՀՀ կառավարությունը հասա՞վ իր նպատակին, թե՞ ոչ

Ինչպես ենք չափելու՝ 2030-ին ՀՀ կառավարությունը հասա՞վ իր նպատակին, թե՞ ոչ

«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft հարթակում, որտեղ այս օրերի ընթացքում, նախագծի հետ կապված, մի շարք դիտարկումներ են արվել։ Առաջարկներից մեկը վերաբերում էր 9-րդ դասարանի ավարտական քննություններին, որի հեղինակը խնդրել էր չանտեսել իր առաջարկը․ «Շատ ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների մեծ ցանկությունն է՝ վերացնել այդ քննությունը, քանի որ դա այդքան էլ ճիշտ գիտելիքի ստուգման մեթոդ չէ։ Միգուցե մտածել մեկ այլ եղանակ։ Բացի այն, որ աշակերտների մեծ մասն անցնում է դժվար հոգեբանական շրջան, նաեւ շատ անհավասարություններ ու խախտումներ են տեղի ունենում քննության ժամանակ, ինչը կանխել հնարավոր չէ, որովհետեւ տեղյակ չէ ոչ ոք։ Ինձ հետ, վստահ եմ, համաձայն են շատերը»։

Մեկ այլ դիտողություն էլ վերաբերում էր մինչեւ 2030-ը կառավարության կողմից նախանշված նպատակների «չափելիությանը», այլ կերպ ասած՝ ինչպե՞ս ենք որոշելու՝ 2030-ին ՀՀ կառավարությունը հասա՞վ իր նպատակին, թե՞ ոչ․

«Բյուջետային փաստաթղթերում հանրակրթության ծրագրի վերջնական արդյունքի ցուցանիշներ են սահմանվել 12-ամյա պարտադիր կրթության, կրթության առաջին եւ երկրորդ մակարդակներում ընդգրկվածության տոկոսը, իսկ 2022թ. բյուջետային փաստաթղթերի համաձայն՝ նաեւ տարրական, ընթերցանությունից եւ մաթեմատիկայից հիմնական դպրոցն ավարտողների գիտելիքների նվազագույն մակարդակն ապահովող սովորողների համամասնությունը: Առաջարկում եմ ներկայացված ծրագրում եւ ռազմավարական փաստաթղթերում ներկայացնել, թե ինչպես է սահմանված մեգանպատակից բխող չափորոշիչներն արտահայտելու այդ նպատակը: Այլապես հետագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է կանգնել փաստի առաջ, որ կա մեգանպատակ, եւ ընդհանրական կերպով հայտարարված են նաեւ ոլորտային նպատակներ, սակայն հայտնի չէ, թե ինչպես են դրանք չափում, եւ ինչպես է 2030թ. հանրությունը որոշելու, թե արդյոք ՀՀ կառավարությունը հասե՞լ է իր նպատակին: Նաեւ անհրաժեշտ է տալ չափորոշիչի ներկա եւ ապագա ցուցանիշների մեծությունները, որովհետեւ դրանց տարբերություններից է կախված, թե ինչքան ռեսուրս է հարկավոր նպատակներին հասնելու համար»: