Երրորդ հանրապետության ավարտը

Երրորդ հանրապետության ավարտը

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է՝

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ՀՀ անկախության հռչակագրի նախաբանն է՝

հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Մի փոքր պատմական ակնարկ.

1987թ-ին Չարդախլու գյուղում տեղի է ունենում հայ-ադրբեջանական ընդհարում, որից հետո Ադրբեջանը սկսում է հայկական ջարդերը: Տեղի են ունենում Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները:

Սկսվում է Արցախյան ազատամարտը՝ Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:

Արցախյան ազատագրական պատերազմը տևում է 6 տարի՝ 1988-1994 թվականը: 1991 թ-ի սեպտեմբերի 2-ին հռչակվում է Արցախի Հանրապետության անկախությունը: Պատերազմն ավարտում է հայերի հաղթանակով՝ Արցախն ազատագրվում է թշնամուց:

Վերադառնանք ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին: Ակնհայտ է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման ակունքը և նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարը՝ հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա, և Արցախի հետ վերամիավորումը:

Ներկայումս ՀՀ կառավության և դրա ղեկավարի կողմից կատարվեցին և շարունակում են կատարվել գործողություններ, որոնք վկայում են Հայաստանի 3-րդ հանրապետության նպատակներից հրաժարման մասին:

Մասնավորապես, Հայաստանը դուրս է բերում իր բոլոր զորամիավորումները Արցախից, որով և հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց: Վերջին օրերին, առանց որևէ հիմքի, Ադրբեջանը պահանջում է և ստանում է /բնակիչներին տրվել է մինչև օգոստոսի 25-ը դուրս գալու հանձնարարություն/ Բերձորը: Այսինքն՝ Հայաստանը և Արցախը կապող սահմանը վերանում է: Սրանից բխում է, որ Արցախը, այսինքն՝ այն ինչ մնացել էր Արցախից 1920 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, հայտնվում է շրջափակման մեջ և որևէ հիմք՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, հույս չի ներշնչում, որ նման պայմաններում կարող է պահպանվել Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով նաև ագրեսոր թշնամու հայտարարությունները և հրապարակված գործությունների պլանը:

Փաստորեն, այն հիմքերը, որոնց վրա խարսխված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծումը, արդեն չկան:

2018 թ-ի հեղաշրջումը կամ գունավոր հեղափոխությունը սկիզբ դրեց 3-րդ հանրապետության կործանմանը:

Ակնհայտ է, որ հեղաշրջումը տեղի էր ունեցել հենց այդ նպատակով: Պատահական չէր Ն. Փաշինյանի իշխանության գալու հենց առաջին օրերից Արցախյան ազատամարտի բոլոր հերոսների անվանարկումը, քրեական գործերի հարուցումը, ինչպես, օրինակ՝ Մանվել Գրիգորյան, Յուրի Խաչատուրով, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Հարությունյան և այլոք:

Այսօր, միանշանակ, կարող ենք արձանագրել, որ 3-րդ հանրապետությունն իր գոյությունն ավարտել է: Չեն գործում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը ու Սահմանադրության 1-ին հոդվածը /որը, ըստ Սահմանադրության 203-րդ հոդվածի, համարվում է անփոփոխելի/:

Կունենա՞նք 4-րդ հանրապետություն, թե՞ կվերանանք որպես պետական միավոր, կախված է յուրաքանչյուր հայից՝ Արցախի, սփյուռքի և Հայաստանի:

Ցանկացած հայ, լինի մտավորական, բանվոր, առևտրական կամ այլ, իր վրա պետք է անձնական պատասխանատվություն վերցնի նոր Հայաստան կառուցելու գործում: Պետք է լինի հստակ գաղափարախոսություն, համախմբում, անկախ, ինքնիշխան և առանց դավաճանների պետականության ստեղծման նպատակ և դրա իրագործում:

Հայ ազգի ներուժը հզոր է, և պատմությունը ցույց է տվել, որ նա կարող է նույնիսկ անհնար թվացող պայմաններում հառնել մոխիրներից:

Անահիտ Սարգսյան