Ձերբակալվածը «Տամոժնու Գագոն չէ»․․․

 Ձերբակալվածը  «Տամոժնու Գագոն չէ»․․․

 

Կարդում եմ օրվա լուրերի հիթը, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացնում ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավորներին պատկանող տներում, գրասենյակներում։

Վերջին շրջանում հանրությունը թմբիրից դուրս եկավ, շատ ակտիվացավ և արդեն զգում էր ցավը, իրականությունը։

Հանրությանը օդի պես անհրաժեշտ էր կրկին անզգայացում՝ նոր դեղամիջոցի միջոցով։ Այդ նոր դեղամիջոցը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է։

Տխուր է, բայց փաստ, որ դեղամիջոցը հանրության վրա չի ազդում։ Եթե բժիշկ լիներ,  այս պարագայում կհարցներ՝ դու ցավազրկող շա՞տ եք ընդունել։ Հանրությունն էլ կասեր՝  այո, տարիուկես է, օրական տասը հաբ օգտագործում եմ՝ տարբեր բաղադրություններով ու դոզայով։ Բժիշկն էլ կժպտա՝ ա՜յ դրա համար էլ չի օգնում։

Գաղտնիք չէ, որ ցավազրկող  ուժեղ դեղեր պարբերաբար օգտագործելով,  թույլը չի օգնի։ Մարդը կենտրոնանում է բուն ցավի վրա՝ եթե պիտի ժամանակավոր ցավազրկեն, ու ինքը արգելակումից հետո նորից պիտի զգա ցավը, ավելի լա՞վ չէ խորանալ ցավի բուն պատճառի մեջ ու վերջնական, եթե հնարավոր է, բուժել։ Հենց դա է պատճառը, որ հանրության վրա  նախկինի նման   չի ազդում նմանատիպ լուրերը, կոնկրետ՝ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարբեր անդրադարձումներով  ճառագայթումները։ Մարդիկ արձագանքում են անտարբեր, թերահավատությամբ։

Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ  թոփ եռյակի մեջ հնչեցնում էր Գագիկ Խաչատրյանի անունը՝ Սամվել Ալեքսանյանից հետո, փաստեր, տվյալներ հրապարակում։ Ուրեմն ի՞նչն էր խանգարում, որ տարիուկես է  չի իրականացվում՝ խուզարկություններ  նրա բնակարանում, առանձնատանը, ինչպես  նաեւ նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում եւ առանձնատներում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է․ «ԱԱԾ-ն պատվերով կամ ցանկություններով այս կամ այն անձին չի ձերբակալում, գործողություններ չի իրականացնում: Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, հավաքվել են ապացույցներ, մեր ունեցած ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել այսօրվա մեր գործողությունը»։ Ու քանի որ խոսքը, ինչպես ԱԱԾ տնօրենն է ասում «մեծ գումարների մասին է՝ տասնյակ-միլիոնավոր դոլարների մասին» այդ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ևս կարո՞ղ էր ինչ որ գործողություններ կատարել, չմանրամասնեմ․․․ Եթե տարիուկես է նա չի կարողացել «մաքրել բոլոր ոտնահետքերը», լքել երկիրը, ինչպես շատերը արեցին, ուրեմն ձերբակալվածը  «Տամոժնու Գագոն չէ»։ Ոչ թե կասկածում եմ, որ ձերբակալվածը Գագիկ Խաչատրյանն է, այլ նման «բազմափորձ մարդը», որի հետ դժվար է խաղալ, մեկուկես տարի իմանալով, որ իրեն հետապնդում են, դրված է թակարդը, չէր գա ու ընկնի թակարդը։ Ինչ որ բան չի համոզում։ Հակառակ վարկածի մասին մտածելն անգամ սարսափելի է, չնայած մարդիկ ամեն պահ բարձրաձայնում ու այս ամենը մեղմ ասած թատրոն են համարում։

Մնում է ենթադրել՝ այն աղմուկը, որ ստեղծվել է Գագիկ Խաչատրյանի շուրջ,  զուտ աղմու՛կն է առաջնային․․․ Տամոժնու Գագոն ու մնացած հետապնդվողները զուտ դեղամիջոց են իշխանության վարկանիշային աղյուսակում։ Առաջնայինն այլ բան է։