Այդ դեպքում ինչո՞ւ 1988-ին ոտքի ելանք

Այդ դեպքում ինչո՞ւ 1988-ին ոտքի ելանք

Ինչո՞ւ 1988-ին սկիզբ առավ ղարաբաղյան շարժումը։ Հարց, որն ունի ակնհայտ պատասխան. կա՛մ պետք է սկսվեր Ղարաբաղի համար ազատագրական պայքար, կա՛մ պետք է Ղարաբաղը հայաթափվեր: Ընտրվեց առաջին ճանապարհը, որը ողջ աշխարհի հայության ուժերով պսակվեց հաջողությամբ, եւ Արցախն ազատագրվեց եւ հռչակվեց որպես անկախ հանրապետություն: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այսօր թշնամին բազմիցս հայտարարում է մեկ բան, անում ճիշտ հակառակը: Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը եւ ժողովրդի մի հատվածը հակված են նրան, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, եւ դա հիմնավորում են երկու երկրների միջեւ խաղաղության դարաշրջան հաստատվելու հանգամանքով։ Ինչը նշանակում է, որ Արցախը Հայաստանի կոկորդում մնացած ոսկոր էր, գլխացավանք, որից կազատվեն, եւ Հայաստանն ազատ շունչ կքաշի ու կզբաղվի միմիայն իր բարգավաճման խնդիրներով:

Այս պարագայում, բնական հարց է առաջանում. դե 1988թ. հենց այդ իրավիճակն էր, ինչո՞ւ սկսեցինք մեր սուրբ պայքարը, ինչո՞ւ տվեցինք տասնյակ հազարավոր զոհեր, ունեցանք վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ: Ինչ է, հայ ժողովուրդը չէ՞ր գիտակցում, որ գնաց այդ քայլին։ Տիեզերական ամոթ ցանկացած հայի, ով այսպես է մտածում։ Անտարբեր հայերին կարող եմ մի բան ասել. Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանին մեր ձեռքով օգնում ենք, որպեսզի լիովին հայաթափի Արցախը: Ավելորդ է նշել, որ Արցախի կորստից հետո վտանգ է կախվում Հայաստանի գլխին, պետականության գլխին, քանզի մեծ է ռիսկը, որ կկորցնենք նաեւ դրանք: Վերջին շանսն է, սթափվեք ու մտածեք, հայեր։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ