Երազ իմ երկիր

Երազ իմ երկիր

Անհեթեթություն՝ անհեթեթության հետեւից, սուտ՝ ստի հետեւից, խեղաթյուրված մտքեր, ապակողմնորոշող հայտարարություններ ինչքան ասես լսել ենք այս տարիներին։ Որքան կարողացել ենք, փորձել ենք հերքել, բացատրել, պարզաբանել։ Փորձել ենք խելացի մարդկանց, մասնագետների, այդ մանիպուլյացիաներն ընկալող մարդկանց շուրթերով ճշմարտությունը հասցնել ժողովրդին։ Բայց խողովակներն ու հնարավորությունները, ցավոք, համարժեք չեն՝ Հրանտ Բագրատյանին ու Արա Սահակյանին լսում է հասարակության 1-2 տոկոսը, Նիկոլ Փաշինյանին՝ 80-90 տոկոսը։

Նա ե՛ւ կառավարության նիստերի ամբիոնն է օգտագործում, ե՛ւ Ազգային ժողովի, իսկ օդ նետված կեղծ, սխալ, սուտ միտքը հետո սկսում են տիրաժավորել իր ուսապարկերն ու կառավարությանը ծառայող քաղհասարակություն կոչվածը։ Մարդկանց ուղեղները, իհարկե, այդքան հեշտ չէր լինի լվանալը, եթե նրանք հակված չլինեին այդ «կտերն» ուտել՝ դիմադրեին կեղծիքին, մանիպուլյացիաներին։ Կարողանային եւ ուզենային զատել սուտը ճշմարտությունից, փորձեին պարզել իրականությունը։ Բայց մարդկանց մի մեծ շերտ սիրով «կուլ է տալիս» ստերը, իսկ իշխանությունը հմտորեն նոր ստեր է նրան մատուցում եւ օգտվում հայերի հավաքական միամտությունից։

Հենց այդ ճանապարհով հյուսվեց մի քանի լեգենդ․ այս տարիների պարտությունների, կորուստների, ձախողումների մեղավորը նախկին իշխանություններն են։ Արցախը հանձնվել է ոչ թե պարտված պատերազմի պատճառով, այլ 20-30 տարի առաջ՝ Մադրիդյան սկզբունքների, Ալմա-Աթայի համաձայնագրի արդյունքում։ Գորիս-Կապան մայրուղին, Սեւ լիճը հանձնվել են ոչ թե այս իշխանության ապաշնորհության, այլ 2010 թվականի վարչատարածքային բաժանման օրենքի արդյունքում։ Մնում է ասեն՝ դուք դեռ Սովետական Միության քաղաքացիներ եք, եւ այս 30 տարին երազ է եղել։