Փչացած հեռախոսի երևույթը

Փչացած հեռախոսի երևույթը

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական «ուսապարկերի» կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Թեև նախարարին չփոխարինող տեղակալ, քանի որ առաջին տեղակալի հիմնական գործառույթը հենց  նախարարին փոխարինելն է: Որպես օրինագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորում նշվել էր, որ «…հստակեցվում են ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ…»: Ասեմ, որ նախկինների ժամանակ աշխատանքի բերումով գործ եմ ունեցել օրինագծերի հիմնավորումների հետ: Եվ կարող եմ վկայել, որ առաջին անգամ եմ բախվում վերը նշվածի նման հիմնավորմանը: Եթե, իհարկե, այն հնարավոր է բնութագրել որպես հիմնավորում: Հասկանալի, որ «ժողովրդավարական բաստիոնում» գրագիտության մակարդակը մի քանի գլուխ ցածր է նախկինում եղածից: Բայց, այնուամենայնիվ, նման անհիմն հիմնավորում երբևէ չեմ կարդացել:

Ընդհակառակը, սովոր եմ եղել ծանոթանալու, թե ինչու է նման օրինագիծ առաջարկվում և ինչ կտա այն տվյալ գերատեսչությանը: ՊՆ-ի վերաբերյալ օրինագծի «հիմնավորման» (բնականաբար, չակերտավոր) մեջ դրա բնույթին համապատասխանող միակ բառը «հստակեցումն» էր: Չմոռանամ հիշատակել բանավոր ասված խոսքը պաշտպանության նախարարությունում ուղղահայաց կառավարումն ապահովելու անհրաժեշտության մասին: Ինչը բացարձակ անիմաստ պնդում է, քանի որ չի կարող ուղղահայաց կառավարում լինել քաղաքացիական և նրան ենթակա զինվորական աշտոնների առումով: Այդ դեպքում կարելի է գնալ մինչև վերջ և ընդհանրապես լուծարել գլխավոր շտաբը:

Անցնենք «հստակեցում» երևույթին: Ինչն է հստակեցվում և ինչպես՝ թողնված է ընթերցողի երևակայությանը: Քանի որ տվյալ պարագայում այդպիսին է գործող իշխանության խաղի կանոնը՝ փորձեմ օգտվել իմ իրավունքից: Եվ այսպես. անվտանգության և պաշտպանական խնդիրներից կիլոմետրերով հեռու Պապիկյան Սուրենը որպես պաշտպանության նախարար հրամաններ է արձակելու, իսկ նրա առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ զինվորականը պետք է դրանք կատարի: Այսպիսով, կապահովվեն և՛ լիազորությունների շրջանակի հստակեցումը, և՛ կառավարման ուղղահայացը: Եվ քանի որ գործող իշխանության կարծիքով Հայաստանն այլևս պատերազմի մեջ չի ներքաշվի՝ վկա «խաղաղ դարաշրջանի մեկնարկը», ապա բացարձակ նշանակություն չունի, թե ինչ կհրամայի նախարարը: Ու որքանով այն ադեկվատ կլինի իրականությանը:

Եվ հայաստանցիներս պետք է օրը մի քանի անգամ աղոթենք Աստծուն, որպեսզի պատերազմ չվերսկսվի: Այլապես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ զինվորականը փորձելու է ռազմական առումով ինչ-որ բան հասկացնել պատմության նախկին ուսուցիչ նախարարին, վերջինս էլ՝ նախկին լրագրող վարչապետին: Եվ արդյունքում էլ չի կարող չառաջանալ փչացած հեռախոսի երևույթը, քանի որ թե՛ առաջինը և թե՛ երկրորդն այնքան են մոտ ռազմարվեստին, որքան խոզը տուռնիկին: Դրա վկայությունը 44-օրյա պատերազմում մեր պարտությունն էր: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ նախկինների օրոք օրենսդրությունը մշակվել և հստակեցվել է այնպես, որպեսզի պատերազմի ժամանակ ԶՈՒ ԳՇ պետը լինի զինված ուժերի ղեկավար, իսկ պետության քաղաքական ղեկավարը՝ գլխավոր հրամանատար: Եվ այդ դեպքում ԶՈՒ ԳՇ պետը ստիպված էր ընդամենը մեկ անձին ներկայացնել իրադրությունը՝ անձամբ շփվելով նրա հետ: Ենթադրաբար այսուհետ ԶՈՒ ԳՇ պետը նույնիսկ չի կարողանալու անձամբ շփվել գլխավոր հրամանատարի հետ: Բայց քանի որ գլխավոր հրամանատար կոչվածը ևս վստահ չէ, որ իր գործունեության արդյունքում Հայաստանը 100 տոկոսով խուսափելու է պատերազմից, ապա վերը նշված՝ փչացած հեռախոսի երևույթից մենք խուսափել չենք կարող:Եվ ըստ այդմ, չենք կարող նաև արհամարհել վերը նշված խորհուրդը՝ Աստծուն ազգովի աղոթելը:

Իհարկե, այդ ամենից խուսափել ձև, աւյնուամենայնիվ, կա. դա Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելն է՝ որքան հնարավոր է արագ: