Ինչու՞ են կողոպտել մեծ դերասանին

Ինչու՞ են կողոպտել մեծ դերասանին

Զրույցներից մեկի ժամանակ Ռաֆայել Քոթանջանն ասել է՝ «Առողջությանս անկումը կապված էր հարազատ մարդկանց կորստի հետ»։ Իրոք, ծանր բան է հարազատ մարդկանց կորուստը, բայց ավելի ծանր բան էլ կա երբ նույնը կատարվում է հասարակական կյանքում՝ քո աչքի առաջ։ Տեսնում ես, որ մոռացվում են իրական արժեքները, ասես չեն էլ եղել։

Այսօր մեր Մեծերից մեր կողքին է Ռաֆայել Քոթանջյանը։ Ո՞վ է նա,- կհարցնեն մեր երիտասարդներից շատերը։ Սա կորու՞ստ չէ, ազգային արժեքներից հեռանա՞լ չէ, երբ Մեծերին չեն ճանաչում։ Պետությունն այստեղ անելիք չունի՞․․․

Վերջերս, երբ նրան գետնանցուցում կողոպտել էին, մտածեցի, որ երևի չեն էլ ճանաչել։ Մտածեցի, հետո ամաչեցի նման բան մտածելու համար։

Այսօր անտարբեր չկարողացա անցնել այս գրառման կողքով, որի մեջ ցավ կա ու պատասխան, թե ինչու են անամոթաբար հենց մեր Ռաֆայել Քոթանջյանին թալանել։   

Sona Aghekyan

Ամիսներ առաջ երթուղայինում հանդիպեցի Ռաֆայել Քոթանջյանին, հետաքրքրությունից դրդված մի պահ սպասեցի, թե արդյոք ուղևորները ճանաչել են, ցավոք, ոչ ոք նստատեղից չբարձրացավ, չնկատեցին։ Եթե չճանաչեցին, որ սիրված դերասանն է ձեռնափայտով հենված կիսածալված կիսականգնել գազելի դռան մոտ, գոնե հասկանային, որ  տարիքով մարդ է, ում կարելի էր զիջել նստատեղը։ Դե, բնականաբար տեղս զիջեցի, անչափ զգացվեց, կարելի է ասել հուզվեց, երբ ասացի, որ Ձեր երկրպագուն եմ, տեղավորվեց և ձեռնափայտն էլ էնպես պահեց, որ որևէ մեկին չխանգարի. Իր լռության մեջ անգամ մեծ խորհուրդ կար, որն անկարող եմ փոխանցել, զգալ էր պետք...
Այդ մի քանի րոպեների ընթացքում մտածում էի, թե մարդիկ ինչքան են տարված իրենց առօրյա խնդիրներով, որ մեր տաղանդավոր դերասանին չեն ճանաչում, հարգանքի նշույլ անգամ չեն ցուցաբերում, բաց են թողնում բացառիկ հնարավորությունը՝ մոտիկից տեսնելու Ռաֆայել Քոթանջյանին: Միգուցե մեղավորը մենք ենք, կամ հենց մեր սիրելի դերասանը, որ, սերիալներում չի նկարվել, ու աճող սերունդն արդեն չի ճանաչում մեր մեծերին, դե, եթե չենք ճանաչում, ոչինչ չենք անում արժեքավորը գնահատելու, ուրեմն, եկեք չզարմանանք, որ անամոթաբար հենց մեր Ռաֆայել Քոթանջյանին են թալանել...

Հետևություն անելու ժամանակն է...

ՀԳ Տխուր է։ Առավել քան տխուր, երբ կողոպտիչն իմանալով, թե ում դրամապանակն է գողացել, փորձ չի անում այն մեծ դերասանին վերադարձնել։ Շատ բաներ ենք անդարձ կորցնում ու լուռ ենք։