Փաշինյանն ասաց Ա-ն, պետք է ասվի նաեւ Բ-ն

Փաշինյանն ասաց Ա-ն, պետք է ասվի նաեւ Բ-ն

Նիկոլ Փաշինյանը վերջապես ասաց այն, ինչը գիտեին ՀՀ բոլոր ղեկավարները, բայց չէին ասում, որպեսզի կարողանան վայելեն իշխանության ընձեռած վայելքները: Գիտեին, որ ԽՍՀՄ հանրապետություններն աշխարհը որպես անկախ պետություններ է ճանաչել Սովետմիությունում նրանց ունեցած վարչական սահմաններով: Որովհետեւ չի ցանկացել խորանալ այն հարցում, թե ԽՍՀՄ տարածքում ինչպիսի պատմական անարդարություններ են տեղի ունեցել, որոնց պատճառով ստեղծվել են սահմանային դժգոհություններ: Դրանք, ի դեմս Ստալինի, ստեղծել էր ինքը՝ կայսրությունը, ժողովուրդներին գժտեցնելու եւ հնազանդության մեջ պահելու համար: Դա կայսրությունների սովորական գործելակերպն է: Հիշենք, օրինակ, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ եղած հակամարտությունը, որը մինչ օրս չի կարգավորվել: 

ՀՀ ղեկավարները գիտեին աշխարհի այդ պահանջի մասին թեկուզեւ այն պատճառով, որ այդ մասին նրանց, անկասկած, ասել են միջնորդները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում: Ավելին, ղարաբաղյան շարժումն սկսող առաջնորդները նույնպես գիտեին, որ Նիկիտա Խրուշչովից հետո չի եղել Սովետմիության որեւիցե ղեկավար, որն ի վիճակի կլիներ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից հանել եւ փոխանցել Հայաստանին: Գիտեին նաեւ այն, որ եթե չլիներ Բաքվի համաձայնությունը, դա անհնար էր անել: ԽՍՀՄ Սահմանադրությունը դա թույլատրում էր միայն երկկողմ համաձայնության դեպքում:  Իսկ Խրուշչովին, որն ունակ էր «համոզել» Բաքվին՝ ԼՂԻՄ-ը փոխանցել Հայաստանին, այդ մտադրությունից հետ է պահել… Անաստաս Միկոյանը: Այդպես էր ասում հայրս՝ Գեւորգ Էմինը, որը քաջատեղյակ մարդ էր: 

Խրուշչովը, հիշեցնենք, վերականգնել էր Հյուսիսային Կովկասի՝ Ստալինի կողմից վերացված ազգային ինքնավարությունները եւ հարազատ բնակավայրեր էր վերադարձրել դրանց աքսորված ժողովուրդներին: Հիշեցնենք նաեւ, որ Միկոյանն այն ժամանակ Խրուշչովի ամենամոտ զինակիցն էր եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահը: Նա բացատրել էր խիզախ որոշումներ կայացնելու ունակ Նիկիտա Սերգեեւիչին, որ վերջինս դրանով կբացի «պանդորայի արկղը»: Որովհետեւ Սովետմիության տարածքում Ղարաբաղի հարցին նմանվող տասնյակից ավելի այլ խնդիրներ կային:

Աշխարհի պետությունների, հատկապես մեծ տերությունների ղեկավարները միշտ էլ անբարյացակամ վերաբերմունք են ունեցել Լենինի եւ Ստալինի կողմից քարոզված ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ: Եվ դա հասկանալի է, որովհետեւ նրանք դա համարել են խառնակչություններ եւ սեպարատիզմ ներմուծելու համար հնարված գաղափար: Չէ՞ որ ազգերի քանակը շատ ավելի մեծ է պետությունների թվից: Եվ միշտ էլ հնարավոր է որեւիցե պետությունում ապրող ազգային փոքրամասնությանը հրահրել ապստամբության՝ ինքնորոշման իրավունքի դրոշի ներքո: 

Աշխարհի պետությունների ղեկավարների համար շատ ավելի հարազատ է սահմանների անխախտելիության գաղափարը: Ինչ վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտին, ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարն այնտեղ ներմուծվել է Սովետմիության պահանջով:
Ինչպես արդեն ասվեց, աշխարհի պետությունների ղեկավարները բարյացակամ վերաբերմունք չունեն Հելսինկյան եզրափակիչ ակտում նշված ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ եւ կողմնակից են սահմանների անխախտելիության սկզբունքին: ԽՍՀՄ հանրապետությունները նրանք ճանաչել են որպես անկախ պետություններ Սովետմիությունում նրանց ունեցած վարչական սահմաններով եւ չեն ցանկանում բարդացնել խնդիրն ու քննարկել Ստալինի կողմից կատարված պատմական անարդարությունների հարցը: Առավել եւս, որ այդպիսի բազմաթիվ հարցեր կան բուն Եվրոպայում, որոնք, ըստ Հելսինկյան եզրափակիչ ակտի, որոշվել է մոռացության մատնել:
Աշխարհի պետությունների ղեկավարները դեմ են սահմանների բռնի, ռազմական ուժով կատարվող փոփոխություններին: Եվ կատեգորիկ դեմ են ռազմական ագրեսիայի հետեւանքով երկրների օկուպացիային: Հատկապես, եթե այդ օկուպացիան եւ օկուպացված երկրի տարածքի բաժանումը կատարվել է խմբակային եղանակով՝ մի քանի պետությունների կողմից: Ընդ որում, ծանրացուցիչ հանգամանքի առկայությամբ՝ այդ պետությունների ղեկավարների միջեւ նախապես կայացված գործարքի արդյունքում:

Ղարաբաղի հարցը հենց դրանով է տարբերվում նախկին ԽՍՀՄ տարածքի մյուս հակամարտություններից, որ այն ծագել է ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի պատճառով, այլ հետեւանքն է Հայաստանի առաջին հանրապետության դեմ բոլշեւիկյան Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի եւ սովետական Ադրբեջանի կողմից իրականացված համատեղ ռազմական հարձակման եւ օկուպացիայի: 

Եվ ՀՀ ղեկավարները պետք է հետեւեն Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի խորհրդին. ցուցաբերեն խիզախություն, դառնան ինքնուրույն եւ, վերջապես, անվանեն իրերն իրենց անուններով:

Գրիգոր Էմին-Տերյան