Փաշինյանի և Ալիևի «սահմանադրական պատերազմն» ընդդեմ Հայաստանի

Փաշինյանի և Ալիևի «սահմանադրական պատերազմն» ընդդեմ Հայաստանի

Բաքվում լրջացնում են քարոզչությունն ու քայլերը՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված առարկության շրջանակում, որի խայծը, ցավոք, կուլ են տվել Հայաստանի ներկայիս իշխանությունները։

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը պատրաստել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները պարունակող փաստաթղթերի՝ Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Հայաստանի այլ վարչական ակտերի մանրամասն վերլուծություն», գրում են տեղի ԶԼՄ-ները։

Ըստ այդմ, փաստաթղթում ընդգծվում է, որ «Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման հարցում անորոշ է, և նման մոտեցումը սպառնալիք է 2020 թվականից հետո տարածաշրջանում ստեղծված խաղաղության և անվտանգության պայմանների համար»։

Այս փաստաթղթերից բացի, ինչպես պնդել են ուսումնասիրության հեղինակաները, «ՀՀ գործող վարչակազմի կողմից 2021 թ․ ընդունված կառավարության ծրագիրը նաև տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Դրանք արտացոլված են Ղարաբաղի շրջանի՝ Հայաստանի հետ ինտեգրմանն աջակցելու կամ տարբեր ձևերով տարածաշրջանը տարանջատելու ջանքերի տեսքով»:
Զեկույցում նշվում է, որ «Հայաստանի սահմանադրական փաստաթղթերից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների բացառումը զգալի ներդրում կունենա երկու երկրների միջև խաղաղության գործընթացում»։

Ավելի վաղ, փետրվարի 1-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Նրա խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը» (չակերտները՝ «Հրապարակ») Հայաստանին միացնելու և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման» (չակերտները՝ «Հրապարակ») վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ։

Ալիևը նաև պնդել էր, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ըստ նրա՝ բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք չեն ճանաչում «Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ» (չակերտները՝ «Հրապարակ»)։
Ի դեպ, Բաքվի բռնապետը խոսոտովանել էր նաև, որ «այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղության գործընթացի արագ ավարտի համար»։

Այս շաբաթ էլ, փետրվարի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, յուրահատուկ խոսոտվանություն էլ արեց Նիկոլ Փաշինյանը՝ «որսալով Ալիևի նետած գնդակը»։ Անդրադառնալով Սահմանադրության փոխելու հարցին, կառավարության ղեկավարն ասաց, որ ՀՀ նոր Մայր օրենքի ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժսղովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ։ Իհարկե, հայտնի հնարք է, վտանգավոր թեզերից ու սպասվելիք հերթական աղետից (այս դեպքում՝ սահմանադրական) շեղելու համար՝ միանգամից բոլոր մանրամասնություններով հիշվում և սիրվում է ժողովուրդը, ժողովրդի կարծիքը։

Բայց ի՞նչ ասաց, ըստ էության, նա․ «Ասում են, թե սա արվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով եթե նույնիսկ այդ խնդիրը կա, դրանք լուծված են։ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մեկ համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։
Փոփոխության անհրաժեշտությունը, ըստ քաղաքական աճպարարի, խաղաղության հետ բացարձակ կապ չունի և չի էլ կարող լինել։

«Ես նաև ասել եմ, որ Սահմանադրությունը՝ ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, իհարկե, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև ներքին հարաբերությունները»,- փիլիսոփայել է հայոց իրականության տխրահռչակ ընկեր Փանջունին՝ հայ-ադրբեջանական սահմանային պատերազմը չավարտած մեզ ներքաշելով արդեն հայ-ադրբեջանական «սահմանադրական պատերազմ», թեպետ երկու կողմերում էլ պարտվողի՝ իր «ականջներն են երևում»։

Ուրեմն, ամեն ինչ դեռ կորած չէ և պայքարի ժամանակ կա՝ սահմանադիր բարոյականությամբ և սահմանապահի պատվախնդրությամբ։