Կոլերովի վկաները

Կոլերովի վկաները

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան գրառում է արել եւ տեղեկացրել, որ զրույց է ունեցել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի մի ուսանողի հետ, ով պատմել է Regnum-ի գլխավոր խմբագիր Կոլերովի եւ մեկնաբան Տարասովի «դասախոսության» մանրամասներից: Պարզվում է, Կոլերովը եւ Տարասովը խոսել են արցախահայության «յուրահատկությունց» եւ զարգացրել այն միտքը, որ Արցախը չպետք է միավորվի Հայաստանի հետ, այլ դառնա Ռուսաստանի հովանու ներքո առանձին ռազմաքաղաքական սուբյեկտ:

Քաղաքական որոշ շրջանակների համար Կոլերովը, Տարասովը եւ նույն կարգի մի քանի այլ ռուսաստանցի «անկախ փորձագետներ» Արցախում պահանջված անձինք են, որ երբեմն արժանանում են նաեւ պետական բարձր մակարդակի ուշադրության: Այս իմաստով Քանանյանի նշած իրողությունը, սակայն, առանձնանում է, որովհետեւ խոսքը համալսարանական երիտասարդության հետ հանդիպման մասին է:

Ընդ որում, մի համալսարանի, որի ռեկտորն Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ է: Իսկ այդ կուսակցության առաջնորդը գլխավորում է Արցախի Ազգային ժողովը եւ վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է եկող տարի առաջադրվել ԱՀ նախագահի թեկնածու: Ստացվում է, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանը, հարթակ ստեղծելով Կոլերովի եւ Տարասովի համար, ուսանողությանը ներշնչում է մի բան` Արցախը եղել է, կա եւ պիտի լինի Ռուսաստանի հետ, նրա հովանու ներքո: Ոչինչ, որ մի անգամ այդ կույր նվիրվածությունն է պատճառ հանդիսացել, որպեսզի բոլշեւիկյան Ռուսաստանն առանց մի կրակոցի նվաճի Արցախը եւ հետո այն նվիրի Ադրբեջանին:

Ոչինչ, որ ռուսական զորքերն են «Կոլցո» ռազմագործողություն իրականացրել Արցախում, իսկ մեկ տարի անց նրանից խլել եւ Ադրբեջանին նվիրել Շահումյանի շրջանը: Ոչինչ, որ Ռուսաստանն է հիմնականում սպառազինում Ադրբեջանին, եւ ապրիլյան պատերազմի հետքերն ուր են տանում` դեռ հարկ կլինի պարզել: Կոլերովի ստեփանակերտյան վկաների համար այս ակնհայտ փաստերը ոչինչ չեն ասում: Նրանք նաեւ չտեսնելու են տալիս, թե ինչ թույնով է Կոլերովը խոսում Հայաստանի նոր իշխանության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Իսկ գուցե հենց ա՞յս հողի վրա են միավորվել նրանց շահերը: Երեւույթը խոր մտահոգության տեղիք պիտի տա առողջ քաղաքական ուժերին: