Արցախը 44-օրյայում կորցրել է 4 մեծ բուժհիմնարկ․ Միքայել Հայրյան

Արցախը 44-օրյայում կորցրել է 4 մեծ բուժհիմնարկ․ Միքայել Հայրյան

Hraparak.am-ը զրուցել է Արցախի Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ։

- Պարոն Հայրիյան, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի առողջապահական համակարգում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Բյուջեից տարեկան որքան գումար է հատկացվում Արցախի առողջապահական համակարգին՝ անվճար բուժսպասարկում ապահովելու համար։

- 2022 թվականի մեր առողջապահության նախարարության պետյբյուջեն նախատեսում է 15, 5 մլրդ դրամ: Ծրագրի մեջ մտնում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային բոլոր ծախսերը։ Այս որոշումը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական կարևոր ծրագրերից մեկը: Նախապես այդ ճանապարհին էինք: 44-օրյա պատերազմից հետո, այսօր գրեթե բոլորին ենք ներգրավել այդ ծրագրի մեջ: Պարզապես կան բուժօգնության աստիճաններ՝ դեղորայքային և այլ բուժսպասարկման տեսակներ, որ զուտ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամներին, տարբեր սոցխմբերի պատկանող անձինք մտնում են ավել բուժսպասարկման մեջ: Բայց ընդհանուր բժշկությունը, բացի պլաստիկայից և կոսմետիկայից, բոլորի համար, այո, անվճար է: Ունենք փոխհատուցման ծրագիր՝ կապված օնկոհիվանդների բուժսպասարկման հետ, որոնց վերցրել ենք լրիվ պետպատվերի շրջանակում։ Անգամ թանկարժեք դեղորայքն ենք ապահովում։ Եթե դիմում են մեզ մարդիկ, ովքեր արդեն իսկ գնել են այդ դեղորայքը՝ փոխհատուցում ենք տալիս: Եթե նախկինում միայն դեղորայքն էինք տրամադրում 50 տոկոս անվճար, ապա այսօր կատարում ենք և օնկո դեղորայքի 100 տոկոսանոց փոխհատուցում, և այդ հիվանդությանը վերաբերող բոլոր միջամտություններն են անվճար։ Անվճար են՝ քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան։ Այս բոլորի ծախսերը ներգրավված են պետպատվերի շրջանակներում, և ֆինանսավորվում են պետության կողմից: Օնկոհիվանդների ծախսերը, մանավանդ, երբ մարդը մենակ է ապրում, իրականում ոչ թե դժվար է, այլ, գրեթե անհնար: Եվ մարդիկ շատ ժամանակ փաստացի պարտքերի մեջ են ընկնում, ամեն ինչ անում են մենակ իրենց հարազատին, բարեկամին մի բանով օգնեն: Իսկ այս պահին ամբողջ բեռը պետությունը վերցրել է իր վրա: Հիմնական 4 մեծ հիմնարկ ենք կորցրել՝ Քաշաթաղում, Շուշիում, Հադրութում, Քարվաճառում, չհաշված գյուղական բժշկական ամբուլատորիաները։ Այսօր, Արցախում ընդհանուր 14 բժշկական հիմնարկ է աշխատում, որոնց թվում ստացիոնար հիվանդանոցներն են, դատաբժշկական և սանէպիդկայանի ծառայությունը։ Համենայնդեպս, ծրագրեր շատ ունենք, մեզ շատ աջակցում են մեր բարերարները։ Կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, որն իր մեծ աջակցությունն է ցուցաբերում Արցախի առողջապահական համակարգին։ Ունենք բժիշկների փորձի փոխանակում, որը ամենակարևորն ու պարտադիրն է այսօր մեզ համար։ Արցախի կարևոր ձեռքբերումներից է 1920-21 թթ․-ին Մասնագիտական խորհրդի ձևավորումը, որտեղ ներգրավված են Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բժշկության ոլորտի բարձրակարգ մասնագետները։ Մասնագիտական խորհրդի անդամներից 29-ը Հայաստանից են, 12-ը Սփյուռքից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից։ Նրանց աշխատանքը հասարակական հիմունքներով է, այսինքն՝ չեն վարձատրվում։

- Արցախի բժշկական համակարգն ունի՞ տեղում աշխատող բժիշկների խնդիր։

- Այո, կա այդ խնդիրը։ Ընդհանրապես շատ խիստ մարդկային ռեսուրսի կարիք ունենք։ Բայց որոշ չափով համալրում ենք։ Երկարատև և կարճատև ծրագրեր ենք մշակել։ Շատ է օգնում «Հայ օգնության» ֆոնդը, «Առաջադեմ բժշկության» կազմակերպությունը։ Շատերին կարող է այս պահին չհիշեմ։ Սկսել ենք «Բժիշկներ Արցախի համար» ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակում արդեն 30-ից ավել մասնագետներ են մեզ այցելել, որոնք աշխատում են և շրջաններում, և Ստեփանակերտում։

- Ստեփանակերտի հիվանդանոցն ունի ընդամենը երկու KT և մեկ MRT սարք։ Ինչպե՞ս եք կարողանում աշխատել և տեղավորվել բյուջեից հատկացված գումարների սահմաններում, հաշվի առնելով, որ KT և MRT անելն էլ է անվճար, հաստատ կգոյանան բազմաթիվ հերթեր:

- Այո, ունենք երկու KT սարք և մեկ MRT սարք: Եթե բոլոր բժշկական ցուցումները կան, միանշանակ հետազոտություններն իրականացվում են անվճար։ Ունենք էլեկտրոնային Արմեդ ծրագիրը, որն այսօր արդեն իսկ ակտիվ է։ Սա էլեկտրոնային առողջապահության ծրագիր է, որով մենք կցագրում ենք բոլոր հիվանդներին, նրանք մոտենում են պոլիկլինիկայի առաջնային օղակ, այսինքն՝ իրենց պատասխանատու բժշկին, այնտեղի անհրաժեշտության դեպքում ուղարկվում են արդեն նեղ մասնագետի մոտ: Նեղ մասնագետն էլ, եթե կհամարի, որ KT-ի անհրաժեշտությունը կա, կներկայացնի բոլոր փաստաթղթերը և թույլատրություն։ Իհարկե, դա վերաբերում է միայն պլանային հետազոտություններին։ Եթե էքստրիմ է լինում միանգամից առանց որևիցե խնդրի գնում են KT-ի: