Հայաստանից՝ Հայաստան

Հայաստանից՝  Հայաստան

«Միրգը վերցրեք ձեզ հետ, ճանապարհին կուտեք»,-խոշոր սալորները ափերիս մեջ է փորձում «տեղավորել» Անժելա Գրիգորյանը՝ Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի ֆոնդապահը՝ թանգարանի հիմնադիր Քաջիկ Գրիգորյանի այրին: Ես նստել եմ Բակունցի տուն-թանգարանի այգում. տիկին Անժելան քաղում է սալորները, լվանում և հյուրասիրում մեզ՝ Երևան-Տաթև-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Վարդենիս ուղղությամբ ճանապարհորդող իմ ընտանիքին: Ես նստել եմ այգու սեղանաձև կոճղի մոտ և Բակունցի այգու մրգերը ճաշակում եմ որպես երկնային մանանա: Քիչ այն կողմ, մետաղե ցանցածածկի ներսում, միրհավն անվրդով ետուառաջ է անում, որ այգու զարդն է դարձել Բակունցի պատմվածքի շնորհիվ: «Իսկ ալպիական մանուշակ չկա՞ այգում»-կես-կատակ հարցնում եմ տիկ. Անժելային: Նա ներողամիտ ժպտում է, իսկ ես հայացքով ալպիական մանուշակ եմ որոնում՝ «ցողունը՝ կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը՝ ծիրանի գույն»: Այգու ծառերի ճյուղերը շարժվում են, ես կորցնում եմ իրականության և երևութականի սահմանը, և ինձ թվում է, որ Ակսել Բակունցի ոտնաձայնն եմ լսում: 
    Գորիսում ես Բակունցին էի որոնում ամենուր. Կյորեսի հնադարյա քարայրներում շրջելիս, սարերի գլխին տիրաբար բազմած ամպերին նայելիս, նրա անվան փողոցում քայլելիս, Վարարկնի ձայնը լսելիս, որը ես մտովի վերանվանել էի Բասուտա գետ:

    Բակունցի տուն-թանգարանի այգին խնամքով մշակված է, հաստաբուն ծառից հատած բնին Արթին պապու դեմքն է քանդակվել: Այն Արթին պապի, որը նամակ գրեց ռուսաց թագավորին՝ կրակը գցելով թե՛ իրեն, թե՛ մի ամբողջ ժողովրդի, որը ռուսաց թագավորին նամակներ գրելով քաղաքականություն է կերտում արդեն 200 տարի:
    Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1968թ. այն տանը, որտեղ 1899թ. ծնվել և մեծացել է հայ մեծանուն արձակագիրը: Թանգարանի ցուցանմուշներում Բակունցի ձեռագրերն են և անձնական իրերը՝ գրասեղանը, թանաքամանը, սրճաղացը, մոր գործած կարպետները, ընտանեկան լուսանկարները, գյուղատանտեսական իրերը, հացատունը՝ պղնձե ամանեղով: 


    Ես եղել եմ աշխարհահռչակ գրեթե բոլոր թանգարաններում և մեծ թվով հռչակավոր մարդկանց տուն-թանգարաններում, տեսել եմ պետության կամ նվիրատուների հոգածությունը և աշխատակիցների հպարտությունը, բայց Բակունցի տուն-թանգարանի հանդեպ աշխատակիցների այս գուգուրանքը սիրտս լցնում է երախտագիտությամբ: Ձեռքս աննկատ հպում եմ Բակունցի տան դռանը, պատերին, տան դիմացի այն ծառին, որը Բակունցն ինքն է տնկել: Բակունցի ստեղծագործությունները տող առ տող, հերոս առ հերոս արթնանում են մեջս: 

    37-ի խորհրդային քաղաքական հրկիզումներով անցած Բակունցի եղբայրները տունը վաճառում են, իսկ 1967-ին, Բակունցի 90-ամյա հոբելյանին ընդառաջ, այն հետ է գնում խորհրդային Հայաստանի ղեկավարությունը: Արդահանի, Սարդարապատի ճակատամարտերին մասնակցած հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցը գնդակահարվել է 1937թ., ըստ որոշ տեղեկությունների՝ Երևանի Զանգվի ձորում:
   Այս տարի հունիսի 13-ին լրացավ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Հոբելյան, որի մասին Նոր Հայաստանի պետությունը մոռացել է:  
     Գորիսը քաղաքային մշակույթն ամբողջությամբ պահպանած Հայաստանի թերևս միակ քաղաքն է՝ համակեցության, հագուկապի, փոխհարաբերությունների, մաքուր փողոցների, տների՝ թեպետ պակասող կարմիր տանիքներով, բայց քաղաքի ճարտարապետական դեմքը հիմնականում պահպանած: Մինչդեռ Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի քաղաքային մշակույթը վերջնականապես կորսվել է՝ վերածվելով կոշտ և անհեթեթ բարքերով, խայտաբղետ արժեքներով և բնակիչներով, աղբակույտերով և աղմուկով լեցուն գավառական մեգապոլիսի:
    Մինչև Գորիսի դարպասներին հասնելը՝ մեր ավտոմեքենան բարձրանում է Տաթևի ամեհի ձորերում և սյունաց լեռներում ծվարած ճանապարհով: Տաթևի վանքի բարձունքից նայելիս հայկական բնաշխարհը բացվում է իր ողջ զմայլանքով և ահարկությամբ, բացվում է, ինչպես դասագրքի ծանոթ էջը, որը թեպետ անգիր գիտես, սակայն ուզում ես վերընթերցել և վերապատմել այլոց: Տաթևի վանքի մոտ օտարերկրացի և հայ զբոսաշրջիկներ են խռնվել, որոնց բոլորի հայացքը նույնն է: Սա Հայաստանն է, ուր անքննելի են Բնության ու Աստծո գործերը: Զբոսաշրջիկները ներքև են իջնում ճոպանուղով, մենք՝ ավտոմեքենայով, որի պատուհանից նայելիս ճանապարհի մեծաթիվ կեռմանները դառնում են քեզ երկրի և երկնքի հետ կապող բետոնե պարան: 

    Ղարաբաղի սահմանակետին մեզ հարցնում են՝ ձեր անձնագրերը հայկակա՞ն են, և մենք շարունակում ենք մեր ուղևորությունը Հայաստանից՝ Հայաստան: 
   Աշխարհագրությամբ, հայկականությամբ, բնակչությամբ, պատմականությամբ սա նույն երկիրն է, նույն պետությունը: 
   Վերջին երեսուն տարիների ընթացքում մենք Ղարաբաղի մասին խոսում ենք որպես պատերազմի և խաղաղության երկրի, որպես հակամարտության կողմի և մոռանում ենք ամենակարևորի՝ Ղարաբաղի և ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին, ինչը բանակցությունների, պատերազմի, խաղաղության այս բոլոր տարիներին այդպես էլ չդարձավ պետական քաղաքական օրակարգի հարց, ծրագիր, նպատակ: Մինչդեռ ցանկացած դիվանագիտական ձեռքբերում, հաղթական ճակատամարտ արժևորվում է   Ղարաբաղի վերաբնակեցման դեպքում միայն: 
    Բերձորով Շուշի տանող ճանապարհին շարունակվում է հայկական բնաշխարհը՝ նոր շքեղությամբ: Շուշվա բարձունքից Ղարաբաղին  նայելիս  կարող ես լսել ղարաբաղյան բոլոր պատերազմներում զոհվածների լռությունը, արժանապատիվ խաղաղության զանգերը, հեռու ու մոտ պատերազմի աղմուկը և  սեփական սրտիդ ուժգին զարկերը: Շուշվա բարձունքից Ղարաբաղին նայելիս ուզում ես ջնջել անցյալ ու ներկա բոլոր բանակցությունների հիմքերը, քանի որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը մեկ հիմք ունի՝ ազատագրված հայրենիքի պահպանումը, վերաբնակեցումը, միավորումը  և սերնդեսերունդ փոխանցումը: 
    Մենք իջնում ենք Ստեփանակերտ: Ղարաբաղի մայրաքաղաքի մաքուր, խնամված փողոցները վկայում են, որ արյամբ պահպանվածի արժեքը Ղարաբաղում լավ գիտեն: 
     «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ լուսանկարվելու հայկական անկանոն հերթ է, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները միամտաբար սպասում են իրենց հերթին:

 

    Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն մտնում ենք մայրամուտի հետ:  Այստեղ են հանգչում ղարաբաղյան առաջին պատերազմի զոհերը:  Նրանք թաղված են իրենց մահվան տարեթվերի հերթականությամբ: Ես կանգնում եմ 1994-ին զոհված տղաների շիրիմների շարքում՝ նրանք 20-25-35 տարեկան են: Դուստրս՝ Սոսեն, լուռ արտասվում է: «Քո ծննդյան տարին են զոհվել»,-ցածրաձայն ասում եմ նրան: Ես հիշում եմ լրագրողական իմ առաջին այցը պատերազմող Ղարաբաղ՝ 1993թ. օգոստոսին, ապա հիշում եմ դստերս ծննդյան օրը՝ 1994թ. դեկտեմբերի 17-ի ձյունառատ երեկոն, երբ նավթավառի ծխի մեջ կորած երևանյան հիվանդանոցում դստերս ծննդյան պահին էլեկտրաէներգիան անջատվեց, ու ես միացրեցի հետս վերցրած լապտերը: Այդ լապտերը ես մինչև հիմա պահում եմ որպես նոր ծնվող հանրապետության մասունք: 
     Ամառային տաք երեկոն լցվում է մեր հիշողություններով. ամուսինս դստերս պատմում է ղարաբաղյան Շարժման մասին, ես՝ «Աղդամի պոլկի» տղաների, որոնց հետ պատերազմի մի ամբողջ շաբաթ անցկացրեցի հեռավոր 1993-ին: Դուստրս մեծացել է Շարժման մասին մեր հիշողությունների և արժեքների մթնոլորտում, նա այդ ամենը լավ գիտե, բայց մենք շարունակում ենք պատմել: Դուստրս ասում է, որ Ղարաբաղն իր համար նույն Հայաստանն է, և իր զգացողություններն նույնն են, ինչ Հայաստանի դեպքում. սա մեկ պետությունն է և մեր երկիրը: 
    Ստեփանակերտից՝ Գանձասար, Գանձասարից՝ Դադիվանք տանող ճանապարհները հպարտության, հիացմունքի և խոստովանանքի ճանապարհներ են: Ես նայում եմ ազատագրված հայկական լեռներին ու անտառներին, զրուցում ղարաբաղցիների հետ ու մտածում, որ ոչ մի միջազգային բանակցող այդպես էլ չհասկացավ Ղարաբաղի  իրական արժեքն ու նշանակությունը հայ ժողովրդի բոլոր սերուդների համար: 


    Գիտությունն անզոր է բացատրել, թե ինչու է Երևանում ծնված, վանեցի ծնողներիս և պապերիս արյունը կրող իմ սիրտն այդպես ճախրում Ղարաբաղի սարերում: Գիտությունն անզոր է բացատրել, թե ինչու երևանցու ու վանեցու իմ սիրտը դուրս թռչում Քարվաճառի ժայռակերտ ճանապարհին և թառում ամենաբարձր ժայռի գագաթին: Քաղաքականությունն անզոր է բացատրել, թե ինչու քաղաքականության և լրագրության մեջ հաճախ անողոք իմ սիրտն ու միտքը կծկվում են, երբ Կիչանի անտառների մոտ կարդում եմ նախազգուշացնող գրառումը՝ «Կա՛նգ առ: Անտառն ականապտված է»: 
    Ո՛չ նորին մեծություն Գիտությունը, ո՛չ անողոք Քաղաքականությունն ու Լրագրությունը չեն կարող վայր բերել լեռներում հանգրվանած իմ սիրտը: 
     Քարվաճառի ժայռակերտ ճանապարհով մենք բարձրանում ենք Վարդենիսի երկնասլաց սարերը: Մենք վերադառնում են Երևան՝ ազատագրված Ղարաբաղից:
    Մենք վերադառնում ենք Հայաստանից՝ Հայաստան: